Նոր Ջուղան՝ Համայնքների օրերի շրջանակում

ՀՀ Սփյուռքի նախարարությունը շարունակում է այն բարի ավանդույթները, որոնք հիմնավորել է՝ հայաստանյան հանրությանը ներկայացնելով մեր հնագույն հայկական օջախները, գաղթավայրերը: Այս գաղթավայրերի շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Նոր Ջուղան, որը ձևավորվել է տակավին 17-րդ դարում՝ արտացոլելով Շահ Աբբասի զավթողական քաղաքականությունը, Նախիջևանին տեր դառնալու ձգտումները: Չորս դարից ավելի գոյություն ունի Նոր Ջուղայի համայնքը, որը դարձել է մեր ազգային պատմության բաղադրիչներրից մեկը, վերածվել հոգևոր-մշակութային հզոր ազդակներ պարունակող հանգրվանի: 1620 թվականից սկսած՝ Նոր Ջուղան հոգևոր խոշոր կենտրոն էր, որը յուրատեսակ կամուրջ էր դարձել Հնդկաստանի և Պարսկաստանի հայկական եկեեցիների միջև: Նոր Ջուղայում նաև ազգային կրթության ու դպրության խոշոր ձեռքբերումներ կան, որոնք ոչ միշտ են դարձել հետազոտման և հանրահռչակման նյութ:

Սփյուռքի նախարարության նպատակն էր գիտաժողովի, ցուցահանդեսի և մշակութային հայտագրի միջոցով ձևավորել որոշակի պատկերացումներ Նոր Ջուղայի և իրանահայության մի զգալի զանգվածի մասին, հարյուրամյակներ ձգվող անջրպետը վերացնել, Նոր Ջուղան դարձնել ազգային մշակույթի ու հոգևոր իրականության կենսունակ օղակներից մեկը: Ինչպես նախկինում կազմակերպված Ստամբուլի օրերը, այնպես էլ Նոր Ջուղայի օրերը վկայեցին, որ ապրելով կողք կողքի, նույն մշակույթի կրողները լինելով, մենք շատ հաճախ վատ գիտենք մեր ազգային հանգրվանների ու գաղթավայրերի պատմությունը, քիչ ենք ծանոթ հատկապես պատմության մասունքներին: Եվ ահա ամեն ինչ արվեց, որպեսզի ցուցահանդեսի միջոցով հատկապես մենք ծանոթանանք Նոր ջուղայի ձեռագրերին, Աստվածաշնչին ու Ավետարանին, որոնց միջոցով հնագույն բնակավայրը վերածվել է գրչության կենտրոնի: Նոր Ջուղայից զատ, գրչության ավանդույթներ են ձևավորվել նաև Սպահանում, որի մասին ևս մենք տակավին քիչ բան գիտեինք: Սպահանի մանրանկարչության դպրոցի հարուստ ավանդույթներից այս անգամ շատ քիչ մաս ներկայացվեց, բայց այդ ամենն էլ բավական էր, որպեսզի մեկ անգամ հայացք հառենք պատմությանը, հիշենք այն ահռելի ներդրման մասին, որն ունեցավ Սպահանի դպրոցը: Նոր Ջուղայի օրերի յուրատեսակ գնահատականը տվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում.

«Ողջունում եմ «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի բոլոր մասնակիցներին: Հպարտություն է ինձ համար Մայր հայրենիքում` գիտության այս կաճառում խոսել մի կենսունակ համայնքի մասին, ինչպիսին Նոր Ջուղան  է, որի անվանումն արդեն հուշում է, որ գործ ունենք դարեր շարունակ հայապահպանության բացառիկ կառուցակարգեր մշակած, հայն ու հայեցին անաղարտ պահած մի հզոր  և ինքնահաստատված համայնքի հետ: Դեռ Պարսից շահ Աբասը հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով իր երկիրը շենացնելու նպատակով ավելի քան 300 հազար հայի Հայաստանից ստիպեց տեղափոխել Պարսկաստան, ովքեր Սպահանի մոտ հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը: Օգտվելով դավանանքի իրեն տված ազատությունից՝ նորջուղայեցին իր համայնքային կյանքի կազմակերպումը սկսեց եկեղեցիների և դպրոցների հիմնադրմամբ՝ առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ հավատի ու կրթության յուրօրինակ այդ դարբնոցները հայ ազգային կյանքի, հայկականության հարատևության կարևոր հիմնասյուներից են: «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի իրականացումն առիթ է ևս մեկ անգամ նշանավորելու Նոր Ջուղան` որպես ազգային մշակույթի պահպանման կարևորագույն կենտրոն: Հայ մշակույթի և գրչարվեստի պատմության մեջ Ջուղան կմնա որպես նշանավոր գանձանակ` շնորհիվ Սուրբ Ամենափրկիչ վանքի, Սուրբ Սարգիս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես եկեղեցիների հովանու ներքո մանրանկարված ու բազմացված բազմաթիվ ձեռագրերի։ Ցավոք, այստեղ գրչագրված ձեռագրերից քիչ բան է հասել մեր օրերը: Մենք այսօր ականատես ենք հազվագյուտ ձեռագրերի, հնատիպ գրքերի, որոնք հայազգի նվիրյալների շնորհիվ ոչնչացումից փրկվել ու հանգրվանել են Մատենադարանում: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի Ավոյին` մեծ բարերարին, ով գիտակցելով դրանց կարևորությունն ու պատմական նշանակությունը, իր անմնացորդ ջանքերի շնորհիվ ձեռագրեր ու արժեքավոր շատ գրքեր հասցրեց Հայրենիք` հարստացնելով Հայաստանի թանգարաններն ու գրադարանները:  Իրապես, բացառիկ է հայերի դերը  Նոր Ջուղայի ազգային, հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում: Դարեր շարունակ Նոր Ջուղայում կենտրոնացած բազմաթիվ ոսկերիչների, գորգագործների, մանրանկարիչների, ընդհանրապես արվեստասեր հայի շնորհիվ մանրանկարչությունն  ու որմնանկարչությունը դարձավ Նոր Ջուղայի հայկական մշակույթի ինքնատիպ դրսևորումներից մեկը: Մասնագետները կվկայեն, որ որմնակարչության բացառիկ գոհարներից են Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնակարները: Վստահ եմ, որ Սուրբ Ամենափրկիչ վանքի և նրա հոգևոր հայրերի դերակատարությունը հայ համայնքի կյանքում և համաշխարհային մշակույթի հարստացման գործում ըստ արժանվույն գնահատելու և ներկայացնելու համար դեռ շատ ուսումնասիրողների կարիք կլինի…

 Նոր Ջուղայում հայերն իրենց կենսակերպով հարստացրեցին տեղի հոգևոր ու մշակութային կյանքը: Համայնքի նկարագրի բացառիկությունը ձևավորվեց ջուղայեցու դարավոր կենսակերպի, կենցաղային և  հոգևոր  ապրելաձևի դրսևորումների  արդյունքում: Դեռ 1638 թ. իրենց ջանքերով նրանք ստեղծեցին տպարան` Աստվածաշնչի հրատարակման նպատակով, որը, դժբախտաբար, կիսատ մնաց: Այստեղ ցուցադրվող հնատիպ գրքերի մի մասն էլ  հրատարակվեց ինքնաշեն այդ տպարանում: Արտագաղթի ժամանակ սովորաբար մարդիկ իրենց հետ վերցնում են առաջին անհրաժեշտության իրերն ու հարստությունը, իսկ նորջուղայեցին  18-րդ դարի արտագաղթի ժամանակ իր հետ Հնդկաստան` նախ` Մադրաս, ապա` Կալկաթա տարավ  հայկական տպագրությունը:  Թեհրանում, Սպահանում, Թավրիզում հայ համայնքի կառուցած եկեղեցիները ժամանակային առումով դարձան իրանահայության պատմության ողջ ընթացքի անաչառ վավերագրերը և հռչակվեցին որպես ազգային ինքնության և հայապահպանության գլխավոր հենարան՝ իրենց շուրջ համախմբելով  կուսակցություններին, հասարակական, բարեսիրական և մշակութային կազմակերպություններին:  Նոր Ջուղայի հոգևոր ու աշխարհիկ կառույցների նվիրյալների ահռելի ջանքերի շնորհիվ մեզ է հասել այս բացառիկ ազգային հարստությունը: Մեզ` ժամանակակիցներիս, մնում է պահպանել, հարստացնել, փոխանցել, տարածել ու հանրահռչակել համամարդկային այդ արժեքները, որոնց մի մասնիկն այսօր ցուցադրված է այստեղ, մի զգալի մասն էլ կներկայացվի մեր հետագա միջոցառումների ընթացքում: Սրբազա´ն հայր, կառույցի պատասխանատունե´ր, փառք ու պատիվ ձեզ, որ, հաղթահարելով բազում դժվարություններ, արժանապատվորեն շարունակում եք կյանքի կոչել նոր ազգանպաստ ծրագրեր` առաջնորդվելով Նոր Ջուղայի բազմաթիվ ազգային գործիչների անանձնական կյանքի օրինակներով: Ահա թե ինչպես է այսօր հանրահռչակվում և զարգանում Նոր Ջուղան` վայելելով իր երբեմնի փառքը: Տեղին է վերստին հաստատել, որ մեր պատմության ամենափառավոր էջերը գրվել են հայոց հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համատեղ գործակցությամբ, որ Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմություններն այնպես սերտորեն են միահյուսված, որ առանձին-առանձին վերցրած այն անընկալելի է:  Ուրախ եմ, որ այսօր ևս Նոր Ջուղայի հոգևոր ու աշխարհիկ կառույցները թև թևի տված գործակցում են` ձևավորելով Նոր Ջուղայի նորօրյա պատմությունը: Նրանք Հայրենի պետության աջակիցն են ու զորավիգը` պահպանելով ազգային նկարագիրն ու վավերացնելով հայ ինքնությունը: Մնում է մեզ պահպանել, հարստացնել ու փոխանցել սերունդներին այն, ինչ ունենք այսօր, ինչով հպարտանում ենք ու ներկայանում օտարներին, ինչը համարում ենք ազգային և համամարդկային հարուստ ժառանգություն»:

Նախարարի ողջույնի խոսքը ձեռք է բերում ծրագրային արժեք, որովհետև այստեղ ինչպես պատմական հայացքն է առկա, այնպես էլ գնահատականները: Ուրեմն, Նոր Ջուղայի օրերը դեռ կարձագանքվեն մեր հիշողություններում և նոր դուռ կբացեն մեր սերտակցման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

Լևոն Մութաֆյան

Scroll Up