Հայաստան, երկիր դրախտավայր

«Արի տուն» ծրագրի արդեն պատմություն դարձած փուլերն ու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը հրաշալի առիթներ եղան, որպեսզի մեր աչքերով ու սփյուռքահայ մեր պարմանիների ու պարմանուհիների զգացողություններով նայենք մեր երկրին, մեր հնամենի ու նոր Հայաստանին ու մեզ բոլորիս համար հայտնաբերենք մի նոր ու զգացական Հայաստան, հույզերով լեցուն, միայն գեղատեսիլ պատկերներով հագեցած Հայաստան, որը մեր ամենօրյա վազքի ու զբաղվածության մեջ անէանում է, կարծես մթագնում: Իսկ մեր հայրենակիցները կարծես բացեցին մեր աչքերը, պարտադրեցին տեսնել իրենց երազների Հայաստանը, որը մերն է, մեր պատմության ու իրականության սահմանները գծող, մեզ ուժ ու կորով տվող, մեզ դեպի ոգորումներն ու սավառնումները տանող… Մեր Հայաստանը, որը կարոտում ենք, երբ հեռվում ենք, օտար ափերում, օտար բնապատկերների մեջ, որը սիրում ենք, երբ գինովցած ենք մի քիչ ու մեր շուրթերից Թումանյանի ու Իսահակյանի, Չարենցի ու Շիրազի բանաստեղծություններն են կախվում, որոնք փափկացնում են մեր սրտերը, որոնք մեզ կտրում են առօրյայից ու տանում երազային մի աշխարհ, գույների ու տրամադրությունների աշխարհ, պատմության փոթորկումների վրա նիրհած աշխարհ… Հայաստան աշխարհ, որը մի ափ է քարտեզի վրա, իսկ մեր սրտերում անսահման է, մեծ է, մի մեծ ծավալում է…
Ու այդ ժամանակ հպարտ ու անսասան՝ մեր ունկերում մեր ուժի ու ամրության, մեր հաղթության ու հիացումի երգերն են հնչում: Հայաստան, երկիր դրախտավայր… Երբոր բացվին դռներն հուսո… Ես իմ անուշ Հայաստանի… Ի բյուր ձայնից… Դրանց արանքում ու կողքին մեր տառապանքի երգերն են, մեր ցավի մրմունջներն են, Զարթիր լաոն ու Կարկուտ տեղացն է… Կոտորածն անգութն է… Դրանք մեր աչքերից արցունքներ են քամում, ճմլում են մեր սրտերը, բայց արցունքի ու ցավի միջից մենք տեսնում ենք այն Հայաստանը, որը դրախտավայր է, քաջանց տուն է ու քաջանց օրրան…
Մեր պատանիներն ու աղջիկները մեզ տարան դեպի այս ամենն ու իրենց սրտերում էլ կրակներ վառեցին, նրանք միագումարեցին երազանքն ու իրականությունը, իրենց երազների Հայաստանը բաղդատեցին իրական ու տեսանելի Հայաստանի հետ ու հասկացան, որ Հայաստանը առասպել չէ լոկ, այլ կենդանի շունչ է, ներկայություն է, դեպի ապագա միտված հող է, որն օրավուր հզորանում է այն ջերմությամբ ու սիրով, որն այստեղ են բերում մեր հայրենակիցները, բոլոր նրանք, ովքեր տուն են գալիս ու թնդացնում տան պատերն իրենց երգով ու պարով…
Ուրեմն, նրանց հետ ու նրանց միջոցով ամեն բացվող օրվա հետ նայենք մեր երկրին, Արարատին, նայենք մեր մարդկանց, ժպտանք ու ասենք.
Հայաստան, երկիր դրախտավայր…
Լևոն Մութաֆյան