Դիարբեքիրի դատապարտյալներն այցելել են Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի

Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի «Դիջլե» («Տիգրիս») համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քարի վարպետների ուսուցում» ծրագրի շրջանակներում մի խումբ թուրք դատապարտյալներ այցելել են հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Դիարբեքիրի բաց բանտում գտնվող ազատազրկվածները հայկական եկեղեցում հնարավորություն են ստացել ստացած տեսական գիտելիքներն ավելի ամրացնել:
Սուրբ Կիրակոսում դատապարտյալներին ներկայացվել է եկեղեցու վերանորոգման պատմությունը: Համասլարանի ուսանողներից Ադնան Նաբիքօղլուն պատմել է, որ դեռևս տեսական դասերի ժամանակ դատապարտյալներին ցուցադրվել են եկեղեցու լուսանկարները վերանորոգումից առաջ և հետո: Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում լինելը հիանալի հնարավորություն է տվել նրանց սեփական աչքերով տեսնել եկեղեցու քարերն ու դրա կառուցվածքը: Այցելության վերջում դատապարտյալներն իրենց գոհունակությունն են հայտնել այցելությունից:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը:
Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից:
Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն:
Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:
http://armenpress.am/