ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ բացվեց ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ բացվեց ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը:

Մայքլ Արամի գործունեության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը գործելու է մայիսի 26-28-ը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով արվեստագետին ցուցահանդեսի բացման առիթով, նախարաը մասնավորապես նշեց. «Շնորհավորում եմ Մայքլի  առաջին այցը հայրենիք, որը նշանավորվում է նրա ստեղծագործության 25 ամյակին նվիրված այս գեղեցիկ ցուցահանդեսով: Մետաղը դիզայներական նոր որակի հասցնելով՝ Մայքլը հայ մարդու անունն ու գործը ներկայացնում է աշխարհին: Նրա ստեղծած «Նուռը» տեսնելով՝ պատկերացում է ստանում հայկական որակների ու հայկականության մասին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Մայքլին պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով և նվիրել «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմը»:

Ելույթ ունեցան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, ԱՄՆ Գլենդել քաղաքի ոսկեղենի և նվերների «Le Papillon» խանութի տնօրեն Նազ Աթիկյանը և այլք:

Մայքլ Արամի աշխատանքները՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում և 600-ից ավելի մասնագիտացված խանութներում: Միացյալ Նահանգներում ծնված և ապրած, բայց ազգային արժեքներին հավատարիմ արվեստագետի աշխատանքներում հաճախ կարելի է նկատել հայկական խորհրդանիշներով նմուշներ: Հատկապես տպավորիչ են նռնով, խնձորով, թիթեռներով, արևածաղիկներով  հավաքածուները: Նրա բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է «Ellis Island» շքանշանը, որը ստացել է 2011 թ. Ամերիկայի մշակույթում ունեցած նշանակալի ավանդի համար:

Մայքլ Արամը զբաղվում է նաև բարեգործությամբ. նա Հայկական մանկական ֆոնդի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է:

unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11)

Scroll Up