Օր 8-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցների այցը Շուշի

«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցների արցախյան վերջին կանգառը Շուշիում էր:

Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչիան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերը այցելեցին Շուշիի մայր տաճար՝ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի:

Պարախմբերը, հիացած եկեղեցու գեղեցիկ ճարտարապետությամբ, մոմ վառեցին, լուսանկարվեցին և բացահայտեցին մի զարմանահրաշ երևույթ, որը, թերևս, ամենատպավորիչն էր նրանց համար:

Արարատ սարկավագի ուղեկցությամբ նրանք մտան եկեղեցու նկուղային սենյակներից մեկը՝ խոստովանության սենյակ, որը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ճարտարապետական հորինվածքի շնորհիվ շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ ունի: Կանգնում ես կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, և ձայնիդ արձագանքը լսում ես սեփական ականջներում անհամեմատ ավելի բարձր: Աստվածային հրաշքից զարմացած՝ մասնակիցները սկզբում կարկամած այս կամ այն բառն էին արտասանում: Բայց հետո շատ ինքնաբուխ սփյուռքահայ երիտասարդների շուրթերից սկսեց հնչել «Տեր ողորմյան», «Հայրապետական մաղթանքը»… Երկար ժամանակ եկեղեցու կամարների տակ արձագանքում էին հոգևոր երգերի ելևէջները, և Ղազանչեցոց եկեղեցուց  առ երկինք էր բարձրանում ոչ միայն վառվող մոմերի հուրը, այլև՝ մասնակիցների երգն ու աղոթքը՝ շաղախված կարոտով ու արցունքով:

Ղազանչեցոց եկեղեցին, խոստովանության սենյակը, օդում տարածված խորհրդավոր երգը հանգրվան գտան մասնակիցների հոգիներում և դարձան մի գեղեցիկ հուշ՝ արցախյան գեղեցիկ օրերի ալբոմում…

Լուսինե Աբրահամյան, Շուշի

unnamed (1) unnamed (2) unnamed

Scroll Up