Մեկնարկում է «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում  է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:

Հուլիսի 1-ին, ժ.19:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը բաղկացած կլինի 3 հիմնական մասերից` պատվիրակությունների շքերթ, բուն համերգային ծրագիր, մասնակիցների ընդհանուր շուրջպար:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Իմ Հայաստան» փառատոնը մեկնարկում է «Պարարվեստի օրեր»-ով, որին կմասնակցի 36 պարախումբ աշխարհի 12 երկրից (ՌԴ-ից՝ «Շիրակ», «Տաշիր», «Կռունկ», «Հայասա», «Արմավիր», «Նարեկ», «Արին   Բերդ», «Տարոն», «Նարե», «Արենի», «Կարոտ», «Արփի», «Հայաստանի փայլեր», «Արտույտ», «Նաիրի», «Անի», «Թերպսիխորա», «Նոյան», Վրաստանից՝ «Անի», «Ֆանտազիա», «Վանք», «Ջեյրան», «Վաչյան», «Բարալեթ», «Նաիրի»,  Ուկրաինայից՝ «Արաքս», «Արմենիա», Լիբանանից՝ «Արին», Քուվեյթից՝ «Շաքե», Ավստրալիայից՝ «Նաիրի», Կանադայից՝ «Անի», Ֆրանսիայից՝ «Արա», ԱՄՆ-ից՝ «Զվարթնոց» պարային համույթները, ինչպես նաև պարախմբեր Հայաստանից և Արցախից):

Փառատոնի բացմանն առաջին անգամ կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պարային սյուիտ: Մասնակիցները հանդես կգան առանձին համարներով և միասին կպարեն հայկական ավանդական քոչարին:

Համերգը կուղեկցվի Հայաստանի տեսարժան վայրերի էկրանային ցուցադրությամբ և «Իմ Հայաստան» առաջին փառատոնի մասին պատմող կադրերով:

«Պարարվեստի օրեր»-ի (հուլիսի 1-ից հուլիսի 10-ը) շրջանակներում համերգներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում, ինչպես նաև Վարպետության դասընթացներ պարուսույցների համար և Օշականյան ավանդական քաղցրավենիքի օր՝ «Գյուղի տատիկ», ֆլեշմոբ:

Պարուսույցներին կտրամադրվեն մեթոդական անհրաժեշտ նյութեր (գրքույկներ, ձայնասկավառակներ):

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև հետևյալ միջոցառումները.

  • «Խմբերգային  արվեստի օրեր» (օգոստոսի 1-ից օգոստոսի 5-ը), որի շրջանակներում կկայանան համերգներ Երևանում և մարզերում, Հովհաննես  Չեքիջյանի 85-ամյակին նվիրված համերգ Մարզահամերգային համալիրում,
  • «Ասմունքի փառատոն» Արցախում (օգոստոսի 4-8),
  • «Ասմունքի երեկո» Երևանում (օգոստոսի 16),
  • «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 25-ը), որի շրջանակներում կկայանան համերգներ Երևանում և մարզերում, Հայկական  նվագարաններին  նվիրված գիտա-գործնական  քննարկումներ,  ֆիլմերի ցուցադրում,
  • «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26), որի շրջանակներում կկայանա 36- հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի I հրատարակության շնորհանդեսը և շքահամերգ:

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտա­կան ներուժի հայտնաբերումն ու համախմբումը:

Scroll Up