Հալեպում ավերված շենքի փլատակների տակ հայի անշնչացած մարմին են գտել

Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածն Անդրանիկ Գանթարջյանն է, ում մարմինը գտել են ավերված շենքի փլատակների տակ:

Նոր գյուղում գազի տակառների ընկնելու հետևանքով վիրավորվել է Մանուկ Ղազելյանը: Նրա վիճակը, բարեբախտաբար, կայուն է: Եվս մեկ հայ` Հովսեփ
Արամյանը, վիրավորվել է Ջալաա թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով: Աղբյուրի տեղեկացմամբ` Հովսեփ Արամյանի վիճակը կայուն է:
Հալեպում լարված մթնոլորտը շարունակվում է: Նոր գյուղի որոշ շրջաններ ամայացած են: Բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր: Հայերից ոմանք գիշերել են հայկական Գր. Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում:

Հունիսի 1-ի ուշ գիշերից մինչև հունիսի 2-ի վաղ առավոտ Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում ահաբեկչական խմբավորումների կողմից նետած գազի տակառներից պատրաստված հրթիռները մեծ վնասներ են պատճառել թաղամասին: Հրթիռների ընկնելու հետևանքով վիրավորվել էին Ստեփան Արուշյանը և Զարեհ Ղազարյանը: Նրանց վիճակը, բարեբախտաբար, մտահոգիչ չէ, և համապատասխան բուժում են ստացել: Բացի մարդկային վնասներից, վնասվել են Քարեն Եփփե Ազգային ճեմարանը, Ազգ. Զավարյան վարժարանը, Ազգ.Սահակյան Վարժարանը, Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ազգային Սիս, Կիլիկիա, Արցախ, Նայիրի, Օշական շենքերը և «Արեւելք» տպարանը:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up