Գերմանիայում կնշվի Կոմիտաս Վարդապետի 150-ամյակը

Այս տարի լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակը։ Սփյուռքը ևս տոնում է աստվածատուր շնորհներով օժտված գիտնականի ծննդյան տարելիցը։
Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Լույս» գերմանա-հայկական նվագախմբից, հոկտեմբերի 5-ին Գերմանիայի ամենահայաշատ քաղաքներից մեկում՝ Քյոլնում, տեղի կունենա համերգ՝ նվիրված մեծն Կոմիտասին։
Ելույթ կունենա նորաստեղծ «Լույս» գերմանա-հայկական նվագախումբը՝ Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ։ Հանդես կգան մենակատարներ Գևորգ Դաբաղյանը (դուդուկ), Նազելի Արսենյանը (Գյոթինգենի սիմֆոնիկ նվագախումբ, առաջին ջութակ)։
Իր մասնակցությամբ համերգը ավելի գրավիչ է դարձնելու 2 գերմանական և 2 հայկական կոլեկտիվներից բաղկացած մեծ երգչախումբը։

Համերգը կազմակերպում է «Սիլվա Կապուտիկյան» գերմանա-հայկական Կանանց միությունը և հովանավորում է Քյոլնի քաղաքապետարանը, Բեռլինում  ՀՀ դեսպանատունը, Գերմանիայում Հայ առաքելական եկեղեցու Առաջնորդարանը և ձայնագրվելու է Գերմանիայի առաջատար հեռուստաընկերության (WDR) կողմից։ Ծրագրի նպատակը հայ դասական երաժշտությունը աշխարհին ներկայացնելն է։
Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ «Լույս» նվագախմբի ղեկավար Արտակ Ոսկանյանը ներկայումս աշխատանքային այցով գտնվում է հայրենիքում։ Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել և ավելի հանգամանալից ծանոթանալ նախագծին։

Scroll Up