«Հուսով եմ՝ Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը».Գլեդիս Բերեջիկլյան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:
–Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձաք նահանգի հայազգի և կին առաջին վարչապետը:
Նոր Հարավային Ուելսն իր մեծությամբ և բնակչության թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, իր տնտեսությամբ գերազանցում է նաև մի շարք առաջատար երկրների: Համագործակցության ի՞նչպիսի հեռանկարներ եք տեսնում Հայաստանի Հանրապետության հետ: Փոխգործակցության ծրագրեր ունե՞ք, որոնք այսանցի ընթացքում արդեն քննարկել եք Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ:
– Ծրագրերը շատ լայն են, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք պաշտոնական մակարդակում հզոր կապեր ստեղծել, որովհետև ոչ պաշտոնական մակարդակում մեր սրտերը շատ մոտ են: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքը շատ հզոր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաև օգտակար լինել երկրին: Պաշտոնական մակարդակում հարաբերությունները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի հետ, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք մեր հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալ:
–Հայաստան այցելել եք նաև 2013թ.-ին՝ ավստրալական քաղաքական գործիչների պատվիրակության կազմում։Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում և ի՞նչ տպավորություններ ունեք այսօր:
– Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպես վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, և միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխություններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն ավելի լավատես է, ապագայի նկատմամբ ավելի հույսով է լցված, շինարարությունն է բավական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պետք է լուծվեն: Բայց ես լավատես եմ Հայաստանի հետ կապված և զգում եմ, որ սփյուռքի հայությունը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:
– Հայաստանում ի՞նչն է ձեզ առավել գրավել, և Նոր Հարավային Ուելսի զբոսաշրջիկներին ի՞նչը կարող է գրավել, որպեսզի նրանք էլ այցելեն Հայաստան:
– Կարծում եմ` Հայաստանում կգրավեն անուշ պատմությունը, տեսարժան վայրերը: Հայաստանն ավելի լավ ձևով պետք է մատուցի իր հարստությունները, մանավանդ պատմական արժեք ներկայացնող կոթողները: Օրինակ` արևմտյան աշխարհը, եթե տեղեկանա, որ այստեղ գոյություն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա:
– Նախորդ անգամ նաև Արցախ էիք այցելել, այս անգամ այդպիսի այց նախատեսո՞ւմ եք:
– Դժբախտաբար, ոչ: Այս անգամ այցը շատ կարճ է, միայն մեկ շաբաթով եմ ժամանել ընտանեկան հարցերով, պետք է մասնակցեմ հարսանեկան արարողության: Բայց ապագայում դարձյալ կայցելեմ Արցախ, երկու անգամ եմ այնտեղ եղել, և միշտ ընկերներիս հորդորում եմ, որ իրենք էլ գնան: Մոտ ապագայում Ավստրալիայից պատգամավորական այլ խումբ կժամանի, հուսով եմ, որ նրանք կգնան Արցախ:
– Մեր նահանգն արդեն 20 տարի է` ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչում է: Մենք հուսով ենք, որ Ավստրալիան նույնպես կճանաչի, եթե Գերմանիան և որոշ երկրներ կարող են ճանաչել, և ես միշտ իմ խորհրդարանական ընկերների մոտ այդ հարցը բարձրացնում եմ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Ավստրալիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
– Հայաստանից դուրս բարձր պաշտոնների շատ քիչ թվով հայեր են կարողանում հասնել: Ի՞նչ խորհուրդ կտաք սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր դեռ նոր են պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ:
– Երկու բան է ինձ միշտ օգնել` հավատն ու աշխատասիրությունը: Եթե անընդհատ աշխատես, ամեն ինչ կարող ես անել: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞րն է գաղտնիքը, ասում եմ` գաղտնիք չկա: Գիշեր-ցերեկ պետք է աշխատես, և պետք է միշտ լավատես լինես, այդ երկու բաները շատ կարևոր են:
– Ապագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ծրագրեր ու նպատակներ ունե՞ք:
– Ոչ, իմ վարչապետի պաշտոնը բավական է: Սակայն 17 տարի առաջ, երբ խորհրդարանի անդամ դարձա, բնավ չէի պատկերացնում, որ մի օր պետք է վարչապետ լինեմ: Բայց կամաց-կամաց, երբ մեկ հաջողություն գրանցում ես, հասկանում ես, որ մյուսին ևս կարող ես հասնել: Այդպես հասա այս պաշտոնին:
Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի
Լուսանկարը` Տաթև Դուրյանի