Նորաբաց «Հայարտուն» մշակույթի կենտրոնում սաների պակաս չկա
Անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանում, հատկապես Թբիլիսիում բնակվող հայի համար ամենամեծ նվերը «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նորակառույց շենքն է, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, նրա առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և անդուլ ջանքերի շնորհիվ, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Սաակովների ընտանիքի հովանավորությամբ և մի շարք բարեգործական հիմնադրամների և անհատ բարերարների աջակցությամբ նվիրվեց Վրաստանի հայ համայնքին՝ հայապահպանության, ազգապահպանության և հայեցի դաստիարակության վեհ գործին ծառայելու պատգամով:
Ընդամենը մեկ ամիս է անցել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հանդիսավոր բացումից, բայց արդեն համալրված են այստեղ գործող բոլոր խմբակները: Օրվա ընթացքում 10 աշխատանքային ժամ գործող կենտրոնի բոլոր երեք սրահներում եռում է աշխատանքը, չի դադարում մարդկանց հոսքը. գալիս են տարբեր տարիքի և տարբեր հակումների մարդիկ, գալիս են իրենցը, մայրենին ստանալու, ազգայինը պահպանելու, լեզուն սովորելու, պատմությանը ծանոթանալու, հավատքին մոտենալու, երգն ու երաժշտությունը ըմբոշխնելու: Գալիս են թոթովախոս մանկան ճանաչողական աշխարհը հայերենի միջոցով բացելու, նրան հայկական շունչ և ոգի հաղորդելու: Գալիս են ծնողների բաց թողածն ու վրիպումը լրացնելու, շտկելու համար, գալիս են ազգի պատմությունը սովորելու, հավատքին մերձենալու, ավանդույթները պահպանելու, գիտեցածը ճշգրտելու համար: Ու մինչև օրս չի դադարում այդ հոսքը, քանզի գոհ են տեսածից ու զգացածից, քանզի օր օրի ավելանում է ցանկացողների թիվը, քանզի «Նախակրթարանի» մեկ խումբը արդեն չի կարող տեղավորել բոլոր երեխաներին, քանզի մայրենիից կտրված պատանիներն ու աղջնակները շատ են ցանկանում սովորել մեր մեսրոպատառ հայերենը, բնագրով կարդալ մեր հարուստ գրականությունն ու պատմությունը, մայրենիով լսել մեր եկեղեցական քարոզները, աղոթել նախնիների լեզվով:
Ուստի միանգամայն տեղին էր տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությունը՝ «Հայարտան» ցանցը էլ ավելի ընդարձակելու ու հագեցնելու վերաբերյալ, որը մյուսներին ևս իրենց արմատներին էլ ավելի մոտեցնելու գրավականն է: Հային հատուկ սովորելու և սովորեցնելու եռուզեռը, ստեղծված ջերմ մթնոլորտը ոգևորում է այստեղ ոտք դրած թե՛ մեծին և թե՛ փոքրին, թե՛ աշակերտներին և թե՛ ուսուցիչներին: Ահա այդ խանդավառությամբ որոշվեց բացել «Նախակրթարանի» ևս մեկ խումբ, որն արդեն կգործի երկրորդ հերթով, ժամը 15-ից 19-ը, որտեղ 4-ից 6 տարեկան երեխաները կսովորեն երգ-երաժշտություն, գրաճանաչություն, նկարչություն, ձեռքի աշխատանք, ինչպես նաև կդիտեն մուլտֆիլմեր: Նախակրթարանը տալիս է նաև վկայական նախակրթական դասընթաց անցնելու մասին:
Ժամանակին Ստեփան Զորյանն ասել է. «Իր մայրենին չիմացող մարդը ծառից պոկված աշնան տերևի է նման, որ տարուբերվում է անգամ թեթև քամուց»: «Հայարտուն» մշակույթի կենտրոնը հնարավորություն է ընձեռում մեր ոսկեղենիկ լեզուն սովորելու նաև հայերեն չիմացող մեր հայրենակիցներին: Այստեղ գործում են ս. Գրիգոր Նարեկացու անվան (մինչև 15 տարեկան պատանիների համար) շաբաթօրյա և ս. Եղիա Մարգարեի անվան մեծահասակների կիրակնօրյա դպրոցները: Այս դասընթացներում սաները սովորում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և եկեղեցագիտություն: Ծրագիրը, ճիշտ է , միամյա է, բայց այն շարունակական է՝ ստացած գիտելիքները հաջորդ տարիներին էլ ավելի խորացնելու միտումով: Ասենք, որ դասընթացն ավարտելուց հետո հանդիսավոր պայմաններում շրջանավարտներին տրվելու է վկայական:
Արդեն երկու տարուց ավելի է՝ նախ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իսկ այժմ արդեն «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կիրակնօրյա Սուրբ պատարագից հետո ցուցադրվում են հայոց պատմությանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցուն նվիրված տեսաֆիլմեր, որոնց ժամանակ դահլիճում ազատ տեղ չի մնում:
Շուտով մշակույթի կենտրոնում կբացվի է նաև վիրտուալ համալսարանի լսարան, որտեղ ցանկացած տարիքի մարդ համակարգչի օգնությամբ կարող է ստանալ հայեցի գիտելիքներ, անգամ հայերեն ոչ մի բառ չիմացող անձը կարող է սովորել մեր լեզուն, գրականությունը, պատմությունը, տեղեկանալ աշխարհասփյուռ հայության կյանքի նորություններին, ծանոթանալ, շփվել և նորանոր ընկերներ ձեռք բերել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում:
Ավելացնենք, որ «Հայարտուն» մշակույթի կենտրոնը նաև հայ դասական երգի դասեր է մատուցում Ներսես Շնորհալի եկեղեցական երգչախմբում երգել ցանկացողների համար, իսկ «Ջեյրան» և «Նաիրի» պարի համույթներում սովորեցնում են հայկական ժողովրդական պարի արհեստավարժ և սիրողական կատարումներ: Ցանկացողները կարող են հաճախել նաև լուսանկարչության դասընթացների, իսկ մայրիկների համար կազմակերպվում են զրույցներ եկեղեցական և այլ թեմաներով:
Այնպես որ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնի դռները բաց են բոլորի առջև: Հայեցի դաստիարակության բազմաճյուղ այս օջախը սպասում է իր սաներին:
Սուսաննա Խաչատրյան
Թբիլիսի