Խորեն Պալյանին հիշելով…

Այսօր Խորեն Պալյանի ծննդյան օրն է: Եթե ապրեր՝ կլիներ 79 տարեկան և կպատրաստվեր իր 80-ամյա հոբելյանին: Բայց շնորհաշատ արվեստագետն ու մտավորականը, հայ հոգևոր երգի նվիրյալն արդեն յոթ տարի մեզ հետ չէ: Չնայած ֆիզիկական բաժանումին՝ մենք շատ հաճախ ենք վերադառնում դեպի Խորեն Պալյանը, շատ հաճախ ենք արժևորում նրա վաստակը՝ նրան համարելով այն եզակիներից մեկը, ովքեր հայ հոգևոր երգը դուրս բերեցին կրոնական տաճարներից և տարան դեպի ժողովուրդը՝ ձևավորելով այնքա՜ն կարևոր կապը հոգևեր երգի հետ…

Ծնունդով լիբանանցի էր Խորեն Պալյանը, նրա ծննդավայրը Թրիպոլի քաղաքն էր: Ծնողները Ցեղասպանություն վերապրած մարդիկ էին, որոնք լիբանանյան հողի վրա իրենց արմատները նետելով, այնուհանդերձ, երազում էին Հայաստանի մասին: 1946-ին շատերի նման նրանք էլ տունդարձի ճամփան բռնեցին… Պալյանների ընտանիքը բնակություն հաստատեց Երևանում, որտեղ էլ միջնակարգ կրթություն ստացավ Խորեն Պալյանը, ապա դարձավ Գևորգյան ճեմարանի սան: Երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառը մեծ կարևորություն էր տալիս հոգևոր դաստիարակությանը, փորձում երիտասարդների մեջ սեր արթնացել դեպի հոգևորը, առավելապես գնահատում էր շնորհալիներին, նվիրյալներին: Նա դեռ ուսումնառության տարիներին էր նկատել Խորեն Պալյանի բացառիկ շնորհները, քաջալերել նրան: 1955 թվականին Խորեն Պալյանը Էջմիածնի Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և ծառայության անցել՝ հատկապես սևեռվելով հայ հոգևոր երգին: 1961 թվականին Վեհափառ Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ մեկ տարի անց Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճան: Շնորհալի հոգևորականը տարբեր պաշտոններ վարելով՝ առաջին հերթին իրեն մղել է դեպի երգը, փորձել շարունակել մեր եկեղեցու այն նվիրյալների գործը, որոնք պահպանեցին և կատարելագործեցին հայ հոգևոր երգը…

Գուցե Խորեն Պալյանը շարունակեր իր հոգևոր ծառայությունը, եթե նրա կյանքում չհայտնվեր Լուսինե Զաքարյանը: Սա մեծ սեր էր, բանաստեղծական զեղումներով, ինքնայրումի տանող սեր: Կարծես Խորեն Պալյանը հայտնվել էր շանթյան Աբեղայի դերում, նա ապրում էր Լուսինեով, նա ամբողջապես տարված էր աստվածաշնորհ երգչուհով, որը հայտնություն եղավ մեր հոգևոր ու կոմիտասյան երաժշտության պատմության մեջ: 1965 թվականին Խորեն Պալյանն անկեղծորեն խոստովանում է իր սիրո մասին Վազգեն Ա կաթողիկոսին: Լինելով իմաստուն ու մեծ այր՝ Վեհափառ Հայրապետն ըմբռնումով է վերաբերվում վարդապետի զգացմունքին և ազատ արձակում նրան կրոնական ծառայությունից: 1965-ին Խորեն Պալյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ապա աշխատանքի անցնում հայոց լեզվի պատմության ամբիոնում որպես հայոց լեզվի պատմության և գրաբարի դասախոս:

1968 թվականին տեղի է ունենում Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի պսակադրությունը: Գրականագետ Կարլեն Դանիելյանն իր «Լուսինե Զաքարյան» գրքում գրել է. «1968 թվականի հուլիսին տեղի ունեցավ Լուսինեի և Խորեն Պալյանի հարսանյաց հանդեսը:Սահակ Տեր – Գաբրիելյան (այժմ՝ Եզնիկ Կողբացու) փողոցում վեր բարձրացած բարձրահարկից երկու սենյանականոց մի բնակարան էին ստացել: Բնակարանամուտն էլ, հարսանիքն էլ միաժամանակ կատարեցին: Սենյակները լի էին ծաղիկներով: Հատուկ կազմված հրավիրատոմսերը ՝ ամենաընտիր ձեռագրով և հին հայերենին հատուկ ոճաբանությամբ, գրել էր Խորենը: Հավաքվել էին Լուսինեի և Խորենի մտերիմները: Հարսանիքը վերածվեց մեծարման երեկոյի: Հավասարաչափ սիրված և համբավավոր ամուսիններին շնորհավորում էին և մաղթում երջանկություն: Ամենալավագույն երգերը երգվեցին, ամենասրտառուչ արտասանությունները կատարվեցին:Ամուսինները հարսանեկան շրջագայության չգնացին: Նրանց առաջ կանգնած էին ոչ միայն տարեվերջի համերգային շրջանի հոգսերը, այլև 1969 – ին Կոմիտասի հարյուրամյակի հանդիսություններին նախապատրաստվելու ծրագրերը»:

Մի ամբողջ կյանք ապրեցին միասին Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը: Սա մեծ սիրո ու մեծ նվիրումների կյանք էր, նաև՝ մեծ տխրությունների, տառապանքի… Տարիներ անց միայն հայտնի պիտի դառնային նրանց կյանքի շատ մանրամասներ, նաև այն, որ Խորեն Պալյանը հայրացել էր՝ իր միակ մեղքը գործելով Լուսինեի հանդեպ…

«Համատեղ կյանքի հետագա բոլոր տարիների ընթացքում Խորեն Պալյանը ոչ միայն երգչուհու հայերենի, գրաբարի, այլև երաժշտության առաջին ուսուցիչն էր, քանի որ ոչ ոք այնպես չգիտեր հայկական հոգևոր երաժշտությունը, ինչպես նախկին հոգևորականը: Հազարավոր շարականներ ու հոգևոր երաժշտության գոհարներ, որոնք անհայտ էին ռուսական կրթությամբ երգչուհուն և որոնց ամբողջ հմայքն ու արժեքը նրա համար բացահայտեց  Խորեն Պալյանը: Իսկ երգչուհին իր եզակի, անզուգական ձայնով ու լուսեղեն ներկայությամբ ամբողջացրեց այն հեքիաթային կերպարը, որը կարճ ժամանակում դարձավ հայ ժողովրդի ամենասիրված ձայնն ու անունը: Ընդ որում, այդ համաժողովրդական սերը սկսվեց ոչ թե համերգային դահլիճներից, այլ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբից: Լուսինե Զաքարյանի բացառիկ ձայնն ու կատարողական վարպետությունը հատկապես բարձր էր գնահատում Վազգեն վեհափառ հայրապետը», – գրել է Ն. Առաքելյանը:

Լուսինեն վախճանվեց 1991 թվականին: Վազգեն Առաջին Վեհափառի հրամանով նրա աճյունն ամփոփվեց Սբ. Գայանե եկեղեցու բակում, իսկ Խորեն Պալյանը շարունակեց իր գործունեությունը՝ 1995-2005 թվականներին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում կարդալով ծիսագիտություն և վարքաբանություն առարկաները: Նա ստեղծել ու ղեկավարել է Մայր բուհի հոգևոր՝ մայր տոհմիկ  երգչախումբը, հեղինակել բազմաթիվ գրքեր, կրոնական հեռուստահաղորդումներ, հանրագիտարանային հոդվածներ, Հայաստանյայց եկեղեցու ուսումնական ձեռնարկը, դասախոսություններով հանդես եկել Հելսինկիում, Լոս Անջելեսում…

2007 թվականին մահացավ Խորեն Պալյանը, իսկ նրա աճյունն ամփոփվեց Լուսինեի աճյունի կողքին՝ այսպես շարունակելով չընդհատվող ներդաշնակությունը…

Լևոն Մութաֆյան

1 2 3 6 7 timthumb4

Scroll Up