Հայ երգի թագուհին. Օֆելյա Համբարձումյան

ՀՀ նախագահի հրամանագրով հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը` հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը, ականավոր արվեստագետը, ում ստեղծագործական կենսագրությունը սկսվել է հեռավոր 1940-ական թվականներին և շարունակվել մինչև 1990-ականների վերջերը` նրան պահելով մեր գեղարվեստական կյանքի կիզակենտրոնում:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է Երևանում: Դեռևս աղջնակ` մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին: Ականավոր երգչուհի Արաքսյա Գյուրզադյանը պատմում էր, որ առաջիններից մեկը  ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, իսկ հետո էլ հորդորել է ստանալ երաժշտական կրթություն և ոտք դնել երգի արհեստավարժ բնագավառ: Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը: Ինչպես մեր երգարվեստում շատերը, Օֆելյա Համբարձումյանն էլ իր երգացանկը ձևավորեց ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, հայացք հառեց նաև կոմպոզիտորական երգին` մշտապես ձգտելով ամեն մի ստեղծագործության ներարկել սեփական արտահայտչականությունը, ձայնածավալի առանձնահատկությունները:

Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ գրավեցին ուշ միջնադարի նշանավոր սիրերգակ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Սովորաբար Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կատարում էին տղամարդ երգիչները, որոնցից Վաղարշակ Սահակյանը, Գլախո Զաքարյանը սեփական դպրոց և հարուստ ավանդույթներ էին ձևավորել: Օֆելյա Համբարձումյանն ընդդիմացավ այդ ավանդույթին  և ունկնդրին ներկայացրեց «Ես կանչում եմ լալային» , «Չկա քիզի նման» և այլ ստեղծագործություններ, որոնք պահանջում էին կատարողական մեծ վարպետություն, ձայնական հարուստ տվյալներ, տիրապետում կատարման աշուղական ավանդույթների: Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կողքին երգչուհին տեղ տվեց Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերին: Տարբեր իրենց դպրոցներով, սկզբունքներով` այս աշուղներից յուրաքանչյուրը պահանջում է հավատարմություն մեղեդուն: Եվ Օֆելյա Համբարձումյանը ցանկացած ստեղծագործություն կատարելիս հետևում էր հատկապես մելիզների արտաբերման եղանակներին, մեղեդու բազմազանությանը:

Օֆելյա Համբարձումյանի ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար: Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում» , «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար: Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա: Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի: Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը:

20-րդ դարի ազգային երգարվեստում երգչուհիների անունները քիչ չեն. Արաքսյա Գյուրզադյան, Շողիկ Մկրտչյան, Լուսիկ Քոշյան, Վարդուհի Խաչատրյան, Եվգենիա Բասյան, Աստղիկ Քամալյան, Ֆլորա Խորենյան, Վալյա Սամվելյան, ուրիշներ, սակայն հենց Արաքսյա Գյուրզադյանն ու Օֆելյա Համբարձումյանը դարձան յուրատեսակ գագաթներ, անմրցելի անհատականություններ, ովքեր հայ կատարողական արվեստը հասցրին նոր բարձունքների:

Իր կյանքի ութսուն տարին վաղուց բոլորած նշանավոր երգչուհին, մեր ապրող դասականը իր ստեղծագործական կենսագրությունը յուրովի շարունակում է դստեր` Տաթևիկ Հովհաննիսյանի կենսագրության մեջ, նրա հաջողություններով ուրախանում և հրճվում: Փույթ չէ, որ նա մոտ 15 տարի հեռացել է բեմից. Նրա կատարումները հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ, հասնում աշխարհի չորս ծագեր, ոգեշնչում և ապրեցնում, հեռուներում գտնվող հայերին հայ պահում:

Լևոն Մութաֆյան

Scroll Up