«Հոբելյանական 2019» խորագրով կլոր սեղան նվիրված հայ մեծերին

Հունիսի 4-ին Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարանում (ՄՊԼՀ) տեղի ունեցավ «Հոբելյանական 2019» («Юбилейный 2019») խորագրով կլոր սեղան, որը նվիրված էր հայ մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի 100-ամյա և Պարույր Սևակի 95-ամյա հոբելյաններին։ Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ դեսպանության հետ համատեղ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառումը մեկնարկեց ՄՊԼՀ-ի Ծրագրային գործունեության և երիտասարդական քաղաքականության գծով պրոռեկտոր Ինարա Գուսեյնովայի, «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի» տնօրեն Արմինե Մարտիրոսյանի և ՀՀ դեսպանության խորհրդական Կարինե Դանիելյանի ողջույնի խոսքերով։

Բացմանը հետևեցին բուն ելույթները, որոնք համատեղվում էին ինչպես «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի» սաների, այնպես էլ համալսարանի հայ և օտարազգի ուսանողների կողմից պատրաստված գեղարվեստական համարներով: Միջոցառման ընթացքում հնչեցին մեծ բանաստեղծների սիրված ստեղծագործությունները, Կոմիտասի երաժշտությունը և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Կլոր սեղանի աշխատանքին իր մասնակցությունն էին բերել բազմաթիվ մասնագետներ՝ լեզվաբաններ, թարգմանիչներ, ասմունքողներ և այլք:

 Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարանը հանդիսանում է ԱՊՀ լեզուների և մշակույթի բազային կազմակերպություն, որի շրջանակներում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից գործում է «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը»։

Scroll Up