Իմ տունը Հայաստանում է. Ֆելիքս Ալիեւ

Էջմիածնում Ֆելիքս Ալիեւի մասին բոլորն են լսել: Ովքեր ճանաչում են` հավաստիացնում են` հրաշալի անձնավորություն է, մեծ սրտով, բարի հոգով եւ ուժեղ կամքով: Քաղաքում գրեթե բոլորը գիտեն նրա տան տեղը, շատերն էլ ճաշակել են նրա տիկնոջ պատրաստած համեղ գաթան:

Ֆելիքս Ալիևն ազգությամբ ադրբեջանցի է, ապրում է Էջմիածնում, աշխատում Գեղակերտ գյուղի մարզադպրոցում: Այսօր նրա սաների թիվն անցնում է քառասունից: Պատանիները խոստովանում են, որ մարզիչը դարձել է իրենց երկրորդ ծնողն ու նրանց դաստիարակում է մարզական եւ մարդկային գաղափարախոսությամբ` ձգտել լինել լավագույնը, սակայն երբեք չկորցնել մարդկային արժեքները: Ալիեւի մարզչական կենսագրությունը հարուստ է եւ լի նվաճումներով:
Վաստակավոր մարզիչը պատրաստել է 33 սպորտի վարպետ. նրանցից երկուսը` միջազգային կարգի: Սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Սարգսյանը, որ 1982-1983թթ. դարձել է աշխարհի չեմպիոն ու սահմանել համաշխարհային ռեկորդ, նույնպես նրա սանն է: Ալիևը հավաստիացնում է` աշխարհին դեռ բազմաթիվ չեմպիոններ է տալու, քանի որ հոգով մարտիկ է ու սիրում է հաղթահարել խոչընդոտներ:

«Եթե իմ սաները երես թեքեին ինձանից, կհեռանայի: Բայց նրանք ինձ ամուր թիկունք կանգնեցին: Նրանց սերն ու հարգանքն ինձ ուժ տվեցին, օգնեցին, որ ապրեմ, ստեղծագործեմ: Իմ ազգանունն արդեն խոսում է իմ պատկանելության մասին, այո, ես դա չեմ թաքցնում, սակայն միաժամանակ, խոստովանում եմ, որ Հայաստանում է իմ տունը, իմ ընտանիքը, իմ կյանքի պատմությունը: Ես հավերժ կապված եմ այս երկրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է նա:

Ֆելիքս Ալիևի հայրը` Ասկար Ալիևը 1930-ականներին եկել է Հայաստան, հաստատվել Էջմիածնում, իսկ հետո ամուսնացել հայուհի Եպրաքսյա Դանիելյանի հետ: «Հայրս հրաշալի կլառնետ էր նվագում: Էջմիածնում բոլորն էին ճանաչում Ուստա Ալիեւին. նա հայկական հարսանիքների ուրախությունն էր»,-պատմում է որդին:

Ֆելիքս Ալիեւի կինը` տիկին Ջուլյան, նույնպես հայ է: Հիշում է, երբ Ֆելիքսն իրեն սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն արեց, վերջում հավելեց. «Բայց ես ադրբեջանցի եմ, Ջուլյա»: «Ես էլ ասացի՝ ազգությունն ի՞նչ կարևոր է, մարդս մարդ լինի»:

Տասնամյակների ընթացքում միմյանց հանդեպ սերն ու հոգատարությունը չեն պակասել: Տիկին Ջուլյան պատմում է, որ երբեք չեն վիճել, կռվել, ապրել են սիրով ու համերաշխ: «Հպարտացել եմ, որ ամուսինս հասել է բարձունքների»,- ասում է ու ցույց տալիս շքանշանները, մեդալները, պատվոգրերը, գրքերն ու ամսագրերը, որոնք Ֆելիքսի անցած ուղու լուռ վկաներն են:

Սումգայիթի ու Բաքվի դեպքերը ցնցեցին Ալիևների ընտանիքը: Տիկին Ջուլյան պատմում է, որ այդ ժամանակ ամուսինն ու սկեսրայրն ամաչում էին մարդկանց աչքերի մեջ նայել, կարծես իրենք մեղավոր լինեին իրենց հայրենակիցների դաժանության համար: «Ֆելիքսը բարձրաձայն լացում էր»,- ասում է տանտիկինն ու գլուխը կախում: Ազգամիջյան կռիվների ու կոտորածների մասին Ալիեւը խոսել չի ցանկանում: «Մեծ քաղաքականության մեջ խառնվել չեմ ցանկանում: Ես փոքր մարդ եմ, ու իմ հավատամքը մարդկային արժեքներն են»,- ասում է նա ու հավելում, որ իրենց տան ոչ Ղուրան կա, ոչ էլ Ավետարան: Աստվածաշունչ նրա ընտանիքին հարկավոր չէ բարոյական արժեքները կարեւորելու համար:

Ալիևը հիշում է, թե ինչպես 80-ականների վերջերին ու 90-ականների կեսերին նրա սաները մի քանի ժամ դրսում սպասում էին, մինչև պարապմունքները դպրոցում ավարտվում էին և օրվա վերջում նրան ուղեկցում էին տուն: «Այդ ժամանակ մեր երկրների միջև հարաբերությունները շատ վատն էին, մարդիկ էլ էին իրար ատում, բայց ինձ հայերը չատեցին. իհարկե, այլ հայացքով էին նայում, չէ՞ որ ես ադրբեջանցի էի, իսկ սահմանին պատերազմ էր, բայց միևնույն ժամանակ տեսնում էին, թե որքան հայ ընկերներ ունեմ, իմ սաներն ինձ որքան է նվիրված և այդ ատելությունը կարծես կոտրվում էր: Ինչ ձեռք չէին տալիս, պատերազմի տարիներին երբեմն թարս հայացքով էին նայում, սակայն ոչինչ չէին ասում: Պատճառն իմ սաների սերն էր»,- հիշում է Ալիևն ու շնորհակալություն հայտնում նվիրվածության համար:

Ալիեւը Բաքվում բարեկամներ ունի, սակայն նրանց հետ շփումը պատերազմից հետո դադարեց: Բաքու գնալու մասին Ալիեւը երբեք չի մտածել: Իր տունը, աշխատանքն ու ընտանիքը սահմանից այս կողմ են` աշխարհի ամենահին քրիստոնեական քաղաքում:
1990թ. Պոդոլսկում մրցումների ժամանակ վաստակավոր մարզիչը հանդիպել է ադրբեջանցի մարզիկների: «Նրանք չէին հավատում, որ առանց ազգանունս փոխելու ապրում եմ Հայաստանում: Երբ անձանգրում տեսան, որ նշված է Ալիև, ապշեցին»,- ծիծաղով հիշում է նա:
«Հավերժ թշնամիներ ու բարեկամներ չկան, հայն ու ադրբեջանցին էլ պետք է կարողանան խաղաղ ապրել: Նրանց բաժին է հասել մի ճակատագիր, երբ ստիպված ենք կողք-կողքի ապրել: Անհնար է փոխել պատմությունն ու հարեւաններին: Էլ արյուն չպետք է թափվի, պետք է հասկանալ, որ պատերազմը ոչ մի լավ արդյունք չի տա»,- ասում է Ալիեւը:

Խաղաղության հասնելու բանաձեւը Ալիեւը չգիտի: Սակայն վստահ է, որ գալու է մի օր, որպես հարեւաններ դատապարտված ազգերը կմոռանան ատելությունն ու կապրեն խաղաղ:

Հասմիկ Հարությունյան
Լուսանկարը Մեդիալաբի

http://armenpress.am/

Scroll Up