Հենրիխ Բալայանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

ՀՀ սփյուռքի նախարարության Գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Երեմ Սիմոնյանը մայիսի 30-ին ընդունեց Ղրղզստանի Հանրապետությունում Հունգարիայի պատվավոր հյուպատոս, Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր պատվավոր պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հենրիխ Բալայանին:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ողջունելով հյուրին՝ Երեմ Սիմոնյանը բարձր գնահատեց Հենրիխ Բալայանի՝ Ղրղզստանի հայ համայնքում ծավալած կարևոր գործունեությունը և իրականացրած աշխատանքը, որոնք ուղղված են հայապահպանությանը և հայ-ղրղզական հարաբերությունների աշխուժացմանը:

Երեմ Սիմոնյանը նշեց նաև, որ այժմ նախարարությունը վերակազմավորվում է, և վարչապետի աշխատակազմում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դառնալուց հետո էլ պատրաստ են հետագա լայն համագործակցության:  Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքում առկա խնդիրներին:

Հաշվի առնելով Հենրիխ Բալայանի՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման, հայեցի դաստիարակության գործում գրանցած հաջողությունները, ազգային, հասարակական, հայապահպան գործունեության շրջանակներում ունեցած մեծ ավանդը՝ Երեմ Սիմոնյանը նրան պարգևարտրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հենրիխ Բալայանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է այդպիսի բարձրագույն պարգևի արժանանալը՝ ընդգծելով, որ շարունակելու է նույն խանդավառությամբ և նվիրվածությամբ կատարելու իր աշխատանքները:

Հավելենք, որ Հենրիխ Բալյանը ծնվել է 1953 թվականին՝ Արցախում: 1966 թ.-ից   բնակվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Բիշքեկում: 1992թ.-ից զբաղվում է բիզնեսով:

«KARVEN Group»-ի հիմնադիր նախագահն է, որի մեջ մտնում են արտադրության, տուրիզմի, շինարարության, ռեստորանային, մարզաառողջական և այլ բնագավառների ավելի քան տասնյակ տարբեր ձեռնարկություններ:

Հենրիխ Բալյանը հանդիսանում է Ղրղզստանի Հանրապետության վաստակավոր տնտեսագետ, պատվավոր շինարար, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի գերազանցիկ, Օլիմպիական ազգային կոմիտեի անդամ, Կենտրոնական Ասիայի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր գործիչ, Գ. Ա. Բալյանի անվան հասարակական հիմնադրամի հիմնադիր:

Scroll Up