Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում տեղի ունեցավ Նոր Ջուղայի ազգագրական թանգարանի պաշտոնական բացումը

Սպահանի հայոց թեմի Պատգամավորական Ժողովի որոշման համաձայն, որը հիմք ընդունելով հանգուցյալ Մարգարիտ Խաչանյանի կտակը` ազգագրական թանգարան հիմնելու կապակցությամբ, հանձնարարել էր Թեմական խորհրդին հարկ եղածը տնօրինել թանգարանի հիմնադրման ուղղությամբ, եւ Թեմական խորհրդի նախկին ու ներկայի կազմերի հետեւողական ու ջանադիր աշխատանքի շնորհիվ, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում հիմնադրվել է Ազգագրական թանգարան, ուր առանձին տաղավարներով ցուցադրվել են Հին Ջուղայի կործանման եւ Նոր Ջուղայի հիմնադրման պատմությունները, վաճառականությունը, արհեստը, արվեստը, ընտանիքը, նրբագեղությունը, կյանքը, հավատքը, դպրոցն ու երաժշտությունը: Թանգարանի դռներն այցելուների առջեւ բացվել են 2019 թվականի մարտի 20-ից, իսկ պաշտոնական բացումը տեղի ունեցավ շաբաթ` հունիսի 22-ի երեկոյան:
Բացման ծրագրի առիթով Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանն ու ազգային իշխանությունը Ս. Ամենափրկիչ վանքում հյուրընկալեցին` պետական բարձրաստիճան պաշտոնատարներին եւ նրանց ընկերակցող պատվիրակություններին, շրջանի Հայ դատի հանձնախմբի, միությունների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներին, թանգարանին նմուշներ նվիրաբերած անհատներին եւ հիմնադրման գործում դերակատարներին: Պետական բարձրաստիճան հյուրերի շարքում աչքի էին ընկնում Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային, Սպահանի քաղխորհրդի տնօրեն դոկտ. Մոինը, Իսլամական Մշակույթի եւ Առաջնորդության Սպահանի գերատեսչության գլխավոր տնօրեն հոջ. Անսարին, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ռեզային, Մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության Սպահանի գերատեսչության գլխավոր տնօրեն դոկտ. Ալլահյարին, Սպահան նահանգի թանգարանների խորհրդի գլխավոր տնօրեն պրն. Ռողանին եւ ուսումնա-դաստիարակության 3-րդ շրջանի հիմնարկի տնօրեն պրն. Նազարյանը:
Բացման ծրագիրը սկսեցին Ազգագրական թանգարանի հիմնադրման հանձնախմբի անդամներ` Կարին Տեր-Մարտիրոսյանի եւ Արգին Աբնուսյանի հանդիսավարությամբ, իսկ հաջորդիվ Թեմական խորհրդի խոսքն ընթերցվեց հանդիսավարի միջոցով:
Ահա մի հատվածի մեջբերում Թեմական խորհրդի խոսքից.
«Ազգային իշխանությունների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը` որպես Նոր Ջուղայի պատմամշակութային ժառանգությունը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորույթները ներկայացնող կարեւոր կառույց, դառնում է այն իրագործումը եւ այն ավանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփյուռքյան մի բեկորի հայկական մշակութային արժեքների շարքը»:
Սպահանի հայոց թեմի ազգային իշխանության եւ իր անունից պարսկերեն լեզվով արտահայտվեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Նա ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ Ազգագրական թանգարանի հիմնադրման կարեւորությանը եւ հատկապես ընդծգեց, որ ճիշտ է, թանգարանում ցուցադրված նմուշները ժամանակին եղել են կենցաղային սովորական իրեր, սակայն այսօր դրանք հիանալի միջոցներ են մեզ այդ ժամանակաշրջանում ապրող ժողովրդի կենսակերպին, սովորություններին ու հավատին հաղորդ դարձնելու համար: Նա մատնանշելով հայերի եւ պարսիկների միջեւ խաղաղ, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համակերցությունը՝ հույս հայտնեց, որ սույն մթնոլորտը նորարարությունների խթան է հանդիսանալու` ի նպաստ հայկական մշակույթի առավել ծանոթացման:
Ելույթով հանդես եկավ նաեւ Սպահանի նահանգապետը: Պրն. Ռեզային գնահատելով Ազգագրական թանգարանի հիմնադրումը, ինչպես նաեւ պաշտոնական բացման հանդիսության կազմակերպումը, հատկապես մատնանշեց, որ միշտ հատուկ աշխուժություն է զգացել Ս. Ամենափրկիչ վանք այցելելիս եւ հույս հայտնեց, որ սույն թանգարանը առավել չափով ծանոթացնելու է շրջանի հայության սովորությունները:
Ծրագրի շարունակության մեջ թանգարանի մուտքի ժապավենը միասնաբար հատեցին նահանգապետն ու թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, իսկ Սպահան նահանգի թանգարանների խորհրդի տնօրեն ճարտ. Նեքվին Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի պատասխանատու Զարեհ Ղարախանյանի ընկերակցությամբ, ով նույնպես անդամակցում է նշված խորհրդին, գնահատագիր հանձնեց Թեմական խորհրդին, որը ներկայացուցչաբար ստացավ փոխ-ատենապետ դոկտ. Նորայր Թումանյանը:
Վերջում ընթերցվեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տեր Սիփան եպս. Քեչեճյանի պարսկերեն լեզվով պատգամը, ուր թանգարանի հիմնադրման կապակցությամբ շնորհակալական խոսք էր ուղղված Իրանի պետական բարձրաստիճան այրերին, թեմի ազգային իշխանությանը եւ աշխատանքն ի կատար ածող հանձնախմբին ու անհատներին: Սրբազան Հոր պատգամում հատկապես ընդգծված էր. «Այս թանգարանի բացումից հետո, նրա հարատեւումն ու մասունքների արժեւորումը թողնելու ենք առաջիկա սերունդներին այն հույսով, որ նրանք իրենց արդարադատ խղճով կկատարեն լիիրավ արժեւորոմը: Ամբողջ աշխարհում, բայց մանավանդ մեր սիրեցյալ Իրանում, եւ հատկապես մեր հարազատ այս տան` Սպահան նահանգում, մեր թանգարանները իմացողների համար մեկական փարոսներ են»:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ. երգերով ելույթ ունեցան մայեստրո Համիկ Ալեքսանդրանը, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախումբը` դոկտ. Արբի Բաբումյանի խմբավարությամբ ու մեներգիչներ` Հարմա Կարապետյանի ու Վանանդ Իսաղուլյանի համագործակցությամբ, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամ Ասպետ Մարգարյանը, թառ նվագարանի նվագակցությամբ հանդես եկավ պրն. Ջեյհունը, իսկ անզուգական կատարմամբ բեմականացվեցին Նոր Ջուղայի ավանդական հարսանյանց խնջույքից դրվագներ` ցուցադրելով սույն շրջանի, ինչպես նաեւ Փերիայի եւ Չհարմահալի սովորություններն ու տարազները: Ընթացքում հանդիսավարների միջոցով ընթերցվեցին Ազգագրական թանգարանի բաժինների մասին տեղեկություններ եւ թանգարանին նմուշներ նվիրաբերած անհատների անվանացանկը, որոնք ծրագրի ավարտին գնահատվեցին շնորհակալագրերով:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները «Ալիք» օրաթերթի թղթակցի եւ Շանթ Մելքոնյանի