Պատմում են արիտունցիները

Էլսիդա Մարաբյան, Վրաստան, Ախալքալակ,16տարեկան-Հայաստանը տեսնելն իմ ամենամեծ ցանկությունն է եղել. «Արի տուն» ծրագրի շնորհիվ իրականացավ այն: Հայաստանը շատ գեղեցիկ և հոգեհարազատ է ինձ: Մենք եղանք Հայաստանի տեսարժան վայրերում՝ Օշականում, Մուղնիում, ՀԲԸՄ վիրտուալ քոլեջում, Գառնիում, Գեղարդում և շատ այլ գեղեցիկ վայրերում: Իմ բոլոր սպասելիքները «Արի տուն» ծրագրից իրականացան: Խոստանում եմ՝ ամեն տարի այցելել և վայելել հայրենիքս:
Շաքե Աղա-Սարգսյան, ԱՄՆ, Ջորջիա-14 տարեկան-Հայաստանը չափազանց գեղեցիկ է: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և շփվում եմ իմ հայ ժողովրդի հետ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ տեսնելու իմ հրաշք հայրենիքը: Շնորհակալություն «Արի տուն» ծրագրի բոլոր կազմակերպիչներին:
Արիանա Գրիգորյան, Մոսկվա, 15 տարեկան-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ, ցավոք, չեմ կարողանում լավ խոսել հայերեն, հենց այդ պատճառով էլ մասնակցում եմ «Արի տուն» ծրագրին, որպեսզի սովորեմ իմ հարազատ լեզուն և իմանամ Հայաստանի պատմությունը: Այստեղ շատ անգամներ եմ եղել, և կարող եմ ասել, որ ոչ մի երկիր այսքան հետաքրքիր պատմություն չունի, ինչպիսին Հայաստանինն է: Զարմացած եմ հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունից: Եղա այնպիսի պատմական վայրերում, ինչպիսին Երևանն էր, Գառնին, Աշտարակը և այլն: Իսկ եկեղեցիներից այցելեցի Մայր Տաճար, Խոր վիրապ, Նորավանք, Գեղարդ: Առջևում ինձ դեռ սպասում է Սևանը և Ծաղկաձորը, որտեղ ճամբարային օրերին պետք է մասնակցեմ: Ես հավատացած եմ, որ Հայաստանից վերադառնալու եմ մեծ տպավորություններով և հուսով եմ՝ ինձ մոտ կստացվի ծանոթանալ իմ երկրին, լեզվին և պատմությանը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը