Վարպետության դասերն իբրև փառատոնային նորույթ

«Իմ Հայաստան» փառատոնը ոչ միայն սփյուռքյան գեղարվեստական ինքնագործունեության ստուգատես է, այլև՝ ինքնատիպ դպրոց ու փորձարան բոլոր մասնակիցների համար: Հայտնի է, որ սփյուռքյան ոչ բոլոր համայնքներն ունեն գեղարվեստական ինքնագործունեության արհեստավարժ մանկավարժներ, ոչ բոլոր համայնքները հնարավորություն ունեն Հայաստանից հրավիրելու մասնագետների, մինչդեռ երգելու և պարելու ցանկությունը բոլորի մոտ մեծ է: Եվ բազմաթիվ համույթներ ստեղծվում են ոչ այնքան արհեստավարժ մղումներով, որքան՝ սիրով, մասնակիցների մեջ կուտակված ձգտումների բացահայտման անհրաժեշտությամբ:

Իսկ փառատոնն, ահա, միջոց է՝ օգնելու մասնակիցներին վարպետության կարճաժամկետ դասեր առնելու, մասնագիտական խորհուրդներ լսելու: Այս առումով Սփյուռքի նախարարությունը համագործակցություն է ձևավորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի պարարվեստի ամբիոնի հետ, որը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը: Նա ամբիոնի դասախոսների հետ մշակել է հետաքրքիր մեթոդական ծրագրեր, որոնց կիրառմամբ հնարավոր է դառնում Սփյուռքից եկած պարախմբերին ծանոթացնելու ազգային պարի առանձնահատկություններին, ազգային պարում կիրառվող տարրերին, ազգագրական և ժողովրդական պարերի առանձնաձևերին:

Այս օրերին համալսարանի պարարվեստի ամբիոնի փորձասենյակներում աշխույժ մթնոլորտ է, եռուզեռ: Վարպետության դասերի մասնակիցները ոգևորված են, որովհետև առիթ ունեն լսելու մասնագիտական խորհուրդներ, աշխատելու հմուտ պարուսույցների հետ: Սա երաշխիք է, որ վերադառնալով իրենց համայնքներ, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցներն իրենց բեմադրություններում կկիրառեն այստեղ սովորած տարրերը, կպահպանեն ազգային առանձնահատկությունները, քանի որ հատկապես վերջին տարիներին մասնավորաբար Սփյուռքում աղավաղվել են պատկերացումներն ազգային պարի մասին, օտարահունչ տարրերը թափանցելով մեր պարերի մեջ՝ այլափոխել են դրանք, զրկել իրենց նախնականությունից և յուրատիպությունից:

Սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերն, ուրեմն, օրավուր ձեռք են բերում նոր բովանդակային արժեք և նպատակասլացություն, ուսուցումն ու ճանաչողականությունը դառնում են այդ ծրագրերի առանցքները: Այս ամենը ևս նպատակամղված են հայեցիությանն ու ազգապահպանմանը, մեր նկարագրի անաղարտությանը:

Լ.Մ.

Scroll Up