Միմյանցից տարբեր, սակայն աննկարագրելի կապված մայրն ու դուստրը

Փարիզաբնակ դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանը և բելգիաբնակ նրա դուստրը՝ երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի Նառա Նոյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոսում են Ժաննա Բլբուլյանի հրատարակած նոր՝ «Գաղտնիքներիս արահետով» գրքի, համատեղ ունեցած գրական-երաժշտական երեկոյի և հետագա աշխատանքների մասին:

-Տիկի՛ն Ժաննա, ինչպե՞ս ծնունդ առավ «Գաղտնիքներիս արահետով» գիրքը:

– Սա իմ առաջին գիրքն է, որը հրատարակելու նպատակ, բնավ, չեմ ունեցել: Տարիների ընթացքում ամեն օր գրի եմ առել հուշերս, անցկացրած օրերս և դիպվածները, այլ կերպ ասած՝ թղթին եմ հանձնել հոգուս պոռթկումները։ Այս գիրքը պարզապես իմ կյանքի հուշապատումն է:

Տարիներ անց, երբ վերընթերցում էի գրածներս, զգացի, որ իմ սերնդակիցներին, հատկապես՝ գերդաստանիս, կհետաքրքրի կյանքիս պատմությունը: Գրքում պատմում եմ ընտանիքիս, քույրերիս ու եղբայրներիս մասին, անդրադառնում ստեղծագործական գործունեությանս, առանձնահատուկ ջերմությամբ և կարոտով եմ խոսում ծնողներիս՝ Թամար և Ռաֆիկ Բլբուլյանների մասին, որոնց անմար հիշատակին էլ նվիրել եմ գիրքը: Կարծում եմ՝ այս գիրքն ընտանեկան ժառանգություն է:

Նշեմ նաև, որ ընթերցողները գրքի էջերում բացի խոհերից, մտորումներից, հուշերից ու նամակներից, կգտնեն նաև իմ մեղեդիների նոտաները, հոդվածները, հարցազրույցները, բանաստեղծությունները, որոնցում խոսում եմ կյանքի, երևույթների և մարդկային փոխհարաբերությունների մասին:

-Նամակներից ամենասրտառուչն ու հոգեհարազատը ո՞րն է եղել Ձեզ համար, ո՞րն է այլևս դարձել ընթերցողի սեփականությունը:

-Սիրելի մայրիկիս նվիրված նամակներն են, և իմ մեծ սիրո պատմությունը, որը գտել և կորցրել եմ Փարիզում: Այն «Անավարտ մեղեդի»  վերնագրեցի…

-Հետագայում ընթերցողները Ձեր «գաղտնիքների արահետով» քայլելու հնարավորություն կունենա՞ն:

-Իհարկե, դեռևս չորս-հինգ գիրք կարելի է հրատարկել իմ չուղարկված նամակներից (ծիծաղում է-հեղ.): Զգացմունքային կին եմ, և շուրջբոլորս տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես թղթին եմ հանձնում:

-Այժմ թղթային նամակներ գրու՞մ եք:

Ժաննա Բլբուլյան – Ցավում եմ և մեծ ափսոսանք ապրում, որ այդ սովորույթը էլեկտրոնային նամակագրության հոսքի մեջ իր տեղը զիջում է, և այս առնչությամբ ոչ մի հետաքրքրություն չկա:

Հիմա արդեն ժպիտով եմ հիշում, թե ինչպես էի բարեկամներիս ու ընկերներիս նամակներ գրում՝ սրտատրոփ սպասելով նրանց պատասխաններին:

Նառա Նոյան – Մայրս նամակներ գրում է, բայց չի ուղարկում, կրկին պահում է ընթերցողների համար (ծիծաղում է-հեղ.): Նրա տրցակից հայտնաբերել եմ ինձ ուղղված նամակներ, որոնք երբեք չէի «ստացել»:

Այս գրքում մայրիկիս նորովի եմ բացահայտել: Ամեն անգամ գիրքը կարդալիս՝ մի նոր Ժաննա Բլբուլյան է իմ առջև հառնում, սակայն նույն անմնացորդ սիրով, նրբազգացությամբ ու քնքշությամբ լեցուն:

Մենք չնայած շատ տարբեր ենք, սակայն աննկարագրելի կապված ենք և լրացնում ենք միմյանց:

-Նառա՛, այդ դեպքում հետաքրքիր է իմանալ, թե մայրիկի բնավորության ո՞ր գծերն եք ժառանգել:

-Կարծում եմ՝ արվեստի հանդեպ սերը, ընտանիքի, ծնողների նկատմամբ հոգատարությունը, ինչպես նաև ամենուր ժպիտներ և ջերմություն սփռելը:

Օրերս կազմակերպեցիք նաև հայ-ֆրանսիական գրական-երաժշտական երեկո, որի շրջանակներում գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ: Պատմե՛ք ձեր տպավորությունների մասին:

 Ժաննա Բլբուլյան – Ես ու Նառան միշտ մտածում էինք Հայաստանում համատեղ համերգային ծրագիր կազմակերպել: Այս համերգի գաղափարը պատկանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին: Կարծես՝ ամեն ինչ կանխատեսված էր ի վերուստ, և որոշեցինք ապրիլի 13-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում գրքի շնորհանդեսն ու համերգը միասին կազմակերպել:

Բոլորը միջոցառումից մեծ տպավորություն են ստացել: Այդ մասին վկայում են ներկաների հիացական խոսքերը, անծանոթների՝ ինձ գրած հաղորդագրությունները, որոնք կարդալիս՝ անասելի շոյվում եմ:

Նառա Նոյան – Երեք ժամ վայելել ենք հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու ծափողջույնները: Համերգն ավարտելուց հետո նրանք չէին հեռանում դահլիճից, ցանկանում էին մնալ և զրուցել մեզ հետ: Գրական-երաժշտական երեկոյից, իրոք, շատ տպավորված ենք:

 Հայրենիքից մեզ հետ տանում ենք մարդկանց անկեղծ ժպիտները, որոնք, վստահաբար, օգնելու են՝ հետագա աշխատանքերն ավելի ավյունով և ոգևորությամբ շարունակելու համար:

Այդ օրը մեզ համար կրկնակի տոն դարձավ այն առումով, որ երկու տղաներս՝ Գաբին և Էլիոթը, հայրենի հողում առաջին անգամ բեմ բարձրացան: Ծրագրում հնչեցին Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի երգերից, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ: Հյուրերի շարքում  ներկա էին Լևոն Բլբուլյանը, Նաիրա Մանուչարյանը, Մարիետա Խոջայանը: Իսկ գրական-երաժշտական երեկոյի սցենարիստն ու հանդիսավարը Կարինե Ավագյանն էր:

Ժաննա Բլբուլյան – Իրոք, ամեն անգամ Հայաստանում զգալով հանդիսատեսի անկեղծ վերաբերմունքը՝ վերադառնալուց հետո կրկին պարտավորված ենք զգում՝ հաջորդ անգամ նրանց առջև ավելի հետաքրքիր ծրագրով ներկայանալու:

-Նառա՛, Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում համերգներ նախատեսու՞մ եք:

-Եվրոպական համերգային շրջագայություններիս ժամանակ միշտ կատարում եմ Կոմիտաս, որը օտար հանդիսատեսի կողմից բուռն արձագանք է գտնում:

Իսկ առաջիկայում՝ մայիսի 13-ին, Բելգիայի Գենտ քաղաքում երաժիշտ Վարդան Հովհաննիսյանի հետ հայկական երաժշտության երեկո ենք ունենալու, որի ընթացքում կատարելու ենք Կոմիտաս և հայերեն իմ ստեղծագործությունները:

-Զրույցի վերջում խոսենք ձեր առաջիկա ծրագրերի մասին:

Ժաննա Բլբուլյան – Հանդիսատեսի այս ջերմ վերաբերմունքը հաշվի առնելով՝ ես ու Նառան ծրագրում ենք աշնանը համերգ կազմակերպել Հայաստանում: Գուցե այնպես ստացվի, որ մարզերում ևս շրջագայություն ունենանք:

Գևորգ  Չիչյան

Scroll Up