Ի պաշտպանություն մեր հայրենակցի

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հայերը շարժում են նախաձեռնել, որի նպատակն է ցուցաբերել աջակցություն  այստեղ դանակահարված ադրբեջանցու պատճառով ձերբակալբած և մինչև օրս հայտնի «Կրեստի» քննչական մեկուսարանում անօրինական պահվող հայ եղբայրներ Ալիվորյաններին։

Անդրադառնալով կատարված փաստին՝ Ռուսաստանի հայտնի  «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո ադրբեջանցիներին պատկանող «Նատալի» սրճարանը լցվեց այցելուներով։ Սրճարանում ներկա էին նաև հայեր։ Տեղի ունեցավ վիճաբանություն։ Ինչ–որ մեկը մյուսին «թարս» նայեց։ Վիճաբանողները դուրս եկան փողոց։ Երեք մարդ շրջապատեցին 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նախմետովին և նրան դանակահարելով՝ դիմեցին փախուստի, որից հետո ադրբեջանցին դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:  Իսկ դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել, իրավապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ Գարիկ և Գևորգ Ալիվորյաններին։ Դեպքից 4 օր անց իրավապահները ներխուժել են Ալիվորյանների բնակարանն ու ձերբակալել եղբայրներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ ադրբեջանցուն դանակահարել է 28-ամյա Գևորգը։ Եղբայրներին ձերբակալելուց հետո տարան ոստիկանական բաժանմունք, որտեղ ողջ գիշեր հարցաքննեցին առանց թարգմանչի, իսկ հարցաքննությունն ուղեկցվում էր դաժան ծեծով և սեռական խոշտանգման սպառնալիքներով: Եղբայրները բռնությունների արդյունքում ստիպված են եղել ստորագրել ինչ–որ թղթեր»:

«Ես դա արել եմ միայն այն բանի համար, որ դադարեցնեն խոշտանգումները»,– ոստիկանների կողմից իրենց դեմ իրականացված հանցագործությունների մասին իրավապահ մարմիններին ուղղված իր բողոք–նամակում պատմել է Գարիկ Ալիվորյանը։

Պարբերականը նշում է, որ պաշտպանական կողմը պահանջել է օտարերկրացիների գիշերային հարցաքննությունն անօրինական համարել։ Սակայն եղբայրներից մեկին կալանավորել և ուղարկել են «Կրեստի» քննչական մեկուսարան։ Հայերը չեն հերքում, որ իրենք եղել են «Նատալի» սրճարանում, սակայն պնդում են, որ այնտեղից հեռացել են նախքան վեճը։ Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ չնայած դանակահարված ադրբեջանցին պնդում է, որ Ալիվորյանը որևէ առնչություն չունի տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, մեղադրող կողմը շարունակում է պահանջել, որ Հայաստանի քաղաքացու կալանքը չվերացվի։

«Դանակահարությունից հետո Նախմետովը մեկնել էր Ադրբեջան։ Մինչ իրավապահները փնտրում էին ադրբեջանցուն, Ալիվորյանի կալանքի ժամկետը երկարացվեց։ Իսկ երբ Նախմետովը վերադարձավ Սանկտ Պետերբուրգ, նրան կանչեցին ոստիկանական բաժանմունք՝ մեղադրյալին ճանաչելու համար»,- գրում է թերթը:

«Ինձ ցույց տվեցին մի հայի անձնագիր և հարցրին՝ սա նա՞ է։ Ես ասացի՝ ոչ, քանի որ շատ լավ եմ հիշում այն 3 անձանց դեմքերը, որոնք հարձակվել էին ինձ վրա։ Ինձ ասացին. «Եթե ձերբակալված անձանց մեջ լինի այդ մարդը, կմատնանշե՛ս հենց նրան», և սպառնացին, որ քրեական գործ կհարուցեն կեղծ ցուցմունք տալու համար»,– պատմել է Նախմետովը։

Նախմետովի առջև կանգնեցրին երեք հայերին: Նրանց մեջ էր նաև այն քաղաքացին, որի անձնագիրը ցույց էին տվել ադրբեջանցուն։ «Ես չտեսա նրանց շարքում այն մարդկանց, ովքեր հարձակվել էին ինձ վրա։ Ես չեմ կարող մեղադրել անմեղին»,– «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է Ֆարիդ Նախմետովը։ «Անհրաժեշտ է սպասել դատաքրեական փորձաքննության արդյունքներին, ճշտել հանցագործության վկաների և ականատեսների ինքնությունը և նրանց հարցաքննել որպես վկաներ, ապա լուծել Ալիվորյանին մեղադրանքներ առաջադրելու հարցը։ Այս ամենի համար առնվազն 1 ամիս կպահանջվի»,– ասել է ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

«Իմ պաշտպանյալին պահում են քննչական մեկուսարանում, որպեսզի հանցագործությունից 4 ամիս անց գտնեն ականատեսներին։ Ներողություն, այդ դեպքում ինչո՞վ է նախկինում զբաղված եղել հետաքննությունը։ Ինչո՞ւ այսպես կոչված վկաների ինքնությունը չի ճշտվել հենց հանցագործության վայրում։ Ինչո՞ւ հետաքննությունը չի հիշել այդ վկաների մասին Ալիվորյանի կալանքի ժամկետի երկարացման ժամանակ։ Չե՞ք կարծում, որ նման ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ իմ պաշտպանյալի անօրինական կալանքն օրինականացնելու փորձ։ Ճանաչման ժամանակ Նախմետովի խոսքերից հետո դատարանն այլևս որևէ հիմք չունի երկարաձգելու Ալիվորյանի կալանքի ժամկետը։ Պարզ երևում է, որ իմ պաշտպանյալը որևէ առնչություն չունի այդ հանցագործության հետ»,– ասել է փաստաբան Գաբրիելյանը։

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Ալիվորյանի գործը քրեական սկանդալից վերածվում է միջազգային սկանդալի՝ տեղեկացնելով, որ գործին միջամտել է նաև Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Ինչպես տեղեկացնում են Սանկտ-Պետերբուրգի մեր հայրենակիցները, իրավապահները չեն կամենում ընդունել իրենց սխալներն ու ազատ արձակել միանգամայն անմեղ մարդկանց, ուստի հիմա էլ առաջ են քաշում այն վարկածը, որ, անկախ ամեն ինչից, Ալիվորյանը  մեղավոր է, որովհետև Ռուսաստանում ապրում է առանց որևէ գրանցման:

Կատարվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանում շարունակվում են օտարերկրացիների հանդեպ հալածանքները, որոնց վառ արտահայտություններից մեկն էլ ահա այս «սարքված» գործն է: Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ կատարվածը կստանա իր իրավական և քաղաքական գնահատականը, և ազատ կարձակվի այն անձը, ով որևէ հանցանք չգործելով` դարձել է ռուսական իրավապահ մարմինների պատանդը:

Պատրաստեց  Լևոն  Մութաֆյանը

Scroll Up