Ախալքալաքում անցկացվեց Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում

Հունիսի 13-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի օրհնությամբ, առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել «Հովհաննես Թումանյան-150» խորագիրը կրող վիկտորինա, որին մասնակցում էին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցուն կից գործող «Սուրբ Գրիգոր Տաթևացի» մեկօրյա դպրոցի «Փարվանա» և «Անուշ» թիմերը։

akhaltskha.net-ի տեղեկացմամբ, վիկտորինան իրենց գեղեցիկ խոսքով բացել են մեկօրյա դպրոցի կրտսեր խմբի սաները, ապա հնչել են Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործությունների վերաբերյալ հարցեր, որոնց թիմերը պատասխանել են մեծ ոգևորությամբ։ Վիկտորինան եզրափակվել է Թումանյանի քառյակների արտասանությամբ: Վերջում Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մասնակիցներին հանձնել է պատվոգրեր։

Scroll Up