«Իմ Հայաստան».«Առաջին անգամ ենք ելույթ ունենում Հայաստանում».Մելանյա և Կասանդրա Պողոսյաններ

Մելանյա և Կասանդրա Պողոսյանները ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական  փառատոնին մասնակցելու են եկել ՌԴ Տվեր քաղաքից: Քույրերը արդեն երեք տարի է, ինչ հաճախում են Տվերի  «Կռունկ» պարային անսամբլ: Նրանք շատ են սիրում հայկական-ժողովրդական պարերը, և իմանալով, որ Տվերում նման անսամբլ է գործում, որոշել են այցելել և հմտանալ հայկական պարերի ուղղությամբ: Ճիշտ է, երեք տարի են դեռ հաճախում «Կռունկ» անսամբլ, բայց հասցրել են մի շարք համերգային շրջագայություններ ունենալ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում:

Նրանք ասում են, որ ամեն տարի ամռանը գալիս են Հայաստանում արձակուրդն անցկացնելու, սակայն այս տարվա ամառը յուրահատուկ դարձավ իրենց համար, քանի որ բախտ վիճակվեց մասնակցել «Իմ Հայաստան» փառատոնին: Փառատոնային օրերին միշտ լավ տրամադրություն են ունեցել և հաճելի ժամանակ անցկացրել: Նույնիսկ հասցրել են լավ ընկերներ ձեռք բերել, որոնց հետ իրենց ազատ ժամանակն են անցկացնում և միմյանց պարային շարժումներ սովորեցնում: Միայն մի փոքր հուզված են, քանի որ Հայաստանում առաջին անգամ են ելույթ ունենում, բայց հավաստում են, որ Հայրենիքում հրաշալի կպարեն, քանի որ ոգևորությունը մեծ է:

                                                                                                      

Գևորգ   Չիչյան 

Scroll Up