«Իմ Հայաստանը» մեր միասնության գրավականն է

Մեկնարկել է Սփյուռքի նախարարության խոշորագույն ծրագրերից մեկը՝ «Իմ Հայաստան» փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել և որի կայացմանը սրտատրոփ են սպասում Սփյուռքում և Հայաստանում: Սրտատրոփ, որովհետև փառատոնը հրաշալի առիթ է Սփյուռքի երիտասարդության համար՝ լինել Հայասստանում, իրենց գեղարվեստական ձեռքբերումները ներկայացնել հայրենակիցներին, ստանալ ծափեր, դրվատանքի խոսքեր: Ավելին, փառատոնը ևս մեկ կարևոր քայլ է հայապահպանության ճանապարհին, ազգային ինքնության պահպանման ճանապարհին:

Ամեն տարի ընդլայնվում է փառատոնին մասնակցել կամեցողների ցանկը, տարեցտարի նոր համայնքներ են ընդգրկվում փառատոնում, ինչը նշանակում է, որ այն արդեն քաղաքացիություն ու մեծ ճանաչում է ձեռք բերում, սոսկական մշակութային իրողությունից վերաճում համազգային իրողության, համախմբումի իրադարձության: Այո՛, իրադարձության, քանզի Սփյուռքի ու Հայաստանի կյանքում կարևոր նշանակություն ունի այս փառատոնը: Այն Սփյուռքում գոյավորված գեղարվեստական կուտակումների հանրահռչակումն ու ներկայացումն է, ազգային մշակույթի հանդեպ սփյուռքյան հետաքրքրության ընդլայնումի արտահայտությունն է: Անժխտելի է, որ ազգային ինքնության պահպանման կարևորագույն գրավականը մշակույթն է, ժողովրդի գեղարվեստական կուտակումներն են, որոնք միշտ մոտ ու սերտ են պահում արմատներին, ազգային պատմությանն ու հոգեկերտվածքի, երգի, պարի, ասմունքի միջոցով հաստատում ոչ միայն հավերժության գաղափարը, այլև ամեն մի ունկնդրի ու ակնդրի մեջ արթնացնում հայեցին, ցեղային այն գրգիռները, որոնք երբեմն մատնվում են ուծացման ու կորստի: Իսկ ուծացման վտանգն այսօր կախված է Սփյուռքի գլխին, հետևաբար ամեն մի նախաձեռնություն դառնում է ուշագրավ ու արժեքավոր, նպաստում այն բանին, որ հատկապես հեռավոր արտասահմանում մեր լեզուն ու ոգին չկորչեն, որ ամեն մի հայի հարկից ներս մայրենին հնչի, որ հայ երգն ու պարը չկորցնեն իրենց ազդեցության ու ներգործության ուժը:

«Իմ Հայաստանը» հետևաբար, ոչ միայն մեր միասնության, Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության երաշխավորն է, այլև հայապահպանության կարևորագույն հանգրվաններից մեկը:

Լ.Մ.

Scroll Up