«Մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ Հարավային Ամերիկայում զգացի հայի ոգին». Սիբիլ

Պոլսահայ երգչուհի Սիբիլը վերջերս է վերադարձել Հարավային Ամերիկա կատարած շրջագայությունից, որի ընթցքում ունեցել է ո´չ միայն համերգներ, այլև տարբեր հանդիպումներ ու այցելություններ: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը սիրված երգչուհու հետ:

Սիրելի´ Սիբիլ, վերջերս ես վերադարձել Հարավային Ամերիկայից: Եղել ես Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում: Յուրաքանչյուր երկրում ի՞նչ նպատակով էիր, ի՞նչ համերգներ ունեցար:

-Բրազիլիա այցելությունս Կարնավալին մասնակցելու նպատակով էր: Մարտի 2-ին Սան Պաուլո քաղաքի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») սամբայի դպրոցը րազիլիայի ազգային կառնավալին ներկայացավ Հայաստանին նվիրված ծրագրով, որը կոչվում էր «Կեցցե, Հայաստան»: Ես մաս կազմեցի Շառլ Ազնավուրին և Արամ Խաչատրյանին ձոնված շքեղ զարդարված կառքին:

Մեկ շաբաթ հետո մեկնեցի Արգենտինա: Առաջին համերգս տեղի ունեցավ մարտի 13-ին՝ Կորդոբայում: Համերգին մի քանի կատարումներով ինձ միացան «Գուսան» նվագախումբը և «Արարատ», «Սասուն» պարախմբերը: Մարտի 15-ին Բուենոս Այրեսում կայացած համերգի ժամանակ ինձ ընկերակցեց «Նաիրի» պարախումբը:

Այնուհետև մեկնեցի Ուրուգվայ, որտեղ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մարտի 19-ին մասնակցեցի «Ռադիո Արաքս»-ի 12-ամյակին նվիրված համերգին, որն ամբողջությամբ կենդանի նվագակցությամբ էր: Ինձ էին միացել նաև Ալվարո Հակոբյանի ղեկավարած նվագախումբը, «Կռունկ» երգչախումբ, Բուենոս Այրեսից ժամանած պարուհի Դեպորա Բալայանը և երգչուհի Նեկտարը:

Հարավային Ամերիկա այցելությունս միայն համերգային ծրագրով չսահմանափակվեց, մի շարք հանդիպումներ ունեցա:

Ուրուգվայում հյուրընկալվեցի հեռուստատեսություններին, ռադիոհաղորդումներին, այցելեցի հայկական դպրոցներ, եկեղեցիներ, դասախոսություն ունեցա Մոնտեվիդեոյի հայերի համար և այլն: Ինձ ընդունեց նաև Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը:

Շատ արդյունավետ էր Բուենոս Այրեսի Վինսենթե Լոպես քաղաքի քաղաքապետարանի կանանց կենտրոն, համալսարան և շատ այլ վայրեր այցելությունները: Այդ այցերի շնորհիվ համերգին շատ այլազգիներ ներկա գտնվեցին, որն ինձ մեծ ուրախություն պատճառեց:

Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել:

– Անկեղծորեն պիտի նշեմ, որ սպասվածից շատ ավելի լավ տպավորություններով եմ վերադարձել: Հարավային Ամերիկայում համերգ կազմակերպելը հեշտ չէ՝ հատկապես Կարնավալի շրջանում, երբ մարդիկ միայն այդ միջոցառման մասին են մտածում:

Բայց կազմակերպվածության շնորհիվ համերգներն անցան մարդաշատ դահլիճներում: Բոլոր քաղաքներում էլ հանդիսատեսի կողմից  ջերմությամբ էի շրջապատված: Վստահ կարող եմ ասել՝ անմոռանալի համերգային շրջագայությունն ունեցա:

Այս առիթով շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ ցուցաբերած հոգատարության և նվիրված աշխատանքի համար, որի շնորհիվ իրականություն դարձան համերգները:

– Սիրելի´ Սիբիլ, կցանկանայի, որ խոսեիր Հարավային Ամերիկայի երկրների հայկական համայնքների մասին: Ի՞նչ դժվարություններ են հաղթահարում հայ մնալու համար, ի՞նչն է նրանց միավորում թե´ համայնքի, թե´ Հայաստանի շուրջ: Քո կարծիքով, ի՞նչ է պետք, որ նրանք չկրոցնեն իրենց ինքնությունը և կապը Հայաստանի հետ:

– Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում բավականին հայեր են ապրում: Հանդիպումներին ժամանակ նրանք ինձ պատմում էին իրենց արմատների մասին: Նրանց մեջ շատ էին Ադանայից, Մարաշից, Սվազից, Վանից, ինչպես նաև Կ. Պոլսից եկածները: Ինձ համար անչափ հուզիչ էր նրանց հետ շփվելը:

Սփյուռքում, ինչպես գիտեք, ամենամեծ խնդիրը Մայրենիի պահպանումն է: Դժբախտաբար, նկատեցի, որ նոր սերունդը հայերեն խոսելու դժվարություններ ունի: Բայց, այնուամենայնիվ, շատ համախմբված են Հայրենիքի, հայ ժողովրդի և մշակույթի շուրջ: Քրիստոնեկան հավատքը պահպանելու համար կան եկեղեցիներ, Եռագույնը ծածանող հայկական դպրոցներ, միություններ, երգչախմբեր, պարախմբեր և այլ կազմակերպություններ: Այդ ամենը տեսնելը շատ հուզիչ էր ու գնահատելի:

Ինչքան էլ Մայրենիին չտիրապետող երիտասարդներ կան, միևնույն ժամանակ ընտանիքների, հայկական վարժարանների և ուսուցիչների, ամառային արձակուրդներին Հայաստան այցելելու շնորհիվ հայերեն շատ վարժ իմացող երիտասարդներ կան:

Հարավային Ամերիկայի մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ այնտեղ զգացի հայի ոգին և հպարտությամբ լցվեցի:

Շատ զարմացա Բուենոս Այրեսում տեսնելով, թե ինչպես են հայ երիտասարդները շաբաթվա վերջում հայկական ռեստորաններում ավանդական ուտեստներ պատրաստում և վաճառում, որից գոյացած գումարով ինքնաթիռի տոմս են գնում և ամռանը Հայաստան գալիս: Սա մեծ գովասանքի արժանի նախաձեռնություն է:

Առհասարակ, կարծում եմ՝ իրենց ինքնությունը, Մայրենին չկորցնելու համար աշխարհասփյուռ հայ երիտասարդներն ամեն տարի պետք է գան Հայաստան, լեզուն զարգացնելու, Հայրենիքին մոտիկից ծանոթանալու համար: Այս առումով շատ կարևոր է Սփյուռքի նախարարության «Արի տուն» («Քայլ դեպի տուն») ծրագիրը, որը պետք է շարունակվի:

Հարավային Ամերիկայից վերադառնալուց հետո նաև Ֆրանսիայում համերգ ունեցար: Կպատմես, թե ի՞նչ համերգ էր, ովքե՞ր էին կազմակերպիչները և ի՞նչ նպատակով էր կազմակերպված համերգը:

Ֆրանսիայում կայացած համերգը նախաձեռնել էր «Ֆրանս-Ջավախք»-ը: Այս կազմակերպությունն ամեն տարի տարբեր  միջոցառումներ է կազմակերպում, և հանգանակված գումարներն ուղղում է ջավախահայերի խնդիրները լուծելուն: Ուրախ եմ և հպարտ, որ ես նույնպես կարողացա իմ համեստ ներդրումն ունենալ այս գործում և ծանոթանալ կազմակերպիչների հետ, որոնք շատ օգտակար գործ են կատարում: Հանձնախմբի անդամների հետ շուրջ մեկ շաբաթ շփվելով՝ շատ հուզվեցի, հպարտացա նրանց կատարած աշխատանքով:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

– Շուրջ երկուսուկես ամիս տանից հեռու էի գտնվում: Արդեն վերադարձել եմ Պոլիս և մտածում եմ հետագա ծրագրերի և անելիքների շուրջ: Շուտով պետք է Հայաստան այցելեմ, քանի որ շատ եմ կարոտել: Այն կարծես նորից կանչում է ինձ:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up