1919թ. Հունիսի 19-ին Բաքվի հայության ջարդարար Խան-Խոյսկին ահաբեկվեց Արամ Երկանյանի ձեռքով

1919թ.-ի հունիսի 19-ին  Ադրբեջանի մուսավաթական առաջին կառավարության նախագահը՝ Ֆաթալի Խան Խոյսկին, ահաբեկվեց Թիֆլիսի Գոլովինսկի փողոցի (այժմ՝ Ռուսթավելի պողոտա) վրա:

Ահաբեկիչը Արամ Երկանյան անունով մի դաշնակցական երիտասարդ էր, որ իր հանդուգն գործողությամբ կարևոր մի քայլ կատարեց թուրք և ազերի հայասպան ջարդարարների արդար դատաստանի և մահապատժի արժանացնելու Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովի որոշած «Նեմեսիս» ծրագրի գործադրության ուղղությամբ:
Խան-Խոյսկին, Ադրբեջանի մուսավաթական կառավարության ներքին գործերի նախարար Ջիվանշիրի հետ, իթթիհատական թուրքերի ձեռակերտ նորաստեղծ Ադրբեջանի տարածքի հայությունը կոտորելու և տեղահան դարձնելու ցեղասպանական ծրագրի մշակման ու գործադրության գլխավոր պատասխանատուն էր:

Պատմությունից ծանոթ է, որ 1918թ.ի առաջին ամիսներին, օգտվելով ռուսական զորքերը ռազմաճակատներից տուն կանչող Լենինի կործանարար քայլից, իթթիհատական Թուրքիայի ղեկավարությունը, Առաջին աշխարհամարտը արդեն տանուլ տալու պահին, որոշեց իր ուժերը կենտրոնացնել Անդրկովկասի ճակատի վրա:

Վերագրավելով Արևմտյան Հայաստանը՝ թուրքական զորքերը արշավեցին Այսրկովկաս: Թուրքական 3-րդ և 4-րդ զորախմբերի՝ 1918 թ. մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կրած պարտությունից հետո թուրքական երկրորդ զորախումբը Ջաջուռ-Համամլու-Ղարաքիլիսա-Դիլիջան-Ղազախ-Ելիզավետպոլ գծով արշավեց դեպի Բաքու:

Թուրքերի` Բաքու մուտքը մեծ օժանդակություն ստացավ Գանձակի մեջ գտնվող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մուսավաթական նորաստեղծ կառավարության (նախագահը՝ Մ. Ֆաթալի Խան-Խոյսկի) կողմից: Թուրք-մուսավաթական համագործակցությունն ավելի ակնառու դարձավ, երբ 1918թ.-ի մայիսի 27-ին Մոսուլից Գանձակ ժամանեց Կովկասյան թուրքական բանակի գլխավոր հրամանատար, զորավար Նուրի փաշան:

Մայիսի վերջերին Բաքվի ճակատի վրա գտնվող թուրքական ուժերի ընդհանուր թիվը արդեն հասել էր 18-20 հազարի և օրեցօր ավելանում էր։ 1918 թ. մայիսի վերջերին, Գանձակում գտնվող Ադրբեջանի կառավարության ու Մուսավաթ կուսակցության գործիչների գաղտնի խորհրդակցության ժամանակ, մշակվեցին Նուխիի, Արեշի, Կեոքչայի, Շամախու և Բաքվի գավառների հայության կոտորածների ծրագրերը:
Այս առումով ուշագրավ է կոտորածներից առաջ Նուխիի, Շամախու և Բաքվի քաղաքապետերին ուղղված Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Բեյբուդ Խան-Ջիվանշիրի գաղտնի հրամանը, որը հրահանգում էր. «Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին` նրանց դիակների վրայից անցնելով մեր նպատակներին հասնելու համար: Մի՛ խնայեք ոչ ոքի և հավատարմորեն կատարեցե´ք ձեզ տրված հրահանգները» :

Բաքվի հայության հերոսական ինքնապաշտպանությունը (բոլշևիկ ղեկավար գործիչ Ստեփան Շահումյանի և Հ.Յ.Դ. հիմնադիր Ռոստոմի միացյալ ղեկավարությամբ) առանձին անդրադարձի նյութ է։ Այսօր կենտրոնանանք այդ օրհասական կռիվների ընթացքի վրա, հատկապես թուրքական զորքերի` Բաքու մուտքից հետո հայ ժողովրդի դեմ մոլեգնած ցեղասպանական ոճիրների վրա, որոնց գլխավոր պատասխանատուներից էր Խան-Խոյսկին, և այդ պատճառով էլ 1920թ.ի հունիսի 19-ին Արամ Երկանյանի ձեռքով ստացավ իր արդար պատիժը:

Այդ օրը, ինչպես պատմական արխիվներն են հաստատում, «Թիֆլիսի Գոլովինսկու փողոցում անշուք արտաքինով բակապանի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ծուլորեն հորանջող բակապանը հանկարծ կերպարանափոխվեց, երբ երևաց Խան-Խոյսկին՝ իր ղոչիներով: Մի պահ միայն թուրք դահիճը տեսավ ահեղ վրիժառուին ու այլևս… ոչինչ չտեսավ»:

«Պայթեց Արամի մաուզերը, և հայակեր դահիճը ընկավ ջախջախված գանգով: Եվս երկու կրակոց, ու էլի երկու ղոչիներ հետևեցին իրենց առաջնորդի օրինակին: Արամը ինքն էլ վիրավորվեց, սակայն կարողացավ խուսափել հետապնդումից՝ ապացուցելով, որ որքան քաջ, նույնքան էլ հնարամիտ է»:

Ահա 1920թ.-ի հունիսի 19-ի ահաբեկչական այն հատու գործողության ամփոփ ու խիտ նկարագրականը, որ 1915թ.-ի հայասպան Մեծ ոճիրով սկսած հայկական արհավիրքի թուրք և թաթար պատասխանատուների արդարահատույց «Նեմեսիս» գործողության առաջին ազդանշաններից մեկը դարձավ:

Ավելի քան ինը տասնամյակ է անցել Հայաստանի և հայության համար պատմական տարողությամբ բախտորոշ վերիվայրումների այդ ժամանակաշրջանից:  Հայասպանության արհավիրքի կողքին հայ ժողովուրդը պատմության էջերին արձանագրեց Հայկական Նեմեսիսի` մեջքը շտկող և ազգային ինքնավստահությունը կոփող էջը, որի առաջին ազդանշաններից եղավ  1919թ.-ի հունիսի 19-ի Բաքվի հայասպան Խան-Խոյսկու ահաբեկումը Արամ Երկանյանի ձեռքով:

http://armenian-community.ge/News/608?lang=arm

Scroll Up