Հայաստանը մասնակցելու է Հաագայի «Դեսպանատան փառատոնին»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/07/67390388_394545144749364_3766233190952337408_n.jpg)
Համաշխարհային մշակույթի ալիքը «Դեսպանատան փառատոնի» շրջանակում երկու օր կթևածի Հաագայում: Այն անցկացվելու է արդեն 7-րդ անգամ՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին՝ գեղատեսիլ Լանգ Վորհաութում (Lange Voorhout): Փառատոնը նշանակալի դարձավ 2018 թվականից, երբ ավելի քան 60 դեսպանատներ միացան մշակութային այս տոնին եւ իրենց երկրների փորձով ու ավանդույթով կիսվեցին ներկա բոլոր հյուրերին ու այցելուներին:
Մշակույթների փառատոնում ներկայացվելու են փոփ, ջազ, ժողովրդական եւ դասական երաժշտություն, խոհանոցի հարուստ ուտեստներ, թատրոն, գրականություն, նորարարական արվեստ: Մի խոսքով, ներկաները մշակույթի ուսումնասիրության միջոցով կօգտվեն տարբեր անվճար ծրագրերից, այն հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերի մասնակիցներին: Երկու օր զբոսնելով Lange Voorhout-ի ծառապատ այգու երկայնքով ու շրջագայելով տարբեր երկրների տաղավարներով՝ մասնակիցները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններում արարված գեղեցիկի և մարդկայինի ներդաշնակությանը:
Ի թիվս այլ երկրների, փառատոնին իր ներկայությունն է ապահովելու Հայաստանը: «Դեսպանատան փառատոնին» մեր դեսպանության կազմակերպությամբ ներկայացվելու են Հայաստանի մշակույթն ու խոհանոցը, ձեռագործ աշխատանքները, հուշանվերներ, մետաքսե վզկապեր, խեցեղեն, լեռնային բուսաթեյ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:
Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին մատուցել, ներկայացնելու է հայկական խորոված ու այլ ուտեստներ` ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիք եւ չոր միրգ: Հայ երգն ու պարը ներկայացնելու են Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
«Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը նույնպես կազմ ու պատրաստ ընդունելու և ողջունելու է բոլոր այցելուներին, նրանց հետ կիսելու է զարմանահրաշ հայկական մշակույթի ու խոհանոցի նմուշներով` անկրկնելի պահեր պարգևելով բոլորին:
Nid.oragir