Երևանում կայացել է Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և Zwarte zee» քառյակի համերգը

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ կայացավ Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակի բարեգործական համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին, որի մեկնարկը տրվել էր Նիդերլանդներում: Երեկոյի կազմակերպիչը քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանն էր:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, նախարարության աշխատակիցներ, արվեստագետներ և այլք:

Երեկոյի ընթացքում հոլանդացի երաժիշտների կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Վլադիլեն Բալյան և այլք) ստեղծագործություններ։

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունելով համերգային ծրագրի մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել համերգի նախաձեռնող, նիդերլանդաբնակ քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանին և հոլանդացի երաժիշտներին, որոնք իրենց երաժշտացանկում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ներառելով՝ նպաստում են օտար երկրներում հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: «Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը նոր էջ է բացել հայ երաժշտության պատմության մեջ՝ աշխարհին ներկայացնելով հայկական հարուստ ու յուրօրինակ մշակույթի ավանդույթներն ազգայինի և համամարդկայինի զուգահեռականներում: Կարծում եմ՝ այսօրվա համերգը դրա վառ ապացույցն էր»,-հավելել է Սփյուռքի փոխնախարար:

Խմբերն առաջին անգամ են այցելում Հայաստան: Երևանյան միջոցառմանը հաջորդելու են նաև համերգներ Հայաստանի մարզերում. ապրիլի 30-ին՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում, իսկ մայիսի 3-ին՝ Էջմիածին քաղաքի «Հայ միասնության խաչ» կազմակերպության Մաչանենց տան թատերական դահլիճում:

«Slavuj»երգչախումբը հիմնադրվել է 1987 թվականին և ներկայացնում է  սլավոնական երկրների երաժշտություն։ Արդեն երկու տարի է՝ երգչախմբի հետ համագործակցում է Նիդերլանդներում բնակվող քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Համատեղ ջանքերով երգչախումբը հայերեն լեզվով նախաձեռնել է մեծ համերգային ծրագիր, որով հանդես է եկել  Եվրոպայի տարբեր քաղաքներում։

«Zwarte zee» քառյակում ընդգրկված են երաժիշտներ՝ Ռուզաննա Հակոբյանը (քանոն), Յան-Յափ Սպառխառնը (սաքսոֆոն, կլառնետ, շվի), Էրիկ Վոլկռըսը (կոնտրաբաս) և Ռոբ Դամենը (դհոլ):

Scroll Up