«Գիսանե» փառատոնի լույսն ու ստվերը

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Սոս Սարգսյանի ղեկավարությամբ գործող «Համազգային» թատրոններում և Թատերական գործիչների միության կամերային դահլիճում ընթանում են «Գիսանե» երիտասարդական փառատոնի ներկայացումները:

Դեռևս 2008 թվականին հայտարարելով իր հայտնության մասին` «Գիսանե» փառատոնը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թատերական նախագծեր, որոնց բոլորի հեղինակները Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն էին: Սա պատահական չէր, որովհետև փառատոնը ծնունդ էր առել հենց այս ինստիտուտում, դարձել ուսանողների նախաձեռնությունը: Փառատոնաշատ մեր երկրում, թվում էր, որ այս փառատոնը դառնալու էր հերթականներից մեկը, պարզապես լրացնելու էր շարքը մի քանի անգույն ու անհետաքրքիր փառատոների: Սակայն պարզվեց, որ ուսանողական թատերահանդեսը նպատակ ուներ ցրելու բոլոր թյուր պատկերացումներն այն մասին, թե մեզանում ծնունդ չեն առնում հետաքրքիր մտահղացումներ, թե թատերական դաշտում երիտասարդության ներկայությունը մոռացված կամ էլ մղված է հետնախորշերը: Անցած տարիներին ցուցադրված ներկայացումները մտորումներ ու խոհեր ծնեցին, պարտադրեցին բարձրաձայն մտորել այն մասին, որ փորձարարության ու խիզախ նորարարության կողքին տակավին գոյության իրավունք են նվաճել հնացած արտահայտչաձևերը, իրենց դարն ապրած ռեժիսորական «ընթերցումները»: «Գիսանեն»  նաև թատրոնի և կինոյի ինստիտուտի ուրույն հաշվետվությունը դարձավ` այսպես «խոշոր պլանով» ներկայացնելով այն բոլոր միտումներն ու մեթոդները, որոնք առկա են ուսումնական գործընթացներում:

2011-ի փառատոնն արդեն ինքնատիպ հասունության վկայությունն է: Ներկա գտնվելով փառատոնի բացմանը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուշագրավ դիտարկում արեց այն մասին, որ փառատոնը պետք է վերածվի ուրույն բանավեճի ու քննարկումների հանգրվանի, այստեղ պիտի հնարավորություն ունենան խոսելու թե´ ձեռքբերումների, թե´ այն հնացած ձևերի մասին, որոնց նկատմամբ արդեն իսկ պիտի դրսևորվի ժխտողական վերաբերմունք: Նման ցանկություն արտահայտեց  նաև ԵԹԿՊԻ  դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, ով իր թատրոնի բեմը սիրով տրամադրելով երիտասարդներին` տիկնիկային թատրոնը հռչակել է փառատոնային հետաքրքիր հարթակ: Փառատոնային ազդագրի բազմազանության մեջ աչքի են զարնում հայ թատերագիրների ստեղծագործությունները, ինչը վկայությունն է այն բանի, որ այլևս չենք կարող տրտնջալ ազգային թատերգության բացակայության մասին,  չենք կարող հետայսու մեր ձախողումներն ու հետընթացը պայմանավորել հայ թատերական գրականության չգոյությամբ: Անշուշտ, հայ հեղինակների ստեղծագործությունների կողքին տեղ են գրավել նաև ռուս և արևմտյան թատերագիրների երկեր, երիտասարդ բեմադրիչների ուշադրությունը սևեռվել է նաև Վուդի Ալենի դրամատիկական ստեղծագործությանը: Սա արդեն նշանակում է, որ ընդլայնվում է հետաքրքրությունների դաշտը, կարծես բացվում են կաշկանդող «դարպասները» , և մեր երիտասարդությունը սկսում է հետաքրքրվել նաև աշխարհում ծնունդ առնող նոր թատերգությամբ:

Այս փառատոնի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բեմադրիչների ցանկում մեծ տեղ են գրավում աղջիկները: Չլինելով խանդավառված «կանանց» ռեժիսուրայով, այնուհանդերձ նշենք, որ տղամարդկային համարվող այս բարդ մասնագիտությունը մեզանում էլ սկսում է ֆեմինացվել` հայտածելով իրապես հետաքրքիր մտածողությամբ և թատերատեսությամբ աչքի ընկնող բեմադրիչ աղջիկների, որոնք իրենց մեկնաբանություններով, բեմատեսության ուշագրավ դրսևորումներով պարտադրում են խոսել տեղի ունեցող ինքնահատուկ գեղարվեստական կերպարանափոխումների մասին, այն մասին, որ մեր ռեժիսուրայում արդեն երևակվում են նոր անուններ, դեռ մինչև վերջերս փառաբանվող, սակայն իրականում լուրջ ու կարևոր գեղարվեստական արժեքներ չստեղծող երիտասարդ բեմադրիչների կողքին ասպարեզ են գալիս շնորհալի դեմքեր, թատերական արտահայտչականության մեջ նոր միտումներ հաստատելու նպատակադրումներով տոգորված երիտասարդներ:

Ոգևորված փառատոնային մի շարք ներկայացումներով, հատկապես ուրախություն ապրելով այն բանի համար, որ երիտասարդների կողքին հանդես են գալիս նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ու արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը՝ այնուհանդերձ չենք կարող մոռացության մատնել այն հանգամանքը, որ այս անգամ ևս ամենախոցելին փառատոնի կազմակերպչական կողմն էր, այսպես կոչված պրոդյուսերական կողմը, քանի որ փառատոնում շատ է թափթփվածությունը, անկազմակերպվածությունը: Չկան փառատոնը ներկայացնող մեծաթիվ ազդագրեր, չարդարացված խնայողություն է հանդես բերվել ծրագրերի մատուցման հարցում, մինչդեռ գիտենք, որ փառատոնի հովանավորները որոշակի գումարներ տրամադրել են, իսկ փառատոնի տնօրինությունն էլ դուրս է մղել թատերագիտական մտքի ներկայացուցիչներին՝ այս փառատոնն էլ ձգտելով վերածել ինքնաբավ իրողության… Տխուր ու աններելի է, որ երիտասարդ բեմադրիչներն իրենք են մոտենում թատերական մտքի ներկայացուցիչներին և խնդրում ներկա լինել իրենց բեմադրությունների ցուցադրություններին:

Լևոն Մութաֆյան

Scroll Up