Ադրբեջանի նախագահի «իմաստուն» պատասխանը արցախցի աղջնակի նամակին

Վերջերս ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Միակ հարցը, որ հուզել է աղջկան, այն է, թե ինչո՞ւ է Իլհամ Ալիևը նորից արցախցիներին սպառնում պատերազմով: Այս շատ պարզ հարցին պատասխանելու փոխարեն Իլհամ Ալիևի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը հեղինակել է մի հերթական «ագիտ-հուշագիր», որտեղ խոսվում է «այն ժամանակվա ադրբեջանցիների կողմից ստեղծված պետական կազմավորման» մասին, որի «ղեկավարները 18-րդ դարի վերջին հիմնադրել են Խանքենդին»:

Դիմելով Ադելինա Ավագիմյանին՝  Ասլանովը փաստորեն «ընդդիմախոսում է» բոլոր արցախցիներին, հայերին` առհասարակ. «Դու գրում ես, որ ծնվել և ապրում ես Ստեփանակերտում: Իրականում քաղաքը կոչվում է Խանքենդի… Այն առաջացել է որպես խանի ընտանիքի և մերձավորների համար հանգստի ավան: Խաների հարմարության համար խանության մայրաքաղաք Փանահաբադից՝ ներկայիս Շուշա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնալանջերին հիմնադրվել են առաջին դղյակները: Գյուղը, որտեղ ժամանակ առ ժամանակ ապրել են միայն խանի ընտանիքի անդամները, ստացել է «Խանըն քենդի» անվանումը, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «Խանի գյուղ», իսկ ավելի ուշ նա վերջնականապես ստացել է «Խանքենդի» անվանումը: Միայն 1923թ.՝ հիմնադրումից ավելի քան 100 տարի անց, Խանքենդին վերանվանվել է Ստեփանակերտ` ի պատիվ բոլշևիկ Ստեփան Շահումյանի» :

Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Այս մի քանի տողում արտահայտված «մտքերը» մերկացնում են ադրբեջանական «էլիտա»-ի ողջ էությունը. այն առհասարակ պատմության, մասնավորապես Ղարաբաղի անցյալի մասին տարրական գիտելիքներից անգամ զուրկ է: Հարկավոր է կատարյալ պրոֆան լինել, որ մարդ գրի, թե «Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնալանջերին առաջին դղյակներն են հիմնադրվել, այստեղ ժամանակ առ ժամանակ ապրել է միայն խանի ընտանիքը, և գյուղն ստացել է Խանքենդի անվանումը»: Մի՞թե Էլնուր Ասլանովը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի քարտեզը չի նայել, նախքան կգրեր այդ միտքը:

Չէ՞ որ Ստեփանակերտն, այո´, Շուշիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, բայց տեղադրված է վերջինիս համեմատ ցածրադիր տարածքում, որտեղ ոչ մի լեռնալանջ էլ չկա: Այսինքն, տեղանքը չէր կարող Շուշիի «խան»-երի համար հանգստավայր լինել, քանի որ Շուշին հենց հանգստավայր էր: Իսկ եթե «խան»-երն, այնուամենայնիվ, նույնիսկ Շուշիում էին շոգում, ապա ամառանոցի համար տեղ պիտի ընտրած լինեին Քիրսի լեռնալանջերը: Իսկ այդ մասին լռում է անգամ ադրբեջանական պատմագրությունը:

Ի՞նչ իմաստ ունի այդ անգրագետ դիտարկումը: Որպեսզի «ապացուցվի», որ «Ղարաբաղի խաները ոչ միայն Շուշին են հիմնադրել, այլև Խանքենդին»: Ադրբեջանցի համարվող Միրզա Ադիգյոզալ-բեկը, որ եղել է Իբրահիմ «խանի վեզիրը» և գրել իր տիրոջ ու նրա տոհմի պատմությունը, հստակ վկայություն է թողել այն «աշխարհաշեն» գործերի մասին, որ կատարել են Փանահը և նրա որդի Իբրահիմը: Իրադարձություններին ականատես և Իբրահիմի մոտ «վեզիր» ծառայած հեղինակն անգամ չգիտի «Խանքենդիում կառուցված դղյակների և այլ շինությունների» մասին: Եթե այդպիսիք եղած լինեին, նա անպայման կհիշատակեր: Քանի որ չի զլանում նույնիսկ «այգու պատերը» համարել «հիշատակության արժանի»: Միակը, որ ներկայիս Ստեփանակերտի տարածքում «խանի մասին հիշատակություն» կարելի է համարել, դա «Խանբաղի» անվանումն է, բայց նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է մեկ «շենքը» համարել «ամառանոցային դղյակներ», առավել ևս` «ավան» կամ «գյուղ»:

Իր «հուշագրում» Էլնուր Ասլանովը իրեն բնորոշ բթամտությամբ վերստին շահարկում է «Ղարաբաղի հայերի եկվոր լինելու» թեման: Նա, իհարկե, «մեծահոգաբար» չի ժխտում, որ «Ղարաբաղում հայեր նույնպես ապրել են, բայց նրանք կազմել են ընդհանուր բնակչության չնչին փոքրամասնությունը»:

Այժմ, դիմելով բացառապես միայն ադրբեջանցի վերոհիշյալ հեղինակի օգնությանը, փորձենք պարզել, թե ով երբ և ինչպես է հայտնվել Ղարաբաղում: Փանահի մասին նա գրում է, որ «Բայաթ ամրոցում է հավաքել իր ընտանիքը, հարազատներին, ավագներին: Շրջակայքում ապրող մարդիկ, անգամ Թավրիզի և Արդաբիլի մարզերի արհեստավորների և բնակչության մեծ մասը, լսելով Փանահ խանի հաջողությունների, մարդկանց հանդեպ նրա վերաբերմունքի և մարդկանց հանդեպ սիրո մասին, իրենց ընտանիքների հետ գալիս են Բայաթ»:

Պետք է հուսալ, որ Ասլանովը քարտեզի վրա գիտի գոնե իրանական Թավրիզ և Արդաբիլ քաղաքների տեղը: Հատկապես այդ մարդիկ են կազմել Փանահի «իլաթը», որը հետագայում նրա հետ տեղափոխվել է Տիգրանակերտ- Թառնակուտ, որին ադրբեջանցիները Շահբուլաղ են ասում, ապա և` Շուշի: Եվ դա եղել է Ղարաբաղում հայտնված առաջին «ադրբեջանցի» բնակչությունը: Փաստը, որ Շուշիի «ադրբեջանական» բնակչությունը տեղաբնիկ չէ, ընդունել են ծագումով շուշեցի ադրբեջանցի մտավորականներ նույնպես: Էլնուր Ասլանովը, ուզում եմ հավատալ, գոնե ադրբեջանցի դասականներին կարդացել է: Հիշեցնեմ նրան Յուսիֆ Վեզիր Չեմենզեմենլիի «Արյան մեջ» վեպը, որտեղ նկարագրված են Իբրահիմի արյունոտ կառավարման ժամանակաշրջանի դեպքերը: Խոսելով Իբրահիմի «վեզիր» մոլլա Փանահ Վագիֆի տոհմաբանությունից՝ Չեմենզեմենլին գրել է. «… Տանջահար ղազախցիները չգիտեին, թե որտեղ հանգիստ գտնեն»:

Ղարաբաղի խանության ստեղծումն ու Շուշի ամրոցի կառուցումը 1754թ. հույս էր տվել, որ քաղաք-ամրոցում, որ գտնվում էր բարձր լեռներում, մեծ ճանապարհներից մի կողմ քաշված, մարդիկ վերջապես հանգիստ կգտնեն, և ղազախցիներն սկսեցին Ղարաբաղ տեղափոխվել: Վագիֆը, Սաաթլի տոհմից ուրիշ տասնյոթ ընտանիքների հետ տեղափոխվել է Շուշի, հիմնել «մահալ», որն այդպես էլ կոչվել է` Սաաթլի»:

Մի քանի տարի առաջ այցելելով Արցախ` ԼՂՀ նախագահի մոտ ընդունելությանը, պրոֆ. Ֆարհադ Բադալբեյլին, որի պապը ծնվել է Շուշիում, հպարտությամբ ասել է, որ ինքը «ղաջարներից է»: Իսկ թե ովքեր են «ղաջարները», և որն է նրանց հայրենիքը, գիտի, կարծում եմ, նույնիսկ Էլնուր Ասլանովը,-գրում է «Ազգ» օրաթերթը:

Scroll Up