Սիրիահայերը ՏՄՊՊՀ հասարակական նիստի ժամանակ բարձրաձայնեցին իրենց խնդիրները

Սիրիահայերը Հայաստանում դժվարանում են արտադրություն ստեղծել և բիզնես հիմնել, քանի որ շուկան փոքր է, և դրա հետ կապված չկան հեռանկարներ։ Այս մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակական խորհրդի նիստի ժամանակ ասաց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահի տեղակալ Ալեքսան Քարադանայանը՝ նշելով այն խնդիրները, որոնց հանդիպել են Հայաստան տեղափոխված սիրիահայ գործարարները։ «Երբ Սիրիայում բիզնես էինք ստեղծում, մտածում էինք, որ դժվար կլինի 27 միլիոնանոց շուկա ունեցող երկրում մեր տեղը գտնել, սակայն այստեղ շատ ավելի դժվար էր։ Սիրայում պետությունը մեծ վարկեր էր տարամադրում և մի քանի տարի ազատում հարկերից։ Հայաստանում սիրիահայերը դեռ նոր են հիմնել իրենց բիզնեսը, և դեռ չենք կարող մրցացության մասին ինչ-որ բան ասել։ Այժմ մենք ցանկանում ենք սիրիահայ արտադրողների կամ գործարարների միություն հիմնել, որն էլ կաջակցի սիրիահայ գործարարներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քարադանայանը։
Նա նշեց, որ շատերը գերադասում են Հայաստանում վերավաճառք կազմակերպել, քան թե արտադրություն։ «Դժվար է արտադրել և շուկա չգտնել։ Այժմ հույսեր ունենք, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա մեզ համար ևս հնարավորություններ կբացվեն»,-ասաց Քարադանայանը։
Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, լսելով սիրիահայերի խնդիրները, նշեց, որ սիրիահայերին մտահոգող հարցը շուկայի ծավալների վերաբերյալ օբյեկտիվ է, քանի որ Հայաստանում շուկաները սահմանափակ են, ինչն էլ մրցակցության վրա իր հետևանքներն է ունենում։ «Բացի այդ, կա նաև տնտեսական շրջափակում։ Շատ ապրանքների շուկաներում կենտրոնացվածությունը պայմանավորված է հենց դրանով, քանի որ փոքր բիզնեսները չեն կարողանում արտաքին շուկաների հետ կապ հաստատել։ Այս պայմաններում խոշոր արտադորղները մրցակցային առավելություն են ստանում փոքրերի նկատմամբ»,- ասաց Շաբոյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովի խնդիրն այն է, որ թույլ չտա խոշոր տնտեսվարողներին, իրենց մրցակցային առավելությունից օգտվելով, չարաշահումներ իրականացնել։ «Հանդիպման միջոցով մենք նպատակ ենք հետապնդում քննարկել մրցակցության ոլորտի խնդիրները և ներկայացնել մեր աշխատանքային գործունեությունը։ Մեզ համար կարևոր է հասարակության մասնակցությունը խնդրահարույց ուղղությունների բացահայտմանը։ Հաճախ այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ մեր կառույցը պատժող ու տուգանող կառույց է։ Սակայն կարող եմ ասել, որ տուգանքներ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կարգի հրավիրել տնտեսվարողին, իսկ մեր հիմնական խնդիրը մրցակցային պայմանների ապահովումն է»,- ասաց Շաբոյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակական խորհրդի առաջին նիստում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն ՏՄՊՊՀ նիստերում։
Հանդիպմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տնտեսվարողներ։
armenpress.am