Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել Տորոնտոյում թուրքական հյուպատոսարանի առաջ

Կանադահայերը Տորոնտոյում բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Toronto News-ը, բողոքիչ ակցիային մասնակցել են շուրջ 600 հայ երիտասարդներ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թուրքիայի դեմ` կոչ անելով դադարեցնել տրամադրվող աջակցությունը զինված խմբավորումներին, որոնք մուտք են գործել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայր և ավերում են հայերի տներն ու այգիները: Կանադայի հայկական երիտասարդական դաշնության գործադիր անդամ Հարութ Քասաբյանը նշել է, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են: Ցուցարարները պաստառներ են պահել հետևյալ գրությամբ. «Դադարեցրեք աջակցել ահաբեկիչներին», «Ձեռքներդ հեռու Սիրիայից»: Ռուբեն Սարգսյանը, ում ծնողները ծնվել են Քեսաբում և ստիպված են եղել վերջին իրադարձություններից հետո լքել բնակավայրերը, նշել է. «Որպես քրիստոնյա` ինձ զայրացնում է այն, որ մարդկանց մի խումբ կարող է 3 հազար անմեղ մարդկանց ստիպել դուրս գալ իրենց տներից»:

Հայերն իրենց ձեռքերում պաստառներ են պահել և տարբեր կոչեր են հնչեցրել: Քանի որ աստիճանաբար հյուպատոսարանի առջև հավաքվել են նաև տեղի թուրքերը, Տորոնտոյի ոստիկաններն անվտանգության միջոցառումներ են իրականացրել կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու նպատակով: Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up