Համաժողովը՝ մասնակիցների գնահատմամբ

Ներկայացնում ենք Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի մի խումբ մասնակիցների կարծիքները համաժողովի աշխատանքների մասին՝ քաղված «Հայերն այսօր»-ում տպագրված նյութերից:

Անահիտ Բոստանջյան- Թբիլիսի, բանաստեղծուհի, թարգմանչուհի

Թբիլիսիից Երևան ճանապարհը շատ կարճ է, այդ պատճառով էլ ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում, սակայն մասնակցությունս համաժողովին նոր որակ է և նոր իրադարձություն իմ կյանքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության համար, որը ոչ միայն նպաստում է բոլորիս հետաքրքրող խնդիրների արծարծումին, այլև առիթ է տալիս ծանոթանալու հատկապես հեռավոր Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, շփվելու նրանց հետ, առավել խորքով տեղեկանալու այն խնդիրներին, որոնք առկա են:

Մեր համայնքը, որը հնագույններից մեկն է, բազում խնդիրներ և հոգսեր, անհանգստություններ ունի: Որոշ բաներ լուծում ենք մեր սեփական ուժերով, սակայն կարիք ունենք նաև Հայրենիքի աջակցության: Ու այս համաժողովն արդեն ուրվագծում է այն ուղիները, որոնք նպաստելու են մեր կապերի ամրապնդմանը, խնդիրների լուծմանը:

Ես մեծ ուշադրությամբ լսեցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ելույթները և համոզվեցի, որ այս համաժողովը նպատակ չունի քողարկելու խնդիրները, ձևական բնույթ կրելու: Հենց դա էլ ինձ ոգևորում է:

Արամայիս Միրզախանյան – Շվեդիա, բարերար

Շվեդիայի համայնքը համեմատաբար նոր է՝ ձևավորված վերջին տասնամյակների ընթացքում: Մեծ թիվ են կազմում Հայաստանից եկածները: Ես էլ տևական ժամանակ ապրել եմ Երևանում, այստեղ ստացել կրթություն, չնայած բնիկ սփյուռքահայ եմ: Ցանկացած նախաձեռնություն, որը կյանքի է կոչվում Սփյուռքի անունից և հանուն Սփյուռքի, դրվատելի է շատ: Հիմա էլ գիտեմ, որ հավաքվել ենք մի լավ գործ անելու ակնկալությամբ: Շատ եմ ուզում, որ մեր Սփյուռքի նախարարությունը, որը կոչված է Հայաստանի ներկայությունը հաստատելու Սփյուռքում և ձևավորելու առողջ կամուրջներ, այս համաժողովն առիթ օգտագործելով, կատարի աշխատանքների ինքնատիպ բաժանում, հանձնարարություններ տա Սփյուռքի համայնքներին: Այս ձևով մենք կկարողանանք հայության առջև կանգնած խնդիրները լուծել: Հասկանում եմ, որ ոչինչ կարճ ժամանակամիջոցում չի լինում, կարճ ժամանակամիջոցում չեն լուծվի բոլոր խնդիրները, սակայն Երևանից մեկնելիս մենք արդեն պիտի իմանանք, թե հետագայում ինչ ենք անելու: Իսկապես հայության համար պատասխանատու ժամանակաշրջան է սկսվում, և այդ ժամանակաշրջանը մենք պիտի օգտագործենք հանուն Հայաստանի և Սփյուռքի իսկական միավորման:

Վարուժան Ոսկանյան – Ռումինիայի Հանրապետության խորհրդարանի անդամ

Երջանիկ առիթ է Երևանում՝ Հայաստանի երկնքի տակ, տեսնելու Սփյուռքի բազմաթիվ կառույցների և համայնքների ղեկավարներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր այստեղ են եկել որոշակի տրամադրություններով և տեսլականներով, նպատակներով և խնդիրներով: Պիտի շնորհակալությունս հայտնեմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` այս հրաշալի նախաձեռնության համար: Շատ վաղուց մենք զգացել ենք նման համահավաքի անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք մեր հարցերը բարձրացնել և քննարկել պետական հովանավորությամբ և պաշտոնական գետնի վրա: Ինձ համար համաժողովը հրաշալի առիթ է ծանոթություն հաստատելու Սփյուռքի տարբեր կառույցների ղեկավարների հետ, մոտիկից ճանաչելու այն հիմնախնդիրները, որոնք կան տարբեր համայնքներում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Սփյուռքն ինքն էլ պատասխանատվություն զգա համագործակցության համար և սկսի համագործակցել Հայրենիքի հետ` վստահելով և հավատալով: Շատ հարցեր կան, որոնք կարոտ են քննարկումների. ուրեմն այս համաժողովի ընթացքում պիտի ջանանք այդ հարցերից ամենակարևորներն ու գլխավորները առանձնացնել, որպեսզի հետագայում դյուրին լինի մեր գործունեությունը: Իբրև Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր՝ ես էլ ինձ համար հստակեցնելու որոշ հարցեր ունեմ, որպեսզի կարողանամ հետագայում օգտակար լինել Հայրենիքիս և Սփյուռքին:

Գուրգեն Հեյրանով -Թբիլիսիի «Համահայկական խաղերի եւ այլ ֆորումների մասնակիցների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ 

Այս երկու օրերի ընթացքում մենք տեսանք, որ համաժողովը շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում լավ գործընկերներ կգտնենք: Հրավիրված են կոնկրետ կազմակերպությունների  ղեկավարներ, կոնկրետ հարցեր են բարձրացվում, և արդեն սկսված են քննարկումները, որոնց, բնականաբար,  մեր պատվիրակությունն էլ մասնակցում է ակտիվորեն: Հրավիրված կազմակերպությունները  աշխատող կազմակերպություններ են. վստահ եմ՝ բոլոր որոշումներն  իրականություն կդառնան:

Յուջին Քարաջյան և  Էդի Խունկանյան- Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ 

Յուջին Քարաջյան-Ե´վ ասելիք կա, և´ առաջարկ, և´ սպասելիք: Ամենակարևորն այն է, որ այդ բոլորը կոնկրետացվի, որ խոսքը գործ դառնա:

Էդի Խունկանյան-Այս համաժողովը, անշուշտ, առավել կսերտացնի, կաշխուժացնի  Հայրենիք-Սփյուռք կապերը, համագործակցությունը, որը կա, իրագործվում է, սակայն մի քիչ դանդաղ ընթացքով: Ժամանակ է պետք:

Արա Աբրահամյան- Ռուսաստանի հայերի միության նախագահ 

Այս համաժողովը հաղթանակ է: Վերջին տասը տարվա մեջ տարբերությունները շատ մեծ են, իսկ 3 տարում գրանցված արդյունքները’ շոշափելի: Մենք հավատով ենք լցված, կարեւոր է, որ սփյուռքի եւ Հայաստանի կապը լինի անմիջական: Մտածել ենք տնտեսական համահայկական ֆորումի ստեղծման մասին. տարին մեկ անգամ աշխարհի բոլոր հայ գործարարներին կհրավիրենք Հայաստան: Մեր ունեցած հնարավորությունները եթե միավորենք, աշխատանքները ոչ թե կգումարվեն, այլ կբազմապատկվեն: Եկեք գործենք. չի եղել մի դեպք, որ մենք դիմենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, և չկատարվի: Այսօր կա Սփյուռքի նախարարություն, որը մեր տունն է:

Կան նաև խնդիրներ. մենք դրանք պետք է լուծենք միասնաբար, այլ ոչ թե խնդիրների վրա ուշադրություն հրավիրենք ու ոչինչ չանենք:  ՀՀ նախագահը կախարդական փայտիկ չունի, որ  բոլոր հարցերը միանգամից լուծի: Կախարդական փայտիկը մենք ենք, ողջ հայ ժողովուրդն է:

Հարութ Բեդիրյան-Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմական խորհրդի ատենապետ 

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ այսքան բծախնդիր կարողացել է կազմակերպել այսքան գեղեցիկ հանդիպում:

Այն, ինչ այսօր խոսեց ՀՀ սփյուռքի սիրելի նախարար Հրանուշ Հակոբյանը, շատ հուսադրող է: Շատ տպավորված եմ և շատ զգացված, որ տեսա այն ոգին, որը առկա էր նրա խոսքում. հստակ է, որ քսանամյակը Հայրենիք-Սփյուռք համագործակցության նոր անկյունադարձ է: Սփյուռքը ավելի մեծ է տարիքով, Սփյուռքը կազմակերպված է, և մենք Սփյուռքի նախարարություն չունեինք: Իսկ այսօր կնշանակե, որ Սփյուռքն արդեն ներկայություն է, կնշանակե, որ այսօրվա խոսքերը, ինչը որ մենք լսեցինք, նոր հույս կբերեն մեզի: Սփյուռքը իր կարգին, և Հայաստանը իր կարգին, պետք է համադրեն այն մեծ ծրագրերը, որ մենք իսկապես կարողանանք զգալ և ապրել  մեկ ազգ, մեկ ժողովուրդ սկզբունքն ու զգացումը:
Այն առաջարկները, ծրագրերը, որոնք պետք է դուրս գան այս ժողովից, անհրաժեշտ է փաթեթի վերածել. երբ հաջորդ անգամ վերստին հավաքվենք, կարող ենք տեսնել, թե ինչ գործեր արվեցին և ինչեր տակավին չենք կարողացել անել:

Հսկայական գործ կա անելու. ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի պետությունը առանձին չեն կարող անել, իսկ Սփյուռքը և Հայրենիքը միասին կկարողանան այդ ծրագրերն իրագործել:

Պատրիկ Աղաբյան- իրավաբան  Փարիզից

«Ամեն բան լավ է, շատ մեծ և կազմակերպված միջոցառում է: Աշխատանքները պետք է կոնկրետացնել: Հայրենիք- Սփյուռք համագործակցությունը հրաշալի կամուրջ է հայապահպանության գործում: Այս հարցում Սփյուռքի նախարարությունը անգնահատելի, մեծ գործ է անում»:

Վրեժ Սապունճյան- Լիբանանի արդյունաբերության նախարար

Համաժողովը շատ լավ ընթացավ, բավականին նոր գաղափարներ, առաջարկներ ծնվեցին, և նոր ցանկություններ առաջացան: Կհուսանք, որ համաժողովի ավարտից հետո բոլորս քաջալերված մեր երկրներ կվերադառնանք, բոլորս գործի կանցնենք և կօգնենք մեր սիրելի նախարարուհի Հրանուշ Հակոբյանին, ով, իմ կարծիքով, շատ կարևոր և աղվոր գործ է անում, և արտասահմանի հայերը հետաքրքրված են նրա դինամիկ շարժումներով: Մենք բոլորս ՀՀ սփյուռքի նարարար Հրանուշ Հակոբյանի կողքին ենք, ինչպես որ Հայաստանի կողքին ենք:

Հայաստան-Սփյուռք համաժողովները շատ կարևոր են, օգտակար, որովհետև ամենքս քով-քով կլինենք և գաղափարներ կառաջադրենք, բոլոր գաղափարները միատեղ կլսվեն, կքննարկվեն, ամեն ինչ ավելի թափանցիկ կլինի և արդյունքում ծնված գաղափարները, գործերն ավելի արագ կկատարվեն: Կքաջալերեմ, որ հաճախ այս տեսակ համաժողովներ ունենանք և միասին ժողովվենք  մայր հայրենիքում:

Համաժողովի ընաթացքում քննարկվեց նաև Ցեղասպանության հարցը: Միասնաբար պետք է ուսումնասիրենք այդ ամենը, և ինչ որ լավ է մեր ժողովրդին, միասնաբար պետք է կարողանանք իրագործել: Մենք միշտ պահանջատեր ենք եղել ու մինչև վերջ էլ պետք է պահանջատեր մնանք, որ մեր իրավունքներուն հասնենք: Այս գործունեությունը երբ որ կլինի Հայաստանի և արտասահմանի ամբողջ հայության միասնական օգնությամբ, վստահ եմ, որ օր մը անպայման կհասնենք մեր նպատակներին:

Սարօ Նագգաշյան-Ռամկավար ազատական կուսակցության Երուսաղեմի կենտրոնական վարչության փոխատենադպիր

Ես մասնակցել եմ և՛ 1999 թվականի, և՛ 2002-ի համաժողովներին: Կխորհեմ, որ ամենից առաջ համաժողովն ամենամեծ փորձն է Սփյուռքը քով քովի բերելու, Սփյուռքի տարբեր ցավերն առանձնացնելու և ներկայացնելու:
1999 թվականի համաժողովն առաջինն էր, և անմիջական արդյունքն այն էր, որ Սփյուռքի կազմակերպությունները գոնե ունեցան իրենց ցանկը հայրենիքի մեջ: Այն ավելի ճանաչողական էր, իսկ այս համաժողովը շատ  գործնական է: Եթե նախորդ համաժողովնրին թերևս հայտնի չէր, թե ով էր տերը, հիմա հայտնի է:

Ամենից կարևոր հարցերից մեկը  հայ լեզվի դասավանդումն ու պահպանումն է: Եվ ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսել է այդ գործն անել. համաժողովի ընթացքում հայտնի եղավ, թե դա ինչ կենսական նշանակություն ունի:

Երկրորդը Ցեղասպանության հարցն է, որը Սփյուռքի համար շատ կարևոր է: Սփյուռքի ժողովուրդը ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև պահանջատիրության մասին է խոսում: Ցեղասպանության ճանաչումը վերջիվերջո կլինի, այն ընդամենը ժամանակի հարց է, բայց պահանջատիրությունն ավելի դժվար է:

Երրորդ կենսական հարցն այն էր, թե մենք ինչպես պետք է կարողանանք Սփյուռքի և Հայրենիքի միջև գործնական կառույցներ կազմել: Այս ուղղությամբ շատ առաջարկներ կային:

Իսկ ամենից կարևորը վստահությունն է: Պետք է վստահություն ստեղծվի երկու կողմերի՝ Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Շատ կարևոր է, որ Սփյուռքի նախարարությունն արդեն վերլուծում է, թե Սփյուռքն ի՞նչ է մտածում, ինչպե՞ս է նայում կարգ մը բաներուն: Շատ կարևոր է վիճակագրությունը, ինչը ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն սկսել է անել, և համաժողովին Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այդ ամենը:

Այսօր աշխարհում այնպիսի մարտահրավերներ կան, որ ժամանակն է համաշխարհային հայության ցավը նկատի առնել, այլ ոչ թե միայն առանձին համայնքների ցավը կարևորել: Ժամանակն է, որ միասնական պայքարենք:

Սարգիս Նաջարյան- Լիբանան, «Մասիս» շաբաթաթերթի պատասխանատու տնօրեն

Համախմբվածությունը, սփյուռքահայ կառույցների և կազմակերպությունների առաջնորդների, ղեկավարների այսքան բազմաթիվ մասնակցությունը վկայությունն է սփյուռքահայության, համայն Սփյուռքի՝ հայրենիքի հանդեպ տածած սիրույն և հայկական պետականությունը հզորացած տեսնելու նախանձախնդրության: Եթե այդ սերը և նախանձախնդրությունը չլիներ, այս մարդիկ հոս ի՞նչ գործ ունեին:

Ասիկա վկայությունն է նաև համահայկական հիմնախնդիրները միասնական ճիգերով լուծելու պատրաստակամության: Հիմնախնդիրները միայն Սփյուռքինը, Հայաստանինը կամ Արցախինը չեն, այլ համայն հայությանն են, համայն ազգինն են, հետևաբար համայն ազգը միայն միաբռունցք, միասնական, միաբերան կկարողանա այդ խնդիրները լուծելու աշխատանքները սկսել: Եվ հուսամ, որ այս համաժողովը այդ աշխատանքների մեկնակետը կդառա:

Խորհրդանշական է, որ մենք հայրենիքում ենք հավաքվել Անկախության տոնին: Անկախությունը որևէ երկրի, որևէ ժողովրդի համար բարիք պետք է դառնա, ժողովուրդը անկախության բարիքը պետք է վայելի, որովհետև անկախության համար պայքարած կըլլա, քանզի անկախությունը հենց այնպես չի տրվում. այն պայքարի, տոկունության, զրկանքի արդյունք է: Այնուհետև, երբ անկախությունը ձեռք է բերվում, պետք է անկախությունը ժողովուրդը վարձատրե: Այսօր, շատ անկեղծ կասեմ, դժբախտաբար, վարձատրությունը առավել կամ նվազ համեմատությամբ իրականացած չէ:

Ժողովուրդը այդ անկախության բարիքն ամբողջությամբ չի վայելեր: Մաղթանքս, ցանկությունս է, որ իշխանությունները անկախությունը ժողովրդի համար բարիք դարձնելու աշխատանքին լծվեն:

Նորատ Տեր-Գրիգորյանց- Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ

Ինձ գոհացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքը:  Միայն այն փաստը, որ համաժողովին մասնակցեցին 46 երկրների ավելի քան 550 մեր հայրենակիցները, արդեն խոսում է համաժողովի դերի եւ նշանակության մասին:  Այն հիանալի հնարավորություն էր հայերիս համար միմյանց ճանաչելու եւ հարաբերությունները մերձեցնելու տեսանկյունից՝ ոչ միայն Հայրենիքի, այլեւ Սփյուռքի տարբեր հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Կարեն Մկրտչյան-Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ,  Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հոգով ու սրտով կազմակերպված համաժողով էր: Ի թիվս այլ ելույթների՝ ինձ շատ դուր եկան հատկապես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի ելույթները: Գիտեմ, թե ինչպիսի ջանքեր են պահանջվել տիկին Հակոբյանից ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմավորելու եւ 3-ամյա ակտիվ գործունեություն իրականացնելու համար, ուստի շատ կուզեմ, որ տպագրվի իմ շնորհակալական խոսքը` ուղղված նախարարության ողջ աշխատակազմին եւ հատկապես տիկին Հակոբյանին:

Շատ կուզեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով իրականություն դառնա հայկական համաշխարհային ազգային կոմիտե` որպես խորհրդակցական մարմին, ստեղծելու գաղափարը:

Պողոս Կյուպելյան-արձակագիր, Լոս Անջելեսի հայ գրողների միության փոխնախագահ

Հաճույքով եմ եկել մասնակցելու այս համաժողովին և շատ տպավորված եմ: Տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, որ մենք թեկուզ յոթ տարին մեկ, բայց Հայաստան պետք է գանք. ես կուզեմ ամեն տարի գալ, ու եթե կարելիություն լինի, այստեղ հաստատվել: Նախարարուհին նաև Հայաստանում ներդրումներ անելու առաջարկ արեց. շատ տեղին էր, ուղղակի հիացա նրա խոսքերից:

Կուզեմ, որ հայրենիքում մեկ հոգի ավելի աշխատի. այդ մեկ հոգին այլևս դուրս չի ելնի, այդ մեկ հոգիով կզորանա այս երկիրը: Ամեն ինչ պետք է անենք, որ կանխենք արտագաղթը: Եթե չկարողանանք հայը Հայաստանի մեջ պահել, հայրնիքն էլ կկորցնենք:

Մեկ ընտանիքի պես լինենք. չասենք՝ հին ուղղագրություն, նոր ուղղագրություն: Մեր բոլոր տարբերությունները մեկ կողմ դնենք, իրարու ամրանանք, իրարմով զորանանք: Ես շատ լավատես եմ Հայաստանի ապագայի համար: Միայն թե Սփյուռքի երիտասարդությանն էլ պետք է կարողանանք հոս բերել, ինչպես մանչս եկավ, և իմ երազս կապրի: Սփյուռքահայ երիտասարդները պետք է հայրենիքի համը առնեն:

Սմբատ Մարիտիրոսյան- Նիդեռլանդների Թագավորության հայկական համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական, Նիդեռլանդների Թագավորությունում Հայակական կազմակերպությունները համակարգող միության նախագահ

Համաժողովը շատ կարևոր է երկու տեսանկյունից. առաջին՝ մենք ծանոթություն ձեռք բերեցինք հայկական այլ համայնքների հետ, և երկրորդ՝ նպաստում է փոխադարձ ծրագրերի, գաղափարների իրականացմանը: Կարծում եմ, որ նման համաժողովներ կազմակերպելը շատ էական և օգտակար է: Յուրաքանչյուր սփյուռքահայ, գալով Հայաստան և տեսնելով նման համագործակցություն, համայնքներում կփորձի առավել համախմբված աշխատել և օգտակար լինել Մայր հայրենիքին:

Զարկ են տրվում ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք հարաբերություններին:

Սփյուռքում վտանգված է մայրենի լեզուն. կարելի է խոսել տվյալ երկրի պետական լեզվով, բայց չպետք է մոռանալ քո մայրենին: Որպես ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական՝ ինձ համար առաջնային է Սփյուռքում աջակցել և նպաստել հայապահպանությանը, զարգացնել մեր մշակույթը օտար պետության մեջ:

Միաժամանակ համագործակցում ենք եվրոպական երկրների հայ համայնքների հետ: Առաջին համագործակցությունը սկսվեց Իսպանիայի հետ, առաջին համաձայնությունը ձեռք բերվեց, որ աջակցենք մեկս մյուսին, նպաստենք հայկական դպրոցների բացմանն ու զարգացմանը, որ ունենանք կայուն, գործող դպրոց: Երբ ունենանք կայուն դպրոց, այնժամ կունենանք նաև կայուն Սփյուռք և ավելի ամուր կլինենք:

Շատ ուրախ եմ, որ հատկապես տոնական այս օրերին ենք գտնվում Հայաստանում. ցանկանում եմ, որ զարկ տանք մեր միասնականությանը և ցույց տանք, որ հայ ազգը կարող է միասնական լինել:

Դավիթ Մատնիշյան- Իսպանիա, Իսպանիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդ

Առաջին անգամ ենք մասնակցում նմանատիպ համաժողովի. այնքանով է օգտակար, որ Սփյուռքի կառույցները կարողանում են ծանոթանալ, շփվել միմյանց հետ, բարեկամական, ընկերական կապեր են ստեղծվում ասոցիացիաների և կենտրոնների միջև, և այսուհետ մեր գործն առավել կոորդինացված կլինի: Օրինակ՝ մենք ներկայացնում ենք Եվրոպան և արդեն եվրոպական մի քանի երկրների հետ համատեղ միասնական ծրագրեր ենք իրականացրել:

Առաջիկայում նախատեսում ենք Բարսելոնում եվրոպական համայնքների ֆորում անցկացնել:

Իսպանիայի հայկական համայնքը երիտասարդ համայնք է, խնդիրներ ունենք, քանի որ դեռևս Հայաստանի և Իսպանիայի միջև թույլ են դիվանագիտական հարաբերությունները, ինչն էլ ազդում է այնտեղ բնակվող հայերի վրա: Հուսով ենք, որ նաև հայ համայնքի միջոցով կակտիվանան այդ կապերը, և հայ-իսպանական հարաբերությունները նոր հարթակ կտեղափոխվեն:

Զոհրաբ Միրզոյան- Սամարայի տարածաշրջանային կրթամշակութային հայկական ինքնավարության նախագահ

Համաժողովի նպատակներից մեկը` հայկական ուժերի համախմբումը, կատարվեց 100 տոկոսով: Այն մասնակիցներին մեծ ուժ ներշնչեց, որ շարունակեն հայապահպան աշխատանքները Սփյուռքում, տվեց մեր աշխատանքի գնահատականը: Աշխարհն իմացավ, որ Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Համաժողովում որոշվեց Հայաստանի ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչներ ունենալու հարցը, ինչը երկկողմանի կապ կստեղծի:

Ուզում եմ, որ բոլորը կառուցողական, լավատեսորեն մտածեն ու ապրեն, որովհետեւ Հայաստանը մենք ենք, մեզնից յուրաքանչյուրը: Եթե ուզում ենք լավ ապրել, պետք է ձգտենք դրան: Ուզում եմ՝ երեխաներս մեծանան Հայաստանում, կրթվեն ու մնան այստեղ…

Ֆելիքս Գեւորգյան-Կալինինգրադի մարզի տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ

Այս համաժողովը ձեռքբերում էր: Ավելի գործնական, եւ հարցերն ավելի իրատեսորեն էին քննարկվում: Բարձրացված  բոլոր հարցերն ու խնդիրները առաջադրվում էին հավատով ու վստահությամբ, որ կա մի մեխանիզմ, մի պետական կառույց, որն ի զորու է աջակցել, օգնել բարձրացված հարցերի լուծմանը:

Երկուստեք են հարցեր առաջադրվել, եւ արդեն սկսվել է երկխոսություն: Սկսվել է մի գործընթաց, որն անընդհատ պիտի զարգանա եւ շարունակվի: Կարեւոր է Սփյուռքի համակարգումը, հորիզոնական կապերի ստեղծումը: Շատ երկրներում գոյություն ունեցող համայնքներն ու ազգային կառույցները կապ չունեն մյուս երկրների նման կառույցների հետ: Այժմ կա կապող օղակ` Սփյուռքի նախարարությունը:

Հաջորդ քայլը համայնքները միմյանց հետ կապելն է, տեղեկատվական շտեմարանի ստեղծումը: Համաժողովի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին առաջին հերթին այս տեղեկատուի ստեղծումը, որը պետք է անընդհատ աճի, զարգանա:

Հորիզոնական կապեր ստեղծելով՝ կունենանք ամուր եւ միաձույլ Սփյուռք, որը կդառնա Հայաստանի շարունակությունը: Հայաստանին պետք է հզոր Սփյուռք, որ Հայաստանի հետ դառնա միասնական օրգանիզմ: Հիմքերը դրված են, շատ լավ են դրված, եւ ես դա ասում եմ դրսի աչքով:

Տեր Վարուժան արք. Հերկելյան- Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսության Կիպրոսի թեմի առաջնորդ և Կաթողիկոսական փոխանորդ

Ուրախ եմ, որ այս անգամ համաժողովը շատ ավելի կազմակերպված էր ու գործնական, կգործեին մասնախմբեր, որոնք էլ նպաստեցին մի շարք խնդիրների համակողմանի քննարկումներին: Սակայն առավել գործնական պիտի դարձնել այդ քննարկումները, որպեսզի արդյունքները մեծ ու օգտակար լինեն: Կողջունեմ համաժողովի ավարտը, որն օգտակար էր: Պիտի հուսամ, որ հետագայում շատ ավելի նոր խնդիրներ պիտի շոշափվեն:
Ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև` Սփյուռք-Սփյուռք

Խաժակ արքեպիսկոպոս Հակոբյան-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կանադայի թեմի առաջնորդ:

Գոհունակությամբ պիտի նշեմ, որ Համահայկական այս հավաքը հասավ իր նպատակների իրագործումին: Շատ վաղուց կփափագեինք ունենալ նման համազգային մի ժողով, որի ընթացքին պիտի քննարկման նյութ դարձնեինք Սփյուռքի տարբեր գաղթավայրերի համայնքների խնդիրը: Կարևոր և գործնական քայլեր կատարելու, Սփյուռք-Հայաստան կապերն ամրապնդելու, միևնույն ժամանակ Սփյուռքի մեջ ակնհայտվող ընկերային և ազգային խնդիրների շոշափումների համար կարևոր էին բոլորիս դիրքորոշումները և մոտեցումները: Հատկապես մեծ ուշադրությամբ հետևեցի արևելահայերենի և արևմտահայերենի միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին խոսակցություններին և քննարկումներին, որոնք, իմ համոզմամբ, չափազանց պետքական էին և օգտակար: Կարծիքս այն է, որ չպետք է ընթանալ առճակատումների ճանապարհով, այլ պետք է հաշվի առնել արդի Սփյուռքի իրավիճակն ու հարցը կարգավորել համակողմանի ուսումնասիրությունների հենքի վրա:

Վերջին տարիներին գոհունակությամբ կարձանագրենք այն հանգամանքը, որ Հայրենիքի նախաձեռնությունները ձևական մոտեցումների շրջանակից դուրս գալով` ձեռք են բերում գործնական նշանակություն: Հատկապես պիտի նշեմ Սփյուռքի նախարարության ջանքերը, որոնք դրվատելի են, և որոնց միջոցով սփյուռքահայերս անգամ սկսում ենք ճանաչել իրական Սփյուռքը: Այս համաժողովի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ ծանոթացանք իրար հետ աշխարհի տարբեր երկրներում ապրող սփյուռքահայերս, գիտեցանք այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, որոնց ներկայությամբ փոքր-ինչ կդժվարանան համայնքների գործունեությունն ու խնդիրների լուծման միջոցները: Ուրեմն, ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև` Սփյուռք-Սփյուռք. այս կապերն էլ պետք է ամրապինդ լինեն:

Ցանկալի պիտի լիներ, որ քննարկումներին մասնակցեին առավել մեծ թվով գիտակ մարդիկ, Ցեղասպանության քարոզչության խնդիրները քննարկվեին նաև Սփյուռքի ներկայացուցիչների ամենագործուն մասնակցությամբ, նրանց առաջադրած հայեցակարգերի սևեռումներով ևս:

Եվս մեկ անգամ կողջունեմ Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը և կհուսամ, որ այն կամուրջը, որն արդեն առկա է Հայաստանի և Սփյուռքի միջև, առավել ամրապինդ պիտի դառնա:

Արա Գոչունյան-Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Ես մինչև այսօր կայացած Հայաստան-Սփյուռք բոլոր համաժողովներին ներկա եմ գտնվել: Պետք է ասեմ, որ նրանք, ովքեր խորքային չեն տիրապետում խնդրին, մակերեսային առումով են մոտենում, նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր համաժողովները միմյանց կրկնություն են: Բայց դա այդպես չէ: Նախ մենք պետք է ընդունենք,որ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, համագործակցությունը  20 տարի առաջվանը չեն: Այն ժամանակ ուրիշ էր, այսօր ուրիշ  առաջնահերթություններ, նախապատվություն ներկայացնող խնդիրներ կան:

Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր համաժողով գալիս է ապացուցելու, որ Հայաստան-Սփյուռք համատեղ գործելու փորձն ամրանում է, մի քիչ ավելի է խորանում, և նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում են այս գործընթացին, պատկերացնում են, որ անկախ ձեռքբերումներից, բացթողումներից, որոնք միշտ էլ կարող են լինել, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետությունը պատմության նժարի վրա դնելը դեռևս վաղաժամ է: Բայց մենք գոնե կարող ենք վկայել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ընթանում են նպատակասլաց: Վերջինս շատ կարևոր է, որովհետև բոլորս տեղյակ ենք, թե Անկախությունից հետո Սփյուռքի հետ հարաբերություններն ինչպիսի զգացմունքային հանգամանքով էին ծանրաբեռնված. զգացմունքների խորությունն իր հետ բերում էր նաև իրար դժվար ընկալելու հանգամանքներ, բայց այսօր Հայաստանը և Սփյուռքը աստիճանաբար նպատակասլաց գործելու փորձը ամրապնդում, զարգացնում են:

Երիտասարդությանը, կրթությանը, լեզվին նվիրված թեմատիկ քննարկումներն էին շատ կարևոր:

Այս առաջնահերթությունները միշտ էլ մնում են, որովհետև Սփյուռքի մեջ հայապահպանությունը ինքնության խնդիր է, և լեզուն, այսպես կոչված, ռազմավարություն է` ինքնության, հայապահպանության խնդրի մեջ, հետևաբար այժմեականությունը երբեք չկորցրած և երբեք չկորցնող նյութ է: Եվ լեզվի նկատմամբ եղած ընկալումները, լեզվի խնդրի ներկայացրած հրատապ իմաստը` բազմակողմանի քննարկումների ծավալման առիթ հանդիսացան:

Յուրաքանչյուր անգամ, երբ կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք համաժողովները,  մարդիկ, հեռվից նայելով, կարծում են, որ կրկնություն է: Բայց յուրաքանչյուր անգամ, պարբերաբար համագործակցության, միասնության, եղբայրության, զորակցության կամքը թարմացնելը հայի պես ամբողջ աշխարհում սփռված ժողովրդի համար էական նշանակություն ունի:
Հայաստան-Սփյուռք համաժողովից հեռանում ենք բարձր տրամադրությամբ:

Հերմինե Դյուզյան- ՀԲԸՄ Հայաստանում և Եվրոպայում սփյուռքահայ երիտասարդաց ծրագրերի տնօրեն  

Համաժողովն ամենամեծ արդյունաբեր նախաձեռնությունն է: Հայրենի հողի վրա Սփյուռքին իրար հետ ծանոթացնելը, Հայաստան բերելը, համաժողովներ կազմակերպելը ճիշտ նույն մտածելակերպն է, որ տարիներ շարունակ իրականացնում են ՀԲԸՄ-ն և ՀՀ սփյուռքի նախարարութունը:

Ես ներկայացրի մեր կազմակերպության, միության ծրագրերը: Առաջին մտահոգությունս խառնամուսնություններն էին և հայապահպանությունը: Շատ կարևոր է, որ  կարողանանք երիտասարդներին հայրենիք բերել: Ինչպես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, երիտասարդները պետք է գան ոչ թե օգնելու, այլ պետք է շահույթ ունենան Հայաստանի մեջ, շահ փնտրեն, գործատեղեր հիմնեն, աշխատատեղեր բացեն:

Ամենադրական բանը, որ ես ընկալեցի համաժողովից, այն էր, որ ուղղությունը փոխված է. մինչ այսօր  Սփյուռքը լացած է հայ ժողովրդի վրա՝ ասելով` մեղք է, մեղք է, մեղք է, պետք է օգնենք: Հիմա տեսակետը, մոտեցումը փոխվել է: Հայաստան չպետք է գանք օգնելու, Հայաստան պետք է գանք՝ ինքներս մեզ օգնելու:

Համաժողովի մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին՝ 50-60 տարեկան մարդիկ:  Բայց նրանք իրենց հետ պետք է երիտասարդներ բերեին, որ այդ երիտասարդները կարողանան սովորել. մենք այսօր կանք, վաղը չկանք. իսկ ի՞նչ պետք է լինի հետո: Ես իմ զեկույցի ժամանակ էլ նշեցի, որ մեր ապագան երիտասարդներն են, իսկ ու՞ր էին այդ երիտասարդները: Կցանկանայի, որ համաժողովում նրանք շատ լինեին, որ հաջորդ համաժողովին նրանց ոտքը վարժվեր, և նրանք մասնակցեին քննարկումներին, կարողանային ժամերով նստել, լսել մեծերին և իրենց ստացածը գաղափարների վերածել:

Մաթո Հախվերդյան – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և «Աբովյան» մշակութային միության նախագահ 

Համաժողովի ընթացքում քննարկվող բոլոր հարցերն էլ ինձ հետաքրքիր էին, ուղղակի ֆիզիկապես չկարողացա բոլոր թեմատիկ քննարկումներին ներկա լինել:

Առավել մտահոգող է հայապահպանության խնդիրը: Եվրոպայում, մասնավորաբար Հոլանդիայում ապրող հայը հեռանում է իր ինքնությունից, իր արմատներից: Վերջին տարիներին Հայաստանից ներգաղթած հայերն արդեն իրենց ընտանիքներում հայերեն չեն խոսում. զարմանալի է, որ նրանք ավելի շուտ են մոռանում մայրենի լեզուն: 1970-ական թվականներին համայնքում մեծ խանդավառություն կար, ծնողները հաճույքով էին իրենց երեխաներին հայկական դպրոց բերում: Այժմ համայնքը մեծացել է, բայց հայկական դպրոց հաճախողների թիվն է նվազել: Սա շատ մեծ խնդիր է, ու պետք է միասնաբար համապատասխան քայլեր ձեռնարկել:

Խաչիկ Մինասյան-Աբխազիայի հայկական համայնքի նախագահ

Ես 10 օր առաջ եմ նախագահ ընտրվել և ուրախ եմ, որ առաջին այցս այսքան խորհրդանշական է ու արդյունավետ:
Համաժողովը հիասքանչ միջոցառում էր. մեկ դահլիճում էին հավաքվել տարբեր երկրների պատվիրակներ, որոնց մտահոգությունը, խնդիրներն ու նպատակները ընդանուր էին:Բոլորն էլ գոհ էին. հեռացան նոր մտորումներով, գաղափարներով, որոնք պետք է իրագործեն: Հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց եթե մի մասը կարողանանք իրագործել, դա էլ մեծ հաղթանակ կլինի:

Աբխազիայում մեր գերխնդիրը հային հայ պահելն է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ ապրի լիարժեք հայկական կյանքով: Աբխազիայում 32 հայկական պետական դպրոցներ կան, բայց, ցավոք, շատ ծնողներ նախընտրում են, որ իրենց երեխաները ռուսական դպրոցներում կրթություն ստանան: Իհարկե դպրոցներն էլ խնդիրներ ունեն, ուսուցիչների, դասագրքերի պակաս ունենք: Ուրախ ենք, որ կա ՀՀ սփյուռքի նախարարություն, որին մենք կարող ենք դիմել ցանկացած հարցով: Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ում ոգևորությունը, աշխատելու եռանդը վարակիչ է, հրաշալի նախարար է.  այս համաժողովը ոչ միայն Սփյուռքի, այլեւ առաջին հերթին նրա հաղթանակն է:

Անտուան Բաղդիկյան- Ֆրանսիայի Հայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման  միության նախագահ

Համաժողովը շատ լավ խրատ էր: Սփյուռքը չի կարող ապրել առանց Հայաստանի, առանց Արցախի: Ինչպես համաժողովին ասվեց, Հայաստանը, Արցախը, Սփյուռքը միասին պետք է գործեն ու միշտ համախմբված լինեն:
Մեր երազն այն է, որ Հայաստանը մի իսկական օջախ դառնա, որ արտասահմանում ապրող բոլոր հայերը երազեն հոս գալ, հոս մնալ, հաստատվել այս երկրի մեջ:

Scroll Up