ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց Խորեն Արամունուն

Հունիսի 24-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամերիկահայ գրող Խորեն Արամունուն պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանիքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում:

1991-2005 ժամանակահատվածում Երևանում և Լոս Անջելեսում հրատարկվել են Խորեն Արամունու պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի Ճամբան» հուշապատումը:

Սկսած 1996 թվից մինչև այսօր Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվում են  նրա թատերգությունները:

Բարձր  գնահատելով Խորեն Արամունու գրական գործունեությունը  օտար ափերում հայկական իրականությունը գեղարվեստական արտահայտչամիջոցներով  ներկայացնելու հարցում՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր յուրաքանչյուր գրական ստեղծագործություն  ժամանակի կարևոր խնդիրների գեղարվեստական արձագանքն է, իսկ Ձեր վերջին գիրքը սեփական ինքնության գիտակցումի վերազարթոնքն ապրող մեր հայրենակիցների մասին, հիրավի, նոր թեմայով ու կառուցվածքով հայ գրականությունը հարստացող խոսք է»: Ողջունելով գրողի քայլը՝ ծպտյալ հայերի թեմային անդրադառնալու համար, տիկին Հակոբյանը ցանկություն հայտնեց գրական ստեղծագործությունը տեսնել ֆիլմի կամ բեմադրության տեսքով:  Իր խոսքում նախարարը նաև փաստեց. «Ձեր գիրքը միտում է նաև դեպի կենսագրական վեպի ժանրաձևը, որովհետև Ձեր կյանքի և մեր բազմաթիվ հայրենակիցների ճշմարտապատում ասքն է. լինելով իսկական հայի ճակատագրի կրող՝ ծնվելով Իրանում, ապրելով Հայաստանում, ապա Խորհրդային տարիներին հեռանալով Ամերիկա, անկախության տարիներին վերադարձաք  Հայրենիք»:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝  Խորեն Արամունին նշեց. «Իրանը ինձ կյանք է պարգևել, Հայաստանը՝ ոգի, Ամերիկան՝ բարեկեցություն: Շնորհակալ եմ իմ բախտից, որ Անկախ Հայաստանում ձեռք բերցի այն, ինչ երազել եմ մանկուց: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որ  ինձ արժանի է դարձրել այս բարձր պատվին և պարգևին», – ասաց նա:

IMG_4803-1 IMG_4836-1 IMG_4842-1

Scroll Up