Վերսալի 100-ամյա պայմանագիրը

21-րդ դարը լի է 100-ամյակներով, և դրանց մեծամասնությունը 20-րդ դարի պատերազմներով ու հաշտության երերուն համաձայնագրերով է պայմանավորված։ Դրանցից մեկը 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում կնքված խաղաղության պայմանագիրն է, որի 100-ամյակը կլրանա մոտ օրերին։

Վերսալի պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ. Ավստրիայի հետ 1919 թ. սեպտեմբերի 10-ին Սեն-Ժերմենյան պայմանագիրը, Բուլղարիայի հետ 1919 թ. նոյեմբերի 27-ին Նյոյի պայմանագիրը, Հունգարիայի հետ 1920 թ. հունիսի 4-ին Տրիանոնի պայմանագիրը և վերջապես Օսմանյան կայսրության հետ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը:

Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։

Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։

Ահա այս շահամոլական ու եսասիրության հանգի վրա հիմնված իրադարձությունների մասին է պատմում «Եվ նորից Վերսալ» աշխատությունը, որի համահեղինակներն են գերմանական World Economy ամսագրի հիմնադիր-խմբագիր, Ռուսաստանի Բնական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Երեկո՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման մշտական հյուր Ալեքսանդր Սոսնովսկին և Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վիլլի Վիմերը։ Գերմանիայում լույս տեսած այս գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 20։00, Միսլատայի Սոցիալական ծառայության կենտրոնում՝ Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։ Գրքի հեղինակ Ալեքսանդր Սոսնովսկուն շնորհանդեսին կընկերակցեն Վալենսիայի և Միսլատայի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, Վալենսիայի շրջանային պատգամավորներ, հայեր, ռուսներ, իսպանացիներ…

Scroll Up