«Լեզուն հայրենիք է, պետություն և լեզվաքաղաքականություն»

Այսպես էր խորագրված կլոր սեղան-քննարկումը, որը նախաձեռնել էր ՀՅԴ Երևանի մարմինը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանի մտահղացմամբ և ատենապետությամբ: Այն տեղի ունեցավ փետրվարի 14-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» մշակութային կենտրոնի մամլո սրահում:

 Հատկապես վերջին շրջանում մտահոգող են դարձել մայրենիին առնչվող խնդիրները. պետական քաղաքականության մեջ ունենալով գերակա դեր և նշանակություն, այնուհանդերձ, լեզուն հայտնվել է «աղքատ ազգականի» կարգավիճակում՝ ծնելով բազմաթիվ մտահոգություններ և անհանգստություններ: Հանրային գործունեության բոլոր ոլորտներում մենք բախվում ենք լեզվական աղավաղումներին, մեր ականջին խորթ շեշտավորումներին, օտարաբանությունների յուրատեսակ արշավանքին, որոնք էլ խեղաթյուրում են մեր լեզուն, նրա միջոցով հարված հասցնում մեր ինքնությանը: Դպրոցական և համալսարանական միջավայրերում ևս շատ հաճախ չի կարևորվում լեզուն, չկան լեզվի ուսուցման արդիական միջոցներ, տարիներ շարունակ չեն լուծվում արևմտահայերենի և արևելահայերենի փոխառնչությունների հարցերը, մասնավորաբար արևմտահայերենի ուսուցման ոլորտում հենց հայրենիքում ունենք առաջացած լուրջ ու խորքային տագնապներ: Այս և այլ խնդիրներ էլ մտահոգել էին ինչպես Լիլիթ Գալստյանին, այնպես էլ քննարկմանը զեկուցումներով հանդես եկած բանախոսներին, որոնց բոլորի մտահոգ խոսքում հնչում էր լեզվի անաղարտության և լեզվաքաղաքականության ձախավերության հարցը:

Բանասիրական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանի զեկուցումը նվիրված էր հանրակրթության ասպարեզում հայոց լեզվի կրթության և դաստիարակության հարցերին: Լեզուն կրթության և դաստիարակության գլխավոր գործիքն է, մինչդեռ այն միջոցները, որոնցով մենք հասնում ենք լեզվի ուսուցմանը, չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Առաջին հերթին բանախոսը կարևորեց կրթական ծրագրերի հարցը, երբ լեզվի ուսուցումը կառուցվում է բացառապես քերականության վրա՝ առաջ մղելով կանոնների անգիր պարտադրանքը: Բանախոսը դեմ է քերականության ուսուցմանը և առաջնային է համարում լեզվի ուսուցումն այլ եղանակներով: Անտարակույս, զեկուցման մեջ առկա էր միակողմանիությունը, քանի որ չի կարելի բացառել քերականությունը, որը լեզվի հիմքն է, նրա գլխավոր հենարանը: Առանց ձևաբանական և շարահյուսական կարգերի՝ անհնար է հասնել լեզվաիմացության, գրագետ խոսքի կառուցման: Պարզապես պետք է գտնել ու հիմնավորել քերականական կարգերի «կենդանացման» եղանականեր, ստեղծել նոր դասագրքեր, որոնք կենդանի օրինակների հենքի վրա կձևավորեն ուսուցման նոր մեթոդներն ու եղանակները: Գուցե նաև պետք է հրաժարվել հարցաշարային ուսուցումից, ինչը մեքենական է, ոչ թե ծանոթացնում է լեզվի կենդանի շերտերին, լեզուն դնում շարժման մեջ, այլ ընդամենը աշակերտներին պատրաստում է քննությունների՝ այսպիսով կիրառական չդարձնելով լեզվի խոր իմացությունը, գրագետ և գեղեցիկ խոսքի կազմակերպումը:

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանն անդրադարձավ հրապարակային խոսքի գեղագիտությանը՝ հատկապես  ուշադրությունը սևեռելով ձայնասփյուռով և հեռատեսիլով մատուցվող խոսքին, շեշտադրման եղանակներին, հրապարակային խոսքի գրավչությանը: Նշանավոր գիտնականն անձնական փորձի հենքի վրա ներկայացրեց բազմաթիվ օրինակներ, երբ խոսքը եթերում կորցնում է իր ներքին շարժումը, զրկվում ելևէջների և մատուցման ձևերի բազմազանությունից: Վերջին շրջանում հատկապես շատ են սխալ շեշտավորումները, որոնք էլ խաթարում են խոսքը, առաջնային դարձնում անգրագիտությունը: Գիտնականը կարևորեց նաև պայքարի անհրաժեշտությունը «ա»-խոսության դեմ (խոսքը «է» օժանդակ բայի փոխարեն «ա» օգտագործելու մասին է):

Կլոր սեղանի շրջանակներում լսվեցին ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Գարեգին Չուգասզյանի «Լեզուն ինքնիշխանության  համատեքստում», Արամ Ապատյանի «Ազգային դպրոց. զարգացման հնարավորություններ», Ռուբեն Թարումյանի «Թվայնացում. լեզուն համացանցում» զեկուցումները: Առանձնակի ուշադրության արժանացավ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի զեկուցումը, որը նվիրված էր լեզվական քաղաքականության, իրավիճակի և վերահսկողության հարցերին: Պաշտոնյան անհանգստությամբ նշեց, որ պետական քաղաքականության մեջ չկան համապատասխան օրենսդրական դրսևորումներ, որոնք կօգնեն լեզվի հանդեպ հոգատար վերաբերմունքի դրսևորմանը: Նա ներկայացրեց այն բազմթիվ խոչընդոտները, որոնք հառնում են վերահսկողության ճանապարհին, նաև խոսեց օրենսդրական անկատարությունների մասին…

Ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին համալսարանական լեզվաբաններ, գրողներ, մեր լեզվի խնդիրներով մտահոգված անձինք:

Լևոն Մութաֆյան

Scroll Up