Իրանի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի վերանորոգւած զանգակատան օրհնութիւնը

Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի շրջանում տասնամեակներ առաջ ծնւած մեր հայրենակիցներից ոմանք վկայում էին, որ իրենք թէեւ ծնւել են այդտեղ, սակայն երբեք չեն լսել, որ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զանգակատնից տարածւէր Հայոց Եկեղեցու զանգերի ղօղանջը:
Զանգակատունը նորոգել էր պէտք, եւ այդ իսկ պատճառով Իրանի Եկեղեցիների կենտրոնը Հայաստանից Իրան հրաւիրեց ճարտարապետ-վարպետներ Ամիրա Բադիշեանին (Հայաստանի պատմական յուշարձանների վերականգնման ասոցիացիայի հիմնադիրներից եւ ներկայ փոխնախագահ) եւ Տիգրան Թանգամեանին, որոնք ամբողջ չորս ամիսներ տքնաջան աշխատանք կատարեցին, որի արդիւնքում վերանորոգւեց այդ հիասքանչ վանքի զանգակատունը:
Իրանի Եկեղեցիների կենտրոնի ընդհ. տնօրէն Շերլի Աւետեանը, որ ամենայն հոգատարութեամբ եւ գիտակ վերանորոգման գործին ու գործի կարեւորութեանը՝ յաճախ էր Թեհրանից Թաւրիզ, ապա Ս. Ստեփանոս Նախավկայի վանք այցելում, ասաց, թէ զանգակատան վերանորոգման աշխատանքը կատարելու համար իր տնօրինած կենտրոնը վայելել է Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան պատասխանատուների անմիջական օժանդակութիւնն ու հովանաւորութիւնը, իսկ Նախավկայի վանքի վերանորոգւած զանգակատան նորոգման ծախսերը հոգացել է «Հոզէյէ ազադէ Արաս»-ը:
Նոյեմբերի 7-ին Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում Ատրպատականի հայոց թեմի` ժամանակի հոգեւոր հովիւ Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանին, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներին, Ուրմիոյ շրջանի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ նոյն շրջանի Գործխորհրդի ներկայացուցիչներին եւ ոչ-պաշտօնական այցով Ս. Ստեփանոս Նախավկայի վանք այցելած Իրանում ՀՀ փոխդեսպան պրն. Բաղդասարեանին դիմաւորեց Շերլի Աւետեանը, որին ընկերակցում էին Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան տնօրէնի տեղակալ դոկտ. Օմրանին, «Հոզէյէ ազադէ Արաս»-ի պատասխանատուներն ու Հայաստանից ժամանած երկու ճարտարապետները: Շերլի Աւետեանը հայր սուրբին եւ վանք այցելած ազգայիններին ներկայացրեց դոկտ. Օմրանիին եւ միւս պատասխանատուներին ու ճարտարապետներին, ապա վանք այցելած հիւրերը հիւրընկալւեցին վանքին կից շինութեան սենեակում, որտեղ Իրանում ՀՀ փոխդեսպան պրն. Բաղդասարեանը գնահատանքի եւ շնորհակալութեան խօսք ուղղեց դոկտ. Օմրանիին եւ միւս բոլոր պատասխանատուներին եւ Իրանի կառավարութեանը՝ հայկական մշակութային կոթողների եւ եկեղեցիների նկատմամբ ցուցաբերած հոգատարութեան եւ դրանց պահպանման համար տարւող բոլոր աշխատանքների առիթով:
Այնուհետեւ արտայայտւեց դոկտ. Օմրանին: Նա էլ բարձր գնահատեց Շերլի Աւետեանի եւ հայ ճարտարապետների կատարած աշխատանքները:
Քիչ անց Ս. Ստեփանոս Նախավկայի վանք հասաւ նաեւ ուխտաւորներին վանք փոխադրող հանրակառքը:
Յատկանշական է, որ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի վերանորոգւած զանգակատան օրհնութիւնը կազմակերպւել էր Իրանի Եկեղեցիների կենտրոնի միջոցով: Կենտրոնի կողմից էին կատարւել պաշտօնական հրաւէրները, իսկ ուխտաւորներին վանք փոխադրելու աշխատանքը կազմակերպւել էր Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի միջոցով, որին իր անմիջական աջակցութիւնն ու համագործակցութիւնն էր բերել Ատրպատականի Պատմական վանքերի յանձնախումբը:
Ուխտաւորների` վանք հասնելուց յետոյ բոլորը հայր սուրբի գլխաւորութեամբ ուղեւորւեցին վանքի տաճարը, ուր տեղի ունեցաւ առաւօտեան ժամերգութիւն, եւ օրհնւեց զանգակատունը:
Երկար տարիներ լռութեամբ տարածքին հսկած զանգակատնից հնչեցին եկեղեցու զանգի հոգեպարար ղօղանջները եւ խոր յուզմունքով լցրեցին զանգի ղօղանջների հետ միաժամանակ խաչակնքող ուխտաւորների սրտերն ու հոգիները:
Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զանգի առաջին հնչեցման առիթն ունեցաւ աւելի քան 15 տարի ամենայն նւիրւածութեամբ վանքին հսկող եւ Ս. Ստեփանոս վանքին իր ծառայութիւնը բերող Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ռազմիկ Դիլանեանը:
Ժամերգութիւնից առաջ հայր սուրբը նշեց. «Զանգակատան պաշտօնական բացումը կը կատարւի առաջիկայ տարում՝ Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան յաջորդ օրը՝ գլխաւորութեամբ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Մենք հիմա շնորհակալութեան աղօթք կը բարձրացնենք առ Աստւած՝ այս առիթը մեզ շնորհելու համար»:
Առաւօտեան ժամերգութիւնը կատարեց Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանը. ժամերգութեանը մասնակցում էր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:
Յաւարտ ժամերգութեան՝ քարոզ խօսեց Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանը:
Հայր սուրբն ասաց. «Փառք ու գոհութիւն ենք յայտնում մեր ամենակալ Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսին, որ այստեղ հաւաքեց մեզ իր սուրբ զաւակի, իր սուրբ հետեւորդի՝ Ս. Ստեփանոս Նախավկայի եւ նախասարկաւագի ներկայութեան մէջ:
Քանի որ այս տաճարի, այս վանքի զանգակատունը վերանորոգւել է, ուստի այդ առիթով ենք այստեղ մէկտեղւել:
Ատրպատականի հայոց թեմի Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի անունով, բոլոր ազգային մարմինների եւ կազմակերպութիւնների, կառոյցների եւ միութիւնների անունով եւ ամբողջ թաւրիզահայութեան անունով մեր սրտագին երախտագիտութիւնը, շնորհաւորանքը եւ շնորհակալութիւնը յայտնում ենք մեր երկու ճարտարապետներին եւ նրանց օգնականներին, որոնք զօրուգիշեր աշխատեցին, տաքին ու ցրտին, որպէսզի այս վանքի գմբէթը մնայ միշտ երկնասլաց՝ մի ձեռքի ափերի պէս երկինք բարձրացող մեր հայ ազգի զաւակների համար աղօթելու: Թող Տէրը օրհնի նրանց: Ինչ որ կատարեցին մեր սիրելի ճարտարապետները եւ նրանց օգնականները, թող Տէրը ինքը վարձահատոյց լինի: Թող Տէրը առատապէս օրհնի եւ երկնքի դռները լայն բաց պահի, օրհնի նրանց ընտանիքներին, կատարի նրանց սրտի բոլոր փափագները:
Մենք Աստւածաշնչից սովորում ենք, որ Աստւած յատուկ կերպով օրհնում է այն մարդկանց, որոնք հոգ են տանում Իր տան մաքրութեանը…
… Աստւած այդ առիթով խոստանում է օրհնել բոլոր նրանց, ովքեր նախապատւութիւնը տալիս են Իր տանը: Ուրեմն՝ Տէրը թող օրհնի Աստծու տան համար բոլոր աշխատողներին: Նրանց քրտինքը Աստւած երկնքում Դաւիթ մարգարէի տիկում պահի, որպէսզի երբ Տէրը յայտնւի երկրորդ անգամ, վարձատրի նրանց»:
Հայր Սուրբն իր խօսքի վերջին բաժնում անդրադարձաւ Ս. Ստեփանոս Նախավկայի կեանքին, գործունէութեանը եւ նահատակութեանը:
Ժամերգութիւնից յետոյ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքին կից շինութեան մէջ գտնւող Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան գրասենեակում համախմբւած հոգեւոր հայրերի եւ ազգայինների ներկայութեամբ առաջինը արտայայտւեց գլխաւոր ճարտ. Ամիրա Բադիշեանը: Նա ասաց. «Այսօրւայ առիթով ես ուզում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել Աստծուն, որ հնարաւորութիւն եւ առիթ ստեղծեց՝ շուրջ չորս ամիս ապրելու մեր հոգեւոր նախնիների ստեղծած տարածքում ու միջավայրում, ապրել կեանքով եւ զգալ նրանց էներգետիկ դաշտը, այդ պատճառով էլ Աստծուց հոգաչափ շնորհակալ եմ»:
Պրն. Բադիշեանը շնորհակալութեան խօսք յայտնեց պրն. Առաքելեանին եւ Շերլի Աւետեանին, որոնց անմիջական ջանքերով եւ միջնորդութեամբ ստեղծւել էր զանգակատան վերանորոգման աստւածահաճոյ գործի հնարաւորութիւնը: Նա շնորհակալութեան խօսք ուղղեց նաեւ Հայր Սուրբին, Ատրպատականի թեմի ազգային իշխանութեան եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան պատասխանատու այրերին ու համապատասխան մարմինների ներկայացուցիչներին, որոնք ստեղծեցին Ս. Ստեփանոս Նախավկայի յիշատակին կառուցւած վանքի մի հատւածը վերստեղծելու առիթը:
Ամիրա Բադիշեանը իր ուրախութիւնը յայտնեց, որ Իրանում գոյութիւն ունի զօրեղ հայկական համայնք, եւ որ զանգակատան օրհնութիւնը առիթ ստեղծեց շփւելու այդ համայնքի մի հատւածի հետ, եւ որ ինքը ցանկանում է, որ Հայաստան-Իրան եւ Հայաստան-իրանահայութիւն կապը յարատեւ լինեն:
Ապա Շերլի Աւետեանը իր շնորհակալութեան խօսքն ուղղեց Հայաստանից ժամանած ճարտարապետներին՝ նշելով, որ նրանք էին, որ ամենայն վարպետութեամբ ու ջանասիրութեամբ աւարտեցին երկար տարիների կիսաւարտ մնացած զանգակատան աշխատանքը: Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ բոլոր ուխտաւորներին, որոնք հակառակ ցուրտ եղանակին՝ ներկայ եղան վանքում: Շերլի Աւետեանը մասնաւոր շնորհակալութեան խօսք ուղղեց Ատրպատականի հայոց Թեմական խորհրդին՝ կենտրոնի գործին նեցուկ հանդիսանալու եւ բոլոր համապատասխան համադրութիւնները կատարելու համար:
Իրանի Եկեղեցիների կենտրոնի կողմից նկատի առնւած յուշանւէրների տւչութիւնը կատարւեց Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանի ձեռամբ:
Յուշանւէրները յանձնւեցին ճարտարապետներ Ամիրա Բադիշեանին, Տիգրան Թանգամեանին եւ «Հոզէյէ ազադէ Արաս»-ը տեղում ներկայացնող ներկայացուցչին:
«Հոզէյէ ազադէ Արաս»-ի անունից պրն. Աբբասին յատուկ շնորհակալութեան խօսք ուղղեց Շերլի Աւետեանին եւ երկու հայ ճարտարապետներին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զանգակատան վերանորոգման համար կրած նեղութիւնների բերումով եւ նորանոր յաջողութիւններ ցանկացաւ նրանց:
Ատրպատականի հայոց թեմի Պատգ. ժողովի Բ ատենապետ Փայլակ Սահակեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր այս աստւածահաճոյ գործին իրենց մասնակցութիւնն ու ներդրումն են ունեցել: Նա յատուկ շնորհակալութեան խօսք ուղղեց Արեւելեան Ատրպատականի պետական այրերին, մասնաւորաբար Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան եւ «Հոզէյէ ազադէ Արաս»-ի պատասխանատուներին՝ նշելով, որ Ատրպատականի հայոց թեմի Պատգ. ժողովը, Թեմական խորհուրդը եւ բոլոր ազգային մարմիններն ու կառոյցները իրենց երախտագիտութեան խօսքն ունեն պատկան մարմինների յատուկ ուշադրութեան եւ կրած նեղութիւնների կապակցութեամբ:
Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանն էլ իր հերթին գնահատանքի խօսքն ու շնորհակալութեան իր արտայայտութիւնն ունեցաւ Իրանի պետական այրերին՝ հայ համայնքի եւ հայկական կոթողների նկատմամբ ցուցաբերած հոգատարութեան եւ ուշադրութեան համար: Հայր սուրբը նշեց, որ Իրանը իւրայատուկ տեղ ունի իր սրտում, եւ Աստծուն խնդրում է, որ անսասան պահի Իրանն ու Իրանի Իսլ. Հանրապետութիւնը:
Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանը իր խօսքից յետոյ մէկական Աստւածաշնչեր նւիրեց երկու հայ ճարտարապետներին եւ օրհնեց նրանց նւիրական գործը:
Պաշտօնական խօսքերից յետոյ հայր սուրբը, քահանայ հայրը, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի անդամները եղան ուխտաւորների շրջանում:
Բարձրաբերձ լեռներից փչող սառը քամին զգացնել էր տալիս Ատրպատականի շրջանին յատուկ ձմռան շունչը, բայց ցուրտը անկարող էր եղել ուխտաւորներին յետ պահելու Ս. Ստեփանոս վանքում լինելու բուռն ցանկութիւնից, իսկ արդէն կէսօրից երեք ժամ անց ուխտաւորները թողեցին վանքը՝ հոգու խոր բաւարարութեամբ, որ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զանգակատնից այսուհետեւ կը տարածւեն Հայոց Եկեղեցու զանգի հոգեպարար ղօղանջները:
Լեռներով ձգւող ճամբան առաւօտեան ուրախութեամբ էր ողջունում ուխտաւորներին, իսկ կէսօրից արդէն երեք ժամ անց Մայր Արաքսի ալիքների շառաչով հրաժեշտ էր տալիս նրանց:
Երբ հոգու ամբողջ տենչանքով իւրաքանչիւր հայ մարդ Ս. Ստեփանոս Նախավկայի վանք էր ուղեւորւում, նրա հետ վանքի գմբէթներից առաջ խօսում էին Արաքսի միւս ափում կանգնած Հին Ջուղայի հայոց գերեզմանատան հազարաւոր սրբատաշ խաչքարերը, իսկ այժմ երբ վանք ես մեկնում, հոգու խոր ցաւով յիշում ես մեր նախնիների յիշատակները հանդիսացող եւ համաշխարհային մշակութային հպարտութիւն հանդիսացող խաչքարերի ջարդը…
Վերադառնում ենք Ս. Ստեփանոսից զանգակատան վերականգնման բերկրանքով, բայց միեւնոյն պահին՝ Արաքսի ափերից բացակայող խաչքարերի ջարդի խոր ցաւով:
Մայր Արաքսը ձգւում է երկու ափերով: Այն ափին չկան խաչքարերը՝ Ատրպէյճանի պետական ջարդարար քաղաքականութեան հետեւանքով, իսկ այս կողմում Իրանի Իսլ. Հանրապետութեան հոգատար վերաբերմունքի, կառուցողական նպատակասլաց աշխատանքի եւ մշակութային արժէքների արժեւորման խոր գիտակցութեան արդիւնքում՝ իւրաքանչիւր օր նորոգւում է Ս. Ստեփանոս Նախավկայի վանքն ու շարունակում է հսկել տարածքին՝ իր հպարտ տեսքով, անսասան պարիսպներով ու դէպի երկինք սլացող գմբէթներով…
Շերլի Ավետյան (Թաւրիզ)
Լուսանկարը՝ դոկտ. Արա Մելիքեան