Օր 9-րդ. Կոտայքի մարզը նույնպես միացավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ճախրեց նաև Կոտայքի մարզում՝ քաղաքը լցնելով սփյուռքից ժամանած մեր երիտասարդ հայրենակիցների խինդ ու ծիծաղով, մարդկային անկեղծ ու ջերմ շփումներով: Փառատոնի մասնակիցներն այս օրերի ընթացքում ելույթներից հետո բնավ չէին կորցրել իրենց առույգությունը. առանց որևէ հոգնածության նշույլների՝ մինչև Կոտայքի մարզ հասնելը բարձր տրամադրությամբ ողջ ճանապարհին կատակում էին միմյանց հետ, ծիծաղում, նույնիսկ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին երգ էին հորինել, որն էլ  խմբով երգում էին:

  Առաջին կանգառը Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում էր: Մտնելով եկեղեցի՝ բոլորը միանգամից համակվեցին այնտեղ տիրող անբացատրելի հոգևոր զգացումով, ամեն մեկն իր տեղը գտավ եկեղեցու անկյունում և կարծես առանձնացան իրենք իրենց հետ, իրենց մտքերի, առ Աստված առաքված աղոթքների հետ: Լռություն էր տիրում Սբ. Հովհաննես եկեղեցում: Թերևս պատճառներից մեկն էլ այնտեղ անընդմեջ հնչող Լուսինե Զաքարյանի հոգեթով, սիրտ քամող հոգևոր երգերն էին: Այսպիսի խաղաղ հոգեվիճակով պարուրված՝ նրանք քայլերն ուղղեցին դեպի Աբովյանի մշակույթի պալատ, որտեղ ելույթ էին ունենալու Մոսկվայի «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նոյյան», Ախալքալաքի «Վաչիան», Մայկոպի «Նաիրի» պարախմբերը: Համերգային ծրագրի սկսվելուն պես հանդիսավարները սփյուռքից ժամանած փառատոնի մասնակիցներին փոխանցեցին Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Փառատոնի սիրելի´ մասնակիցներ, իբրև հայ մշակույթի կրողներ՝ դուք մի փոքրիկ Հայաստան եք աշխարհի բոլոր մայրաքաղաքներում: Ձեր առաքելությունը անգնահատելի է Սփյուռքում հայկական մշակույթի պահպանման և ազգը ճանաչելի դարձնելու գործում: Ես համոզված եմ, որ արվեստի նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքով, սփյուռքում ազգային նկարագիրը պահպանելու ձգտումով` նպաստում եք ցանկացած պետության մշակութային բազմազանության հարստացմանը: Աբովյան քաղաքը, որը հայտնի է սփյուռքահայերի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքով, ուրախ է ձեզ հյուրընկալելու համար, շարունակե´ք հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված ձեր առաքելությունը»:

Պարախմբերին ողջունելուց անմասն չմնացին քաղաքի տաղանդավոր երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց գեղեցիկ կատարումները նվիրեցին նրանց: Հանդիսատեսի շարքում էր նաև Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը: Ուրախ մթնոլորտում տեղի ունեցած համերգը Կոտայքի մարզում նույնպես իր տրամաբանական ավարտն ունեցավ: Համերգի ավարտից հետո բնակիչները մոտեցան պարողներին, գոհունակության, ողջույնի խոսքեր ասացին և լուսանկարվեցին նրանց հետ: Աբովյանի քաղաքապետարանը պարախմբերին անակնկալ էր պատրաստել. նրանց արտոնվեց անվճար օգտվել քաղաքային զբոսայգու կարուսելներից:

 Համերգային ելույթներից հետո սա նրանց համար լիցքաթափման լավագույն միջոցը դարձավ: Անակնկալը վայելելուց հետո ճանապարհ ընկան դեպի  Երևան: Առջևում մեր երիտասարդներին մնում է միայն մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստ օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությանը:

 Այս ամենից հետո նրանք  նորից կվերադառնան օտար ափեր՝ հոգում տանելով այն վառ ապրումներն ու հիշողությունները, որոնք հասցրեցին ունենալ իրենց  Հայաստանից, կշարունակեն հայրենիքից ուժ առած՝ ավյունով ու եռանդով աշխատել՝ նորից Հայաստան աշխարհի գիրկն ընկնելու և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու նախապայմանով…

                                                                                                                         Գևորգ  Չիչյան 

unnamed (16) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14) unnamed (15)

Scroll Up