Վրաստանի ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումն «անամպ» չէ Ջավախքի համար

Հայ փորձագետները հիշում են ամեն ինչ, բացի մեսխեթցի թուրքերի վերադարձի նկատմամբ Վրաստանի պարտավորություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան այցելությունից հետո հայկական հեռուստատեսությամբ հաճախացել են տարբեր թոք-շոուները, ուր քաղաքագետները փորձում են հայ հասարակությանը համոզել, թե որքան շահեկան է, որ Վրաստանը և Հայաստանը գտնվելու են տարբեր (կարելի է անգամ ասել՝ հակադիր) աշխարհաքաղաքական-տնտեսական միությունների կազմում:

Չափից դուրս լավատեսությամբ համարում են, որ Վրաստանը և Հայաստանը կարող են Եվրասիական միության և Եվրամիության Ազատ տնտեսական տարածքներում փոխլրացնել և համադրել միմյանց շահերը:

Հիշեցնենք, որ Վրաստանը պարտավորություններ ունի Եվրամիության առջև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցով: Առայժմ այդ գործընթացը դանդաղել է, քանի որ Վրաց եկեղեցու համառության շնորհիվ որոշ «արհեստական» դժվարություններ էին ստեղծվում մեսխեթցի թուրքերի վերադարձի համար: Սակայն Թուրքիան համառում է և նույնը պահանջում Եվրամիության անդամ երկրներից:

Այսպես, հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարի 14-ին Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին Թուրքիա այցելության ընթացքում վարչապետ Էրդողանին խոստացել էր, որ կդյուրացնի մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան:

Այժմ, երբ Վրաստանը կստորագրի Եվրամիության հետ ասոցացման պայմանգիրը, և այդ երկրի «ձեռքերի վրա կլինեն եվրոպական ձեռնաշղթաներ», Վրաստանը ստիպված կլինի արագացնել մեսխեթցի թուրքերի վերադարձը:

Տեղին է հիշեցնել նախկինում հայտնի դարձած մի շարք իրադարձություններ, որոնք կանխորոշել են մեսխեթցի թուրքերի վերադարձի նպատակով այսօրվա Թուրքիայի վարած քաղաքականությունը:

Մեսխեթցի թուրքերի դաշնության Անկարայում 2004թ-ի նոյեմբերի 27-ին կայացած երկրորդ միջազգային համաժողովը որոշում էր ընդունել դիմել Թուրքիայի Մեծ Մեջլիսին և իր որոշման 6-րդ կետում նշել է. «…Թուրքիան չպետք է հաշտվի այդ տարածքում ներկայումս հայերի մեծամասնություն կամելու փաստի հետ: Վրաստանը չի կարողանում այդ տարածքում լիովին իրագործել իր կառավարական ազդեցությունը, այդ իսկ պատճառով Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցումից հետո Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի այդ տարածքի ապագայով»: Հիշեցնենք, որ այս համաժողովին մասնակցում էին շուրջ հինգ տասնյակ պատգամավորներ` Թուրքիայի ներկայիս փոխվարչապետ, այն ժամանակ` պետական նախարար, Բեշիր Աթալայի գլխավորությամբ:

Համաժողովը ներկա պատգամավորների առաջարկությամբ 5-րդ կետով որոշել էր դիմել Մեծ Մեջլիսի նախագահին` պատգամավորական խումբ ձևավորելու համար, որը պետք է մշակի հատուկ պլան և դրա հիման վրա առաջարկություններ կներկայացնի կառավարությանը` մեսխեթցի թուրքերի խնդիրները և նրանց վերադարձի հարցերը լուծելու համար:

Իսկ դաշնության Բուրսայի բաժանմունքի ղեկավար Մեվլութ Էշրեֆն իր ելույթում առաջարկել է այդ ծրագիրն անվանել «Դյոնուշ» (Վերադարձ): Սա եղել է 2004թ-ին: Այդ համաժողովում Բեշիր Աթալայը, ելույթ ունենալով պետության անունից, հայտարարել է, որ այդ խնդիրը քննարկվում է Վրաստանի հետ ամենաբարձր մակարդակով, և շարունակելու են աշխատել մինչև անհրաժեշտ արդյունքի հասնելը:

Համաժողովն իր որոշման մեջ նշում է, որ պետք է արդեն ժամանակավրեպ համարել Մեծ Մեջլիսի թիվ 3538 որոշումը, որը կանոնակարգում էր մեսխեթցի թուրքերին Թուրքիայի տարածքում ընդունումը և տեղաբաշխումը, և պահանջել նոր ծրագրի իրագործում, ինչը կնախատեսեր մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումն իրենց «պատմական հայրենիքում»:

Այդ համաժողովում, նորից պատգամավորների առաջարկությամբ, որոշվում է մեսխեթցի թուրքերի դաշնության Անկարայի, Բուրսայի, Իգդիրի, Ստամբուլի, Իզմիրի, Դենիզլիի և Անթալիայի բաժանմունքներում բացել համապատասխան բանկային հաշվի համարներ` դրամահավաք կազմակերպելու նպատակով:

Հավաքված գումարներով պետք է գնվեն տներ և բնակության համար առաջին անհրաժեշտության միջոցներ վերադարձող ընտանիքների համար: Ներկա պատգամավորները նշել են, որ պետական միջոցները ևս կուղղվեն այդ հաշիվներին, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից և ողջ գործընթացին հասարակական նախաձեռնության տեսք տան, ինչը շատ ավելի ընդունելի է եվրոպական կառույցների կողմից և չի առաջացնի սուր հակազդեցություններ: Այս մասին էլ իր ելույթում ասել է Իսպարտայից պատգամավոր, այդ ժամանակ Թուրքիա-Վրաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Մեհմետ Սայիդ Արմաղանը:

Արդեն 2010թ-ի աշնանը Թուրքայում հրատարակվող «Բիզիմ Ահիսկա» ամսագրի 20-րդ համարում տպագրվել է արտգործնախարար Դավութօղլու ընդարաձակ հարցազրույցը, ուր նա ասել է հետևյալը. «…2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստան վերաբնակվելու համար դիմել է ընդամենը 6000 ընտանիք, կամ` շուրջ 10000 մարդ: Հավատացե´ք, որ սա շատ ու շատ քիչ է ծրագիրն իրականացնելու համար: Անհրաժեշտ է լուրջ կազմակերպչական աշխատանք տանել: Մենք այս հարցը մշտապես քննարկում ենք Վրաստանի իշխանության հետ, և համոզված եմ, որ խնդիրներ չեն առաջանա: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Չավուշօղլուի` ԵԱՀԿ նախագահ ընտրվելուց հետո այս հարցի վերաբերյալ լուրջ և առանց աղմուկի լոբբինգ է արվում Եվրախորհրդում: Տեղեկացնեմ, որ և´ Թուրքիան, և´ եվրոպական կառույցները մեր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր պատրաստ են ամեն տեսակ և ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Վրաստանի կառավաությանն այս հարցում: Այդ մասին ես հիշեցնում եմ Վրաստանի իշխանություններին ամեն հանդիպման ժամանակ… Վստահ եմ, որ ռուսաստանաբնակ Ահիսկա (մեսխեթցի) թուրքերի Վրաստան վերադարձին աջակցելը Ռուսաստանի իշխանության համար բարոյական խնդիր չի առաջացնի, ընդհակառակը»:

http://armenian-community.ge/News/612?lang=arm

Scroll Up