Հալեպյան հանդիպումներ. Թորոս Թորանյան

…Հալեպից մեկնելուս օրը՝ առավոտյան ժամը 9-ին, հյուրանոցի կարգադրիչ երիտասարդ հայ աղջիկ Արփին զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ առաջին հարկում սպասում է Թորոս Թորանյանը: Անմիջապես գնացի ընդառաջ: Ութսունն անց նշանավոր մտավորականը, ով օրերս կորցրել է իր կյանքի վաթսունամյա ընկերուհուն, նստած էր ճեմասրահի փոքրիկ բազմոցներից մեկին` ձեռքին բռնած մի ահռելի պայուսակ: Ինձ տեսնելով` ուրախացած ոտքի կանգնեց. «Կներեք այսչափ վաղ անհանգստացնելու համար, բայց սա ինձ համար արդեն աշխատանքային ժամ է… Այս պայուսակում իմ գրքերն են, որոնք նվեր եմ բերել Ձեզ` փափագելով, որ դրանցից մի քանիսը կհանձնեք որևէ գրադարանի»:

Մեծ դժվարությամբ վերցրի ճամպրուկը, որովհետև անասելիորեն ծանր էր: Երիտասարդ կարգադրիչը հանձնարարեց մեզ սուրճ բերել` ջրով լի գավաթները դնելով սուրճի բաժակների կողքին: «Շատերը կարծում են, թե սուրճը պետք է խմել ջրի հետ միասին` մերթ կում անելով սրճից, մերթ` ջրից: Մինչդեռ պետք է խմել ջուրը, ապա` սուրճը»,- ասաց Թոթոս Թորանյանն ու սկսեց վայելել սուրճը…

Հալեպի ու ողջ Սփյուռքի ամենանշանավոր մտավորականներից մեկը` բանաստեղծը, արձակագիրը, հանրային գործիչը, գիտնականը, բժիշկը, արթնանում է առավոտ վաղ, իր դիմաց դնում գրելու սարքն ու սկսում աշխատել, ապա նոր միայն անցնում այլ պարտականությունների: Այսպես` վաթսուն տարուց ավելի: Հրատարակել է հարյուրից ավելի գիրք, որոնցից շատերը ունեն գիտական, ճանաչողական և բանասիրական մեծ արժեք: Անդրադարձել է Սիմոն Սիմոնյանի, Հակոբ Կարապենցի, Համո Սահյանի, այլոց ստեղծագործություններին, սեփական բանաստեղծական ժողովածուներն է դրել ընթերցողի սեղանին, դասախոսություններ է կարդացել Սփյուռքի գրեթե բոլոր գաղթավայրերում, հանդես եկել հեռավոր Ավստրալիայում, իսկ Զահրատի մահվան լուրն առնելով` տաքսի է վարձել ու Հալեպից հասել Ստամբուլ, իր հրաժեշտի խոսքն ասել ականավոր բանաստեղծին, ում համարում է հայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկը: Քաջատեյակ է Սփյուռքի ողջ գրականությանը, հաճույքով խոսում է Արման Վարդանյանի, Արա Արծրունու, Զավեն Պիպեռյանի գրականության մասին, զարմացնում արդի բանաստեղծության իմացությամբ` նաև հայացք հառելով այժմ Կալիֆորնիայի հայ գրողների միության քարտուղար, իմ նախկին համակուրսեցի Գարուշ Հարյանցի բանաստեղծական հաստատումներին, առանձնակի ոգևորությամբ է խոսում Նորայր Ադալյանի` Վահան Թոթովենցին նվիրված մենագրության մասին, պատմում, թե ինչպես է իր հարկի տակ հյուրընկալվել Նորայր Ադալյանը, շնորհակալություն հայտնել աջակցության համար, իր և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հանդիպումներն է վերհիշում` նշելով այն մասին, որ սփյուռքահայ գրողների հետ կապերը տակավին խորքային չեն, որ երբեմն ձևական են սփյուռքահայ գրողների համաժողովները, իր դիտողություններն է ներկայացնում Սփյուռք-Հայաստան գործակցության մասին:

Ապա շատ երկար խոսում է Սփյուռքի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների, հայապահպանության մասին: Անհանգստությամբ և տագնապով է խոսում այն մասին, որ Հալեպի հայկական դպրոցներում էլ «տերևաթափ» է նկատվում, հայ երեխաներն աստիճանաբար հեռանում են հայկական արմատներից, գերադասում սովորել այլ ուսումնական հաստատություններում: Ցավ է ապրում, որ արտասահմանում կրթություն ստացող շատ հայ երիտասարդներ այլևս չեն վերադառնում Հալեպ, իսկ ինքը, կրթություն ստանալով Երևանում և դառնալով բժիշկ, վերադարձել է Հալեպ, որովհետև այստեղ զգացել են իր անհրաժեշտությունը: Հալեպից մի կարճ շրջան մեկնել է Բեյրութ, այստեղ աշխատել, ապա նորից վերադարձել` դառնալով համայնքային կյանքի առանցքային գործիչներից մեկը:

Հատկապես անհանգստացած է այն բանով, որ Հալեպում լուրջ տարաձայնություններ կան տարբեր ազգային կազմակերպությունների միջև, որոնք տակավին չեն կամենում համախմբվել, չեն ցանկանում միասնական դարձնել մշակութային ձեռնարկները… Նշանավոր գրողն անդրադարձ է կատարում նաև հայաստանյան հեռուստաեթերին, սուր քննադատության ենթարկում եթերից հնչող խոսքը, կարևորում այն հանգամանքը, որ եթերից հնչող խոսքը դառնում է ընդօրինակման առարկա, այսպես շատերին տանում դեպի խոսքի գետնաքարշությունը, այսպես աղավաղելով մայրենին…

Թորոս Թորանյանը սիրում է Հայաստանը, ապրում է նրա հաջողություններով և ուրախություններով, սակայն չի ուզում, որ իր հայրենքում մոռացության մատնվեն մեր պատմությունն ու մեծագույն արժեքները: Ինքը տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից օտարազգի դասախոսներ է հրավիրել, ովքեր ներկայացրել են իրենց երկրների թանգարաններում ու գրադարաններում պահվող հայկական նյութերըն, այն ահռելի հարստությունը, որը դեռևս ուսումնասիրված չէ: Ուրեմն, հարկավոր է միավորել ջանքերը, Ազգային ակադեմիայի հայագիտությամբ զբաղվող ինստիտուտներին մղել դեպի օտար գրադարաններն ու թանգարանները, համալսարանական ամբիոնները` այսպես ի մի բերելու մեր այն հարստությունները, որոնք մոռացումի փոշու մեջ են: Նաև առաջարկում է գրել ու հրատարակել Սփյուռքի արդի թատրոնի համահավաք պատմությունը. ինքը շատ նյութեր ունի, կարող է հանդես գալ օգտակար խորհուրդներով, նպաստել այդ մեծարժեք աշխատության ստեղծմանը, անգամ տպագրության համար գումարներ հայթայթել:

… Ես ցավով հրաժեշտ տվեցի Թորոս Թորանյանին, որովհետև կարևոր հանդիպում ունեի, պիտի տեսնվեի Հալեպի հայտնի ազգային ու մշակութային գործիչ Հակոբ Միքայելյանի հետ:

Լևոն Մութաֆյան

Scroll Up