Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցումը ցեղասպանությունների մերժման եւ դատապարտման յուրահատուկ ձեւ է

Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարանների բացումը պետք է լինի պետության օրակարգային խնդիրներից մեկն ու առաջիկա տասնամյակի ռազմավարությունը: Տեսակետը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանն ասաց, որ նման հաստատություները պարտադիր են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ միջազգային հանրության համար:

«Հաջորդ տասնամյակում աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարանների բացումը պետք է լինի առաջնային եւ նախընտրելի ռազմավարական ուղղություն»,-ասաց Դեմոյանը` հավելելով, որ նմանատիպ թանգարանների գլխավոր նպատակը լինելու է բարձրացնել իրազեկվածությունը հասարակության շրջանում:  «Նաեւ դաստիարակիչ առաքելություն կունենա հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ թանգարաններ այցելությունը կլինի նաեւ դպրոցականների ծրագրում եւ կունենա մեծ դերակատարում ոչ միայն ցեղասպանությունների մասին իրազեկման, այլեւ դրանց մերժման եւ դատապարտման գործում»,- ասաց Դեմոյանը:

Նմանատիպ թանգարաններից մեկի կառուցումն էլ կսկսվի մոտ օրերս Բուենոս Այրեսում: Բուենոս Այրեսի քաղաքապետարանն արդեն պաշտոնապես հայտարարել է տարածքի տրամադրման մասին: Թանգարանի հիմնարկեքի արարողությանը հնարավոր է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Բուենոս Այրեսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետայի գնահատմամբ, Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը երաշխավորության մի տեսակ է, որ մարդկությունը այլեւ չի դիմի ցեղասպանությունների, ինչպես եղավ 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armena-ն, ըստ Լարետայի՝ սա նաեւ ցեղասպանությունների մերժման եւ դատապարտման յուրահատուկ ձեւ է, որով պետք է աշխարհին ստիպել ճանաչել կատարված բոլոր ցեղասպանություններն ու պատժել իրականացնողներին: Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխի խոսքով` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր, որի չդապարատումը հիմք դրեց հետագա ոճրագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը: «Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդան եւ մնացած բոլոր ցեղասպանությունները հիմնված են եղել դաժանության եւ ատելության վրա: Մարդկության դեմ հանցանք հնարավոր է իրականացնել միայն ատելության եւ չարության միջոցով: Մենք պետք է պայքարենք այդ ատելության դեմ:

Ցեղասպանության փաստերի ընդունումը թույլ կտա ապագայում խուսափել նման ոճրագործություններից եւ մեր հայացքն ուղղել դեպի լավ գործերն ու ավելի հանդուրժող հասարակություններ»,- ասել է Ավրուխը` հավելելով, որ Հայոց ցեղսապանության թանգարանն արգենտինացի հասարակության մի մասն էլ է եւ պատկանում է ոչ միայն հայ, այլեւ արգենտինացի ժողովրդին:

Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը հատկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին, որը ղեկավարում են պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանն ու ճարտարապետ Խուան Կառլոս Թուֆեկսյանը։ Կառուցվելիք թանգարանը կլինի եռահարկ. թանգարանի ներքնահարկում կցուցադրվեն Ցեղասպանությունից փրկվածների վկայություններ։ Առաջին հարկում լինելու է Ցեղասպանության թանգարանը, որի ցուցանմուշները հավաքվել են վերջին 40 տարվա ընթացքում, իսկ երկրորդ հարկը նվիրված է լինելու Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությանն ու արդի ցուցահանդեսներին։ Երրորդ հարկում կգործի գրադարան։

Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանի գնահատմամբ, տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թանգարանների բացումը լավագույն զենքն է ընդդեմ թուրքական եւ ադրբեջանական հակահայ քաղաքականության եւ ժխտողականությանը: «Թող փաստերը խոսեն, լուսանկարները, ականատեսներն ու վկայությունները, որոնք պատմում են 100 տարի առաջ տեղի ունեցած ոճիրի մասին»,- հայտարարել է նա:

Հասմիկ Հարությունյան

armenpress.am

Scroll Up