«Սիրիահայ մշակույթի շունչը» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը մեկնարկեց

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին: Նախարարը այս նախաձեռնությունը համարեց սիրիահայերի ինտեգրման կարևոր քայլ և նշեց, որ տոնավաճառի շնորհիվ նրանք ոչ միայն իրենց աշխատանքները ցուցադրելու, այլև գումար վաստակելու հնարավորություն կունենան:

Տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ֆոնդին:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը:

Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 15-ին Սիրահարների այգում:

unnamed (4) unnamed (3) unnamed (2) unnamed (1)

Scroll Up