«Ապրելով Հայրենիքում՝ զգում ես իրական արժեքդ». հայրենադարձ սիրիահայ

Սիրիահայ 18-ամյա Վարգիս Կերճիկյանը, որն ընտանիքի հետ 2014 թվականին է Հայաստան տեղափոխվել, սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միաժամանակ աշխատում է մարքեթինգային գրասենյակում: Հայրենիք վերադառնալու դրդապատճառներից է եղել նաև Սիրիայում պատերազմի ահագնացումը: Վարգիսի նախնիները Վանից գաղթել են Քեսաբ, Լաթաքիա, ինչպես նաև Արաբական աշխարհի տարբեր երկրներ՝ հիմնականում զբաղվելով առևտրով  և հողագործությամբ:

«Մինչև հայրենադարձվելը չէի եղել Հայաստանում: Բարդ է պատասխանել, արդյոք հեշտ հարմարվեցի այստեղի կյանքին, քանի որ հեռվից Հայաստանում ամեն ինչ անթերի է թվում: Բայց երբ գալիս ու աստիճանաբար ընտելանում ես այստեղի կյանքին, արդեն կամաց-կամաց հասկանում ես հետագա քայլերդ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վարգիսը:

Վարգիսը հիշում է, որ Հայաստան գալու օրը շատ ուրախ է եղել, օդանավակայանից դուրս գալիս նույնիսկ աչքերն արցունքոտվել են: Թեև լուսանկարներով հասցրել էր ամեն ինչ ուսումնասիրել, սակայն իրականում անբացատրելի զգացողություններով է պատվել՝ սեփական աչքերով տեսնելով այդ ամենը:

«Ապրելով Հայրենիքում՝ զգում ես իրական արժեքդ: Հայրենիքն ինձ գրկաբաց է ընդունել, ճիշտ է, դժվարությունների բախվել եմ, սակայն չեմ վհատվել, իմ մեջ ուժ գտնելով՝ առաջ եմ ընթացել: Հատկապես լեզվական՝ արևելահայերենի և արմտահայերենի տարբերություններն են դժվար եղել հաղթահարել: Հաճախ մարդկանց հետ հաղորդակցվելիս՝ միմյանց չենք հասկացել: Անխոչընդոտ չի անցել նաև աշխատանք գտնելու ընթացքը»,-նշեց Վարգիսը:

Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ Վարգիսը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ է լինելու, մեր երկիրն առաջընթաց է ունենալու, իսկ հայ ժողովուրդն ապրելու  է ավելի  բարեկեցիկ կյանքով:

Հրանուշ Կարապետյան, Մերի Բրսոյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներ

Scroll Up