«Իմ ամենամեծ ցանկությունն է,որ հայերն արարեն Հայրենիքի համար…»

Ճարտարապետ Արմեն Մինասյանը  Թեհրանից 1992-ին եկել էր սովորելու Երևանում և իրականացնելու ճարտարապետ դառնալու իր երազանքը: Սովորելու տարիները ճակատագրական դարձան. Արմենը հազար ու մի թելերով կապվեց հայրենիքին և կայացավ  իբրև մասնագետ: Այնուհետև ընտանիքով հաստատվեց  Երևանում: «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է նրա հետ:
-Արմե՛ն,լինու՞մ են պահեր,երբ զղջում եք Հայաստանում հաստատվելու համար:
-Այո՛, երբեմն ունենում եմ այդպիսի մտորումներ. կարծում եմ՝  բնական է, սակայն դա չէ կշեռքի ծանր նժարը:-Ի՞նչ զգացումներ ունեք Հայրենիքի հանդեպ…

-Պարտքի զգացում… 1700 տարի էլ ապրեմ, միևնույնն է, չեմ կարող պարտքս վերադարձնել, ինչպես որդին  չի կարող իր պարտքը վերադարձնել ծնողին: Այդ պարտքը սահման, կշիռ ու ծավալ չունի:

-Ձեր մասնագիտությա՞մբ եք աշխատում:

-Կարելի է ասել` այո՛:Ներկա պահին Կոշում մեր ընկերության նախագծով կառուցվում է արդիական ու ժամանակակից նորմերին համապատասխան պոլիկլինիկա, որի բարերարն է լոնդոնաբնակ Ռազմիկ Թադևոսյանը: Մեր ընկերությունը կատարել է բազմապրոֆիլ նախագծեր, որոնք իրականացվել են Երևանում և Հայաստանի մարզերում:Ավելացնեմ,որ ներկայում նախագծում ենք Իրանում Հայաստանի դեսպանատան շենքը, որը նախկինում դպրոց է եղել: Հիշյալ նախագիծը մեզ է վստահել ՀՀ և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը,ով նաև իմ թեկնածուական ատենախոսության ղեկավարն է:

-Քանի՞ զավակ ունեք:

-Երկուսն են` աղջիկ  ու տղա: Աղջիկս սովորում է Մռավյանի անվան դպրոցում, հաճախում է: Չայկովսկու անվան երաժշտական դպրոց և «Նանե» շոու-բալետ: Տղաս սովորում է ճարտարագիտական քոլեջում, հաճախում է Ազգային գեղագիտական կենտրոնի Ազգային գեղագիտական կենտրոնի Փոքր  թատրոն:

-Ի՞նչ կցանկանայիք աշխարհասփյուռ  հայությանը:

-Կցանկամ, որ աշխարհի  տարբեր երկրներում ապրող հայերը միասնական լինեն, որ նրանց  չտարանջատեն և ճիշտ ներկայացնեն: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ հայերը արարեն, ստեղծեն Հայրենիքի համար  և բարձր պահեն  Հայաստան ու հայ  թանկ անունները:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up