«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն»-ը ձգտում է գտնել նորարարական լուծումներ. Արսինե Շիրվանյան
Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն» կազմակերպության համահիմնադիր Արսինե Շիրվանյանի հետ:
– Հարգելի´ Արսինե, խնդրում եմ պատմել Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության (Melkonian Global Overture) մասին. ե՞րբ է հիմնադրվել և ո՞րն է Նախաձեռնության առաջնահերթությունը:
– Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը (Melkonian Global Overture) հիմնադրվել է 2017 թվականին: Նախաձեռնության նպատակն է նորացված կենսագործունեությունը, ինչպես նաև պատմական և հեղինակավոր հաստատությունների ինքնակառավարման հաստատումը՝ վերանայելով իրենց գործառույթները 21-րդ դարում: Մենք հետաքրքրված ենք կրթական հաստատություններով, առհասարակ:
Մենք հավատում ենք, որ խելացի և համաշխարհայնացված հայ երիտասարդներ կրթելու ամենաուղիղ ճանապարհը՝ գործուն և ծաղկուն կրթական հաստատություններ ունենալն է: Մենք հավատում ենք, որ ուժեղ և կենսունակ Սփյուռքն ուժեղ և բարգավաճ Հայրենիքի գրավականն է: Իսկ ո՞րն է այդ ամենին հասնելու ավելի լավ ճանապարհը, իհարկե, հայ երիտասարդների համար լավագույն գլոբալ կրթություն ապահովելը:
Մենք ձգտում ենք գտնել նորարարական լուծումներ և անմիջապես արձագանքել ներկա մարտահրավերներին՝ գործընթացում ներգրավվելով և արտոնելով երիտասարդների մասնակցությունը:
Մենք հույս ունենք ծանոթանալ Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի կրթական հաստատություններին, որոնք կարիք ունեն կատարելագործման և աշխուժացման: Մենք ցանկանում ենք ստեղծել համակարգված ռազմավարություն, որի միջոցով կկարողանանք նոր շունչ հաղորդել և վերականգնել նրանց ամբողջական գործառույթն ու կայունութունը:
Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության մոտեցումն է՝ ծանոթանալ/ճանաչել, վերանորոգել, վերականգնել:
– Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունն իր ծրագրերն իրականացնելիս ո՞ւմ հետ է գործակցում:
– Մենք դեռ երիտասարդ կազմակերպություն ենք, այդ պատճառով գործընկերային հարաբերությունների հաստատումը դեռ սաղմնային փուլում է:
Նախկինում համագործակցել ենք UCLA-ի, Գլենդելի միավորված շրջանի հանրային դպրոցների, Առաջնորդարանին կից գործող լոսանջելեսյան դպրոցների, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հետ:
– Ձմռանը Դուք նախաձեռնել էիք «Ապրող սփյուռք» ձեռնարկը, որը ներառում էր հայերենին նվիրված հրապարակային քննարկում, Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50-ամյակին նվիրված միջոցառում և յուրահատուկ համերգային ծրագիր: Կխնդրեի ներկայացնել միջոցառման մանրամասները:
– Ձեռնարկի ընթացքում մենք վերստին հավատացինք կրթված և հզոր երիտասարդությանը, որը սիրում է հայոց լեզուն, մշակույթը և հայրենիքը:
Մենք միայն «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50-ամյակը չնշեցինք, այլև հաջողեցինք տարբեր ավագ դպրոցների հարյուրավոր աշակերտների հնարավորություն տալ մաս կազմելու հայոց լեզվին, մշակույթին և ինքնությանը նվիրված քննարկումներին: Միջոցառմանը հրավիրված բանախոսներից էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:
Իսկ համերգային ծրագիրը երիտասարդներին հնարավորություն տվեց ծանոթանալու հայկական ավանդական և ժամանակակից երաժշտությանը:
– Հետաքրքիր խորագիր է՝ Ապրող սփյուռք. Ձեր կարծիքով Սփյուռքին ապրեցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
– Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայկական սփյուռքի միայն 5 տոկոսն է մաս կազմում կամ ներգրավված հայկական կազմակերպություններում: Այս ամենն ինձ խորհելու առիթ է տալիս. 95 տոկոսի մեջ ինչպե՞ս «ներարկել» հայկական ոգի, ինքնություն, լեզու և մշակույթ:
Ներկա ղեկավարներն առաջ են տանում այն կարծիքը, որ հայկական դպրոցները փակվում են Սփյուռքի արդի և համընդհանուր կարիքների պատճառով: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ պետք է գտնել նոր ճանապարհներ, որոնց միջոցով երիտասարդների մեջ սեր կարթնացնենք հայոց լեզվի, մշակույթի և ինքնության հանդեպ:
Մենք կարիք ունենք օգնելու հայ երիտասարդներին՝ 21-րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդությունը, ծաղկուն, երջանիկ և խելացի հայկական ինքնությունը:
– Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանում:
– Այս պահին մենք աշխատում ենք նախաձեռնել խորհրդաժողով, որի ընթացքում կքննարկենք այն մեթոդները, որոնց օգնությամբ մենք կկարողանանք երիտասարդների մեջ սեր արթնացնել հայոց լեզվի, մշակույթի և ինքնության հանդեպ:
Մենք քննարկելու ենք այն ուղիները, որոնց միջոցով կօգնենք հայ երիտասարդներին՝ 21-րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդությունը, ծաղկուն, երջանիկ և խելացի հայկական ինքնությունը:
Մենք համագործակցելու ենք Երևանի համալսարանի ուսանողների և գիտնականների հետ՝ քննարկելու և ուսումնասիրելու աշխարհով մեկ սփռված հայկական դպրոցների մեթոդները և ծրագրերը:
Մենք ցանկանում ենք ներկայացնել դպրոցների մոդելներ, որոնք կվերակենդանացնեն հայկական կրթօջախները և կօգնեն նրանց շարունակելու իրենց անգնահատելի աշխատանքը:
– Եվ վերջին հարցը. «Մելքոնյան» կրթական հաստատությունը թեև այսօր իր գործունեությունը չի շարունակում, սակայն, գիտեմ, որ մելքոնյանցի բազմաթիվ սերունդներ շարունակում են կրթօջախն ապրեցնել իրենց հոգիներում: Դուք ի՞նչ եք ապրեցնում Ձեր հոգում:
– «Մելքոնյան» կրթական հաստատությունը շատ խոր արմատներ է ձգել, և նրա նշանակությունը կարելի է նույնականացնել է Հայոց ցեղասպանության հետ: Եթե մեր հիշողությունից ջնջենք «Մելքոնյան»-ը, մեր հիշողությունից կջնջենք նաև Հայոց պատմությունը:
Այս խնդիրը միայն կրթական հաստատության շրջանավարտներին չի վերաբերում, սա հարց է, որը վերաբերում է հայ ազգին և Հայաստանի կառավարությանը:
Կարծում եմ՝ «Մելքոնյան» կրթական հաստատությունը կարող է միջազգային դպրոցի օրինակ ծառայել՝ լինելով գերազնաց կրթության խորհրդանիշ, ինչպես նաև օրինակ, թե մենք ինչպես ենք հարգում և պահպանում մեր ավանդույթները, որոնք մեզ փոխանցել են առատաձեռն բարերարները:
Խոսքերս ուզում եմ եզրափակել հետևյալ զգացական տողերով.
«Մելքոնյան» կրթական հաստատության զարմանահրաշ շենքերը 1000 ոտնաչափ խորություն ունեն, նրա արմատները տարածվում են ավելի լայն ու ավելի խոր, քան որևէ ծառ:
Իսկ նրա ստորին հատվածն արտացոլում է Հայոց ցեղասպանության նահատակների հավերժական դեմքերը:
Այդ շենքները պատմում են
Տառապանք և հրճվանք,
Վախ, բայց նաև հույս,
Անարդարություն, բայց նաև արդար խաղ:
Անապատում թափառող որբերից մեկի պատմությունը, որը հորիզոնում տեսնում է Ավետյաց երկրի աղոտ լույսը:
Մենք չպե´տք է հեռու փախչենք իրականությունից:
Մենք պետք է ընդունենք այն:
Պե´տք է վերահաստատենք մեր բարերարներին տված խոստումը:
Քանի որ այս կառույցները և Սփյուռքի բոլոր զարմանահրաշ գանձերը,
Մեզ ավելի ամո´ւր են դարձնում:
Այն մարմնավորո´ւմ է մեզ:
Այն պետք է ամրացնի´ մեզ:
Այն պատմում է հայրենասերների բազում պատմություններ:
Այն հայրենասիրության մի վառ օրինակ է՝ հասկանալու, թե որտեղ ենք եղել մենք:
Փոքրոգություն է, այդ ամենը մոռանալը:
Լուսինե Աբրահամյան