ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց Արթուր Նազարյանին

Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Արթուր Նազարյանին պարգևատրեց «Պողոս Նուբար» մեդալով:

Արթուր Նազարյանը ծնվել է Բեյրութում 1953 թվականին, նախնական կրթությունը ստացել է Բեյրութի ՀԲԸՄ «Երվանդ Դեմիրճեան» դպրոցում, այնուհետև՝ Բեյրութի միջազգային քոլեջում: 1973թ.-ին ավարտել է ԱՄՆ «Ֆիլադելֆիա» համալսարանի Տեքստիլի և գիտության ֆակուլտետը՝ ստանալով տեքստիլի ճարտարագետի մասնագիտություն: Արթուր Նազարյանը 1998-2000թթ եղել է Լիբանանի նախկին վարչապետ Սելիմ Հըսի կառավարությունում, վարել է Զբոսաշրջության և կենսոլորտի նախարարի պաշտոնը: 2009 թվականից Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է. առաջադրվել է «8 մարտ» քաղաքական խմբակցության կողմից: 2014 թվականի փետրվարից  վարչապետ Թամամ Սալամի ձևավորած կառավարության կազմում ստանձնել է Էներգետիկայի և ջրային պաշարների նախարարի պաշտոնը՝ շարունակելով մնալ նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր: Արթուր  Նազարյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության անդամ է: Վաղ տարիքից  անդամակցում է ՀԲԸՄ-ին:  Արթուր և Լևոն Նազարյան եղբայրների հովանավորությամբ վերանորոգվել է Բեյրութի  Սբ. Նշան եկեղեցու սրահը՝ ի հավերժացումն իրենց ծնողներ Կարպիս և Արեք Նազարյանների անունների: Նազարյանների ընտանիքը սերնդեսերունդ հայտնի է   բարեգործույամբ՝ հիմնականում ՀԲԸՄ-ի միջոցով: Նրանք  ՀԲԸՄ Բեյրութի «Լևոն Կ. Նազարյան» դպրոցի, ՀԲԸՄ Կալիֆորնիայի «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի «Նազարյան» սրահի և բազմաթիվ այլ նախագծերի հովանավորներ են: Նազարյան եղբայրների հովանավորությամբ է Լիբանանում ձեռք  բերվել ՀՀ դեսպանության շենքը:

Բարձր  գնահատելով Արթուր Նազարյանի ավանդը Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Լիբանանում հայապահպանության գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Մենք հյուրընկալել ենք հայազգի ամենանշանավոր զավակներից մեկին, ով Հայի այն տեսակն է, որ հույսի և նվիրումի օրինակ է աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի համար: Նա Հայի այն տեսակն է, որին ցանկանում է նմանվել ցանկացած հայ: Անգնահատելի է պարոն Նազարյանի հայանպաստ, հայրենանվեր գործունեությունը. իր բարերարությամբ մշտապես աջակից է եղել լիբանանահայ կրթական, մշակութային օջախներին և այլ  հայրենանվեր ձեռնարկների»:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Նազարյանը նշեց. «Շատ զգացված եմ այս բարձր պարգևի համար, կարծում եմ արտասահմանում հաջողությունների հասած յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել Հայաստանին, քանի որ միախմբվելով պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել մեր ուժն ու հզորությունը: Ուզում եմ ասել նաև, որ տիկին Հակոբյանը իր ձեռքը և սիրտը կհասցնե ամենուր ուր հայն է»:

Scroll Up