«ՆերՈւժ»-ցիներն անում են իրենց առաջին քայլերը Հայաստանում
Ապրիլի 10-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) հանդիպում ունեցավ նախարարության «ՆերՈւժ» ծրագրի հաղթող ստարտափերների հետ, որոնք արդեն տեղափոխվել են Հայաստան և անում են իրենց բիզնեսի կայացման առաջին քայլերը: Նրանք այժմ անդամակցում են FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ: Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ներկա էր նաև FAST-ի արագացման և ինկուբացիայի գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը:
Ողջունելով «ՆերՈւժ»-ցիներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը, որը թույլ կտա բարձրաձայնել և լուծել ընթացիկ խնդիրները: Սփյուռքահայ և տեղացի ստարտափերները ներկայացրին իրենց ծրագրերը, արված աշխատանքները, խոսեցին խոչընդոտների մասին: Հատկապես նրանց անհանգստացնում էին դրամաշնորհների տրամադրման ընթացիկ բարդությունները, իրավաբանական և հարկային ծանրաբեռնվածությունը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել իրենց ստարտափերը:
ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Միհրան Փափազյանն այստեղ կյանքի է կոչում «Brushette» ստարտափը` ստեղծելով նորարական ատամի խոզանականեր՝ փոփոխվող հատուկ գլխիկներով և նպատակ ունենալով ավելի հեշտ ու հաճելի դարձնել բերանի խոռոչի հիգիենայի խնամքը: Արդեն իսկ արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, Միհրանը տեղափոխվել է Հայաստան և չնայած առկա խոչընդոտներին՝ փորձում է շարունակել իր բիզնեսը Երևանում:
«ՆերՈւժ»-ի մեկ այլ հաղթող Արմեն Ռոստոմյանը «GRÜV» ստարտափի հիմնադիրն ու տեխնիկական ճարտարապետն է: Այն հիմնականում երաժշտական ուղղվածություն ունի՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ երաժիշտներին գումար վաստակել առանց ձայնագրությունների վրա մեծ գումար ծախսելու և նրանց դարձնել ավելի անկախ և ստեղծագործ: Հանդիպման ընթացքում Արմենը պատմեց, որ արդեն իսկ իր թիմում ունի ինժեներ և ծրագրի մենեջեր:
Կանադայից Հայաստան տեղափոխված Արևիկ Վարդանյանը նորաձևության բիզնեսով է զբաղվում, lemonadefashion.com կայքի և ծրագրի թվային մարկետինգի պատասխանատուն է: Կայքը սպառողներին է ներկայացնում անհատական ոճով պատրաստված բարձրորակ բացառիկ հավաքածուներ: Այն պատվիրատուի հագուստի չափագրումը կատարում է ընդամենը ներբեռնված երկու լուսանկարի միջոցով, հագուստը կարվում է պրոֆեսիոնալ դիզայներների կողմից և ընտրված նյութերի համեմատ բավականին մատչելի է: Ներուժցի Արևիկը ևս այսօր տեխնիկական որոշ խնդիրներ ունի, հատկապես ֆինանսների տրամադրման հետ կապված:
Անդրանիկ Վարդանյանը ներկայացնում է «Illuria security» ստարտափը, որը զբաղվում է կիբեռ անվտանգությամբ, տեղեկատվական պաշտպանվածությամբ: Գաղափարը մի խումբ հայրենադարձների է, որոնք ցանկանում են օգնել Հայաստանին լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրները, ինչպես նաև համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: Անդրանիկը Բաբկեն Տեր Գրիգորյանին մանրամասն ներկայացրեց իրենց գործունեության ընթացքը, անդրադարձավ դժվարություններին հատկապես այն ստարտափերների համար, որոնք ստանում են կրկնակի ֆինանասավորում: Հույս հայտնեց, որ հետագայում այս ընթացակարգերն ավելի ճկուն կլինեն: Նա նաև հանդես եկավ առաջարկությամբ անցկացնելու առցանց ֆորում «ՆերՈւժ» ծրագրին մասնակից բոլոր ստարտափերների հետ, պահպանել և ամրացնել կապերը, կիսվել փորձով, ստեղծել ցանց: Նա նաև հույս հայտնեց, որ հնարավորություն կլինի մի սեղանի շուրջ նստել կառավարության մյուս օղակների հետ ևս, որոնք կարող են նպաստել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի բարելավմանը, առկա թերությունների, խոչընդոտների վերացմանը: