Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց պատկերասրահում ներկայացվեցին Ժանսեմի Եղեռնի թեմայով կտավները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առաջին անգամ բացվեց պատկերասրահ, որտեղ ներկայացվեց «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով մշտական ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրության մեջ ներկայացված են ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: Կտավների թիրախային կերպարը նրա գեղանկարչության կինն է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը պատմեց, որ Ժանսեմը դեռ երկու տարեկան էր, երբ ծնողները Հայոց ցեղասպանության հետևանքով ստիպված եղան գաղթել Օսմանյան կայսրությունից դեպի Հունաստան, այնուհետև՝ Ֆրանսիա:

«Մանկուց փոքրիկ Հովհաննեսի հիշողության մեջ ամրացած էին այն տխուր պատմությունները, որոնք լսել էր ծնողներից և միայն կյանքի վերջին շրջանում կարողացավ իր տպավորությունները հանձնել կտավին»,- ասաց Պարսամյանը:

1998-2001 թվականներին ընթացքում` 78 տարեկանում Հովհաննես Սեմերջյանը ստեղծեց 34 կտավներից բաղկացած Եղեռն շարքը, վերարտադրելով Հայոց ցեղասպանությանը ուղղորդված հայտնի դրվագները`տեղահանություն, գաղթականներ, կոտորած, վիշտ, որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող յուրաքանչյուր սարսափելի տեսարան:

«2002 թվականին Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ Հովհաննես Սեմերջյանը ՀՀ կառավարության որոշմամբ նվիրատվության կարգով 34 կտավները հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանին և հենց նույն տարում «Եղեռն» խորագրով  մշտական ցուցադրություն բացվեց, գործելով մինչև 2013 թվականը, այսինքն` մինչև ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ վերանորոգման աշխատանքները սկսելը, որից հետո կտավները իջեցվեցին ֆոնդային պահոց: Այսօր հենց իր անվամբ  պատկերասրահում բացվում է Ժանսեմի կտավների ցուցադրությունը»,- ասաց Պարսամյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչը համոզված է , որ գեղանկարչության մեջ չկա երկրորդը համարժեք Ժանսեմին, ով կարողացել է այս չափ խորությամբ և ծավալով  ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման` կտավներին հանձնելով իրական պատմություններ:

Նրա խոսքով` հետագայում նախատեսում են ընդարձակել պատկերասրահը և ցեղասպանության թեմայով Ժանսեմի մնացած կտավները ևս ցուցադրել, ինչպես նաև այլ հեղինակների կտավների ցուցադրություն կազմակերպել:

Մշակութաբան-ցեղասպանագետ  Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ «Եղեռն» թեմայով կտավներում գերակշռող մասում ընդգրկված են բռնության տեսարաններ:

«Կտավներում նկարիչը պատկերել է ցեղասպանության ողջ ողբերգությունը: Ուշագրավ է, որ Ժանսեմի կտավների գերակշռող մասում մատնանշում են գործողություններ` տեղահանություն, բռնություն, արտասվել և այլն, որոնք կարծես միտված են ներկայացնելու ոչ թե տեղի ունեցած և ավարտված պատմական իրադարձությունը, այլ ակնարկում են գործողությունների պատրանք»,- եզրափակեց Գրիգորյանը:

Scroll Up