ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց Պերճ Ջամբազյանին

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերապատվելի Պերճ Ջամբազյանին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Պերճ Ջամբազյանը ծնվել է Երուսաղեմում, 1966թ.-ին Շվեյցարիայում ավարտել է Բիթենբերգ դպրոցի առաքելությունների և աստվածաբանության բաժինը, ինչպես նաև Լիբանանի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը: 1981թ.-ին ստանձնել է Հոլիվուդում Միացյալ հայկական կոնգրեգացիոնալ եկեղեցու  հոգևոր հովվի պաշտոնը և որոշ ժամանակ անց դարձել է ավագ հովիվ Միացյալ հայկական կոնգրեգացիոնալ եկեղեցում և ծառայել այնտեղ շուրջ տասը տարի: 1984թ.-ին Ջամբազյանը ստեղծել է հոգևոր-մշակութային հեռուստաժամ հայ համայնքի համար: Նա մեծ ուշադրություն է դարձնում համայնքի գործերին: Ջամբազյանը հանդիսացել է Glendale Memorial Hospital-ի տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև երիտասարդական քրիստոնեական միության տնօրենների խորհրդի անդամ:2006թ.-ից  Սուրբ Երրորդություն Հայ Ավետարանական եկեղեցու հիմնադիր հովիվն է: Հայրենիքի հետ կապերը սկսվել են դեռևս 1988 թվականին, երբ վերապատվելի Ջամբազյանը  մարդասիրական օգնություն է կազմակերպել Սպիտակի երկրաշարժի տուժածների համար:

Բարձր  գնահատելով Պերճ Ջամբազյանի ներդրումը Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Որպես մարդ և քաղաքացի Պերճ Ջամբազյանը մեծ  ներդրում ունի հայապահպանության  գործում. իր որակով, իր տեսակով, իր արժեհամակարգով նա կարողանում է շրջապատին ոգևորել, հավատ ներշնչել հայի, հայության և Հայաստանի նկատմամբ: Վերապատվելին, ավետարանական եկեղեցու հովիվ լինելով, մեծարում է Հայ Առաքելական Եկեղեցուն և մեծ գործընկերն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Ջամբազյանը խոստովանեց, որ պարգևն իր համար անակնկալ էր. «Ես չէի կարող ակնկալել նման բարձր պարգև, քանի որ Հայրենիքի հանդեպ իմ  ծառայությունը եղել է բացառապես  որպես նվիրում: Շատ ուրախ եմ, որ այս ոսկե առիթը եղավ: Որպես հայ ավետարանական եկեղեցու հովիվ՝ իմ նվիրումը, զորակցությունը մշտապես բերել եմ Հայրենիքին և Մայր եկեղեցուն: Հայրենասիրությունը պետք է ունենա նկարագիր՝ հոգևոր և բարոյական: Առանց նկարագրի՝ այն վնաս կբերի Հայրենիքին», – ասաց նա:

1 2 4 5 7

Scroll Up