Առաջավորաց Պահք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 2014թ. Տոնացույցով փետրվարի 10-ից, սկսվում է Հայ Եկեղեցու առաջին պահքը, որը հենց այդպես էլ կոչվում է` տարվա հերթականությամբ առաջինը լինելու համար` Առաջավորաց:  Այն սովորաբար շարունակվում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ: Առաջավորաց պահքը, որ հաստատվել է հենց սբ. Գրիգոր Լուսավորչի ձեռամբ, հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է, իսկ դրան հաջորդող շաբաթ օրը ավանդաբար նշվում է սբ. Սարգսի  տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու և առհասարակ մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է:

Այս տարի, սակայն, ավանդական կանոնից փոքրիկ շեղում է կատարվել. Առաջավորաց պահքը կշարունակվի ոչ թե 5, այլ 4 օր, քանի որ պահքի 5-րդ օրը այս տարի համընկնում է մեր Եկեղեցու ամենասիրված Տերունական տոներից մեկի՝ Տեառնընդառաջի հետ, որը Եկեղեցին տոնակատարում է, ըստ առաքելադիր սովորության, փետրվարի 14-ին, այսինքն՝ Քրիստոսի Ծնունդից հետո՝ 40-րդ օրը: Եվ քանի որ տոն օրերին, մանավանդ՝ Տերունական, պահքն արգելված է, Առաջավորացն էլ այս տարի կունենա ոչ թե 5, այլ 4 օրվա տևողություն՝ փետրվարի 10-ից մինչև 13-ը: Հովնան մարգարեի հիշատակն էլ ոչ թե 14-ին կլինի, այլ 13-ին՝ հինգշաբթի օրը: Իսկ սբ. Սարգսի տոնը կտոնակատարվի, ինչպես միշտ, շաբաթ օրը, այս տարի՝ փետրվարի 15-ին:

Նախաբան

Դարեր շարունակ Առաջավորաց պահքը, հատկապես պարզ ժողովրդի կողմից, շփոթվել է սբ. Սարգսի տոնի հետ և թյուրիմացաբար անվանվել սբ. Սարգսի պահք:    Այսինքն` ժողովուրդը մոռացել է հիշատակել Առաջավորացը` հիշելով միայն սբ. Սարգսին, և պասն էլ նրան է վերագրել, ինչի պատճառով քույր Եկեղեցիները, հատկապես հույները, վեճի առարկա են դարձրել այն` դատապարտելով հայերին սուրբի անունով պաս ունենալու համար, որը ընդունված չէ քրիստոնյա Եկեղեցիներում: Եվ մեր Եկեղեցու հայրերն էլ պարբերաբար ստիպված են եղել բացատրություններ տալ Առաջավորացի և սբ. Սարգսի մասին` ասելով, որ դրանք միմյանց հետ կապ չունեն: Եվ այնուամենայնիվ, այսօր էլ ոմանք այս պահքը անվանում են սբ. Սարգսի պահք: 

Պատմական ակնարկ

Ավանդության համաձայն` Խոր վիրապից ելնելուց հետո սբ. Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև, ինչպես պահանջում էր իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, անկեղծորեն զղջում էր իր նախկին հեթանոսական անբարո կյանքի և բոլոր տեսակի մեղքերի համար: Մանավանդ` հայոց արքան, որ Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգորին, բազում տանջանքների ենթարկելուց հետո, խավար ու օձերով լեցուն Վիրապն էր նետել, իսկ Հռիփսիմյան կույսերին` չարչարելով սպանել:

Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը: Հարկ է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն` ընդհանրապես ոչինչ չէին ուտում կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Հետագայում, սակայն, բանջարեղենին ավելացան բուսական ծագումով այլ կերակուրներ, ինչպես նաև մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր հավատացյալի կամքին է թողնվում Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ թե սովորական պահք:

Առաջավորաց պահքը պահում ենք Սբ. Զատկի տոնի շարժականության համաձայն`Մեծ պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ, որը տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ:

Ինչու՞  ենք հենց հինգ օր պահք պահում

Հայ Եկեղեցու հայրերը այս հարցին մի քանի բացատրություն են տալիս.

ա)     Ինչպես ասվեց, սբ. Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան  5  օր: 

բ)    Յուրաքանչյուր մարդ ունի 5 զգայարան ` տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք, որոնցով մեղանչում է(մեղք է գործում), ուստի այս պահքի 5 օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

գ)    Հայտնի է, որ Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում: Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն: Սակայն ո´չ մարդուն, ո´չ կենդանիներին ուտելու հրաման դեռևս չէր տվել: Այդ հրամանը(տե´ս  Ծննդ. Ա 29-30) մարդուն և ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն 6-րդ օրը, այսինքն` 5 օր հետո:  Ըստ այդմ` աշխարհի ստեղծման առաջին 5 օրը,  կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում:

դ)     Ըստ եկեղեցական ավանդության` այս պահքը սահմանվել է նաև Մովսեսից առաջ եղած նահապետների կողմից: Դրախտից վտարվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ(Աբելը, Սեթը) հնգօրյա պահք պահեցին: Ենովքն էլ 5 օր պահք էր պահում յուրաքանչյուր ամսամուտի: Իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և դուրս գալուց հետո: Հնգօրյա պահք են պահել նաև Աբրահամը, Հակոբն ու Հովսեփը: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը,  որ այս պահքի առաջին 4 օրերի ընթացքում Սբ. Գրքից` Աստվածաշնչից,  ընթեցվածներ չի կարդացվում Եկեղեցում,  քանի որ պահքի հաստատվելու ժամանակ դեռ չէին գրված ո´չ Հին Կտակարանի,  ո´չ էլ, առավել ևս,  Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին`ուրբաթ օրը Հովնան մարգարեի( Ն.Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է. Եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը: 

Ինչպես պատմում է Սուրբ Գիրքը, Աստված, տեսնելով, որ Ասորեստանի Նինվե քաղաքի բնակիչներն ամբարշտացել են և օրեցօր ավելացնում են իրենց անօրինությունները, կամենում է քաղաքը կործանել: Սակայն բարեգութ լինելու պատճառով կործանումից փրկվելու մի հնարավորություն է ընձեռում նրանց: Իր ծառաներից մեկին` Հովնան մարգարեին,  hրամայում է գնալ Նինվե և բնակիչներին ապաշխարություն քարոզել` հայտնելով նրանց,  որ եթե զղջան իրենց գործած չարիքների համար ու դադարեն անիրավություններ գործելուց, քաղաքը կփրկվի: Այլապես հաշված օրերից Նինվեն պիտի կործանվի: Հովնանը կատարում է Տիրոջ պահանջը: Նինվեացիները հավատում են Հովնանի խոսքերին, և բոլորը` մեծ թե փոքր, քուրձ հագնելով, պահք են պահում: Անգամ թագավորը, գահից իջնելով և իր թագավորական զգեստները հանելով ու քուրձ հագնելով, նստում է մոխրի վրա և ապաշխարության ուղերձ հղում բոլոր նինվեացիներին: Այսպիսով, Աստված տեսնում է նրանց ապաշխարությունը և քաղաքը կործանումից փրկում:

Ի՞նչ է մեզ ուսուցանում այս պատմությունը 

Միայն և միայն մեկ բան. Աստված մեզանից պահանջում է ճշմարիտ  ապաշխարություն:Ապաշխարության կոչով Քրիստոս սկսեց Իր քարոզությունը և այն օրից ի վեր` արդեն շուրջ 2000 տարի,  շարունակում է նույն կոչով դիմել մեզ: Հեթանոս նինվեացիները,  թագավորով հանդերձ, հավատացին իրենց թշնամու երկրից եկած մարգարեի շուրթերով ասված Աստծու խոսքին, ապաշխարեցին, և Աստված կործանումից փրկեց նրանց քաղաքը: Հեթանոս Տրդատ արքան և հայ ժողովուրդը հավատացին սուրբ Գրիգորի քարոզած միակ ճշմարիտ Աստծուն, ապաշխարեցին և Փրկչի ճշմարիտ հավատքի Լույսն ընդունեցին իրենց սրտերում: Այսօր էլ մեր ժողովրդի զավակների ստվար մի հատված, որ , ցավոք, անունով է միայն քրիստոնյա մնացել, կարիք ունի ճշմարիտ ապաշխարության, եթե իսկապես կամենում է իրեն ու իր երկիրը փրկել կործանումից և ազատվել այն աննախանձելի վիճակից, որում գտնվում է:

Առաջավորաց պահքը, ուրեմն, պատեհ մի առիթ է, որ այժմ, թեկուզ 5 օրով մտովի տեղափոխվենք 1700 տարի առաջ, երբ սուրբ Լուսավորիչը ժողովրդին մկրտելուց և վերջնականորեն դարձի բերելուց առաջ 5-օրյա պահքով ապաշխարություն նշանակեց:

Մայր Եկեղեցին հրահանգում է, որ այս հինգ օրերի ընթացքում ժամանակ գտնենք ինքնաքննության, հիշենք մեր մեղքերը, զղջանք դրանց համար և թողություն խնդրենք Տիրոջից` այլևս դրանք չկատարելու կամքով ու վճռականությամբ: Մայր Եկեղեցին նաև հիշեցնում է ողորմության գործեր կատարել` ամեն մեկս մեր կարողության չափով. ավելի ուշադիր նայենք՝  մեր շուրջը, մեր կողքին կամ նույնիսկ մեր ընտանիքից ներս չկա՞ն արդյոք անտեսված ու մոռացված մարդիկ, որոնք գոնե մի անկեղծ ժպիտի կարիք ունեն, որը դժվար չէ պարգևել, եթե ավելին անելու կարողություն չունենք: Կամ` արդյոք ներե՞լ ենք մեր հանդեպ մեղանչածներին կամ ինքներս արե՞լ ենք առաջին քայլը` հաշտվելու նրանց հետ, ում հանդեպ անարդար ենք եղել… Առանց այս ամենի չկա ո´չ  ճշմարիտ պահք,  ո´չ էլ ապաշխարություն:

Եկեղեցու սուրբ հայրերը հորդորում են նաև աղոթել. աղոթել ոչ միայն մեր անձերի, այլև մեր հարազատների,  ընկերների, մերձավորների և հեռավորների, մեր ողջ ժողովրդի, նրա հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, վերջապես` ամբողջ աշխարհի համար, ինչպես պատվիրում է Սուրբ Գիրքը: Մեր այսպիսի կեցվածքը տեսնելով, մեր այսպիսի սիրտը տեսնելով` «Աստված կգթա, Իր բարկությունը մեզանից կհեռացնի, և կործանումից կփրկվենք» (Հովն. Գ 9): 

Պատրաստեց  Հայկ Կարապետյանը

Scroll Up