Տպավորություններ Դանիայում ՀՀ դեսպանատան բացման հանդիսությունից

Անմոռաց պահեր պատմական իրադարձությունից:
Ելույթով հանդես եկան հարգարժան դեսպանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հարցերով նախարար Նիկոլաի Վամմենը: Ելույթից հետո կարմիր ժապավենը կտրեցին նախարարները, և դեսպանատունը բացեց իր դռները հայ և դանիացի հարյուրից ավելի հյուրերի առջև: Մեծ հիացմունքով և ներքին հուզմունքով ոտք դրեցինք կարծես մեզ շատ հարազատ մի օջախ: Վաղուց սպասված փոքրիկ Հայաստան՝ Դանիայի թագավորությունում:
Դեսպանատանը հյուրերին ընդունեցին բարի գալուստի ըմպելիքով և փոքրիկ ուտեստներով: Ըստ հայկական սովորության՝ սեղանին դրված էր բոլորին քաջ հայտնի հայկական կոնյակը: Հյուրերից ոմանք միայն լսել էին հայկական կոնյակի մասին, սակայն բախտ չեր վիճակվել համտեսել այն: Այստեղ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու և վայելելու նաև մեր հայկական անուշահոտ կոնյակը: Բոլորի դեմքին արտացոլված էր գոհունակության և երջանության զգացումը: Ներկաները այնպիսի ջերմ զրույցի էին բռնկվել միմյանց հետ, որ մոռացել էին անգամ արարողության սահմանված ժամանակահատվածի մասին:
Քիչ անց հնչեց հայկական հարազատ երաժշտությունը, որի տակ անհնարին էր պարային մի շարժում չկատարել: «Ահա և հայկական երաժշտությունը, դե արի՛ ու մի պարի՛»,- ասաց ներկա հյուրերից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Մի հատ Քոչարի, շուրջպար չբռնենք՞ ու թռնենք»: Դա նշան էր կարոտի, կարոտ հարազատների, կարոտ հայկական ազգային պարերի, և վերջապես կարոտ հարազատ երկրի: Հուսանք, որ դեսպանատան այս ջերմ մթնոլորտը կլինի շարունակական և կստեղծի համագործակցության նորանոր ուղիներ՝ կստորագրվեն պայմանագրեր, կիրագործվեն նախագծեր, որոնք էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Դանիայի բարեկամական կապերի ամրապնդմանը:
Աննա Կարապետյան